ՀՀ ԱԻՆ-ը հերքում է. Իրանցի հրշեջները հրդեհի մարման աշխատանքներին չեն մասնակցել
Սյունիքի մարզի Մեղրի համայնքում գտնվող «Արևիք» ազգային պարկի տարածքում իրականացված հրդեհաշիջման աշխատանքներին իրանցի հրշեջներ չեն մասնակցել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Այս պահի դրությամբ հրդեհաշիջման հարցում հայկական կողմն աջակցության անհրաժեշտություն չունի, սակայն կասկած չկա, որ հարկ եղած դեպքում իրանցի բարեկամներն օգնության կհասնեն: Համացանցում և ԶԼՄ-ներում տարածվող տեսանյութն «Արևիք» ազգային պարկի տարածքից չէ:
Կադրերում սեպտեմբերի 21-ին Հարավային մաքսատան մոտակայքում բռնկված հրդեհն է: Տեսանյութում լսվում են իրանական կողմից բարձրախոսով հնչող շնորհակալական խոսքերը՝ ուղղված հայ հրշեջներին՝ արագ արձագանքման համար:
Հիշեցնենք, որ այս մասին գրել են իրանական լրատվամիջոցները։
Նշենք, որ սեպտեմբերի 15-ից մինչ այսօր չի հաջողվում մարել հրդեհը։ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, «Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներին մասնակցում են 70 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 20 աշխատակից։