ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կենսագրությունը
Ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կենսագրությունը:
Արեւելագետ, բանասեր, պատմաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945թ. հունվարի 9-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946-ին՝ մանուկ հասակում, ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան՝ հաստատվելով նախ Կիրովական, իսկ 1947-ից` Երեւան քաղաքում։
ՆԱԽՆԻՆԵՐԸ – Տեր-Պետրոսյան ընտանիքը սերում է Կիլիկիո կաթողիկոս Հովհաննես Հաճընցու (1705–1721 թթ.) կոնդակով 1720 թվականին Սսից Մուսա-լեռ ուղարկված Պետրոս քահանայից։ Վերջինիս հետնորդները, ժամանակի ընթացքում բազմանալով, ճյուղավորվել են Մուսա-լեռում հայտնի երեք մեծ գերդաստանի` բուն Տեր-Պետրոսյաններ, Աբաջյաններ եւ Բոյաջյաններ։ Հորից-որդի փոխանցվող քահանաների շարքը Տեր-Պետրոսյան գերդաստանում ընդհատվել է 1850-ական թվականներին։ Նրանցից մեկը Կիլիկիո տարածաշրջանում հռչակվել է Անթաքալը (Անտիոքացի) Տեր-Պետրոս մականվամբ։
Հորական պապը` Պետրոս Տեր-Պետրոսյան (1870–1937 թթ.), իր հաղթանդամ կազմվածքի պատճառով «Բարաքաթ (օրհնյալ)» անվանված, 1895 թվականին, հայտնի հեղափոխական Աղասի Թուրսարգիսյանի ազդեցությամբ, անդամագրվել է Հնչակյան կուսակցությանը, մասնակցել է Զեյթունի 1896թ. ապստամբության շրջանում Կիլիկիայի տարբեր վայրերում (Հաճըն, Մարաշ, Մուսա-լեռ եւ այլն) ծագած ազատագրական շարժումներին, ինչից հետո վեց ամիս արգելափակվել է թուրքական բանտերում։ 1915 թվականին մասնակցել է Մուսա-լեռան հերոսամարտին։
Մորական պապը՝ Պետրոս Ղարիբյան (մահ. 1951թ. Իջեւանի շրջանի Խաշթառակ գյուղում), Դաշնակցական կուսակցության համակիր, Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Արգենտինա արտագնա աշխատանքից վերադառնալով, նույնպես մասնակցել է այդ հերոսամարտին։
Հորեղբայրը՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, ուսուցիչ, 1912 թվականին սպանվել է օսմանյան բանակում։
ԸՆՏԱՆԻՔԸ – Հայրը՝ Հակոբ Տեր-Պետրոսյան (1908–1994 թթ.), Մուսա-լեռան հերոսամարտի ժամանակ, 7-ամյա հասակում, 11-ամյա եղբոր՝ Կարապետի հետ, ուտելիք եւ ջուր է կրել դիրքեր։ Պատանեկության տարիներին եղել է Հնչակյան կուսակցության անդամ, իսկ հետագայում դարձել Սիրիա-լիբանանյան կոմունիստական կուսակցության հիմնադիրներից եւ քաղբյուրոյի մշտական անդամներից մեկը։ Ծառայած լինելով ֆրանսիական բանակի՝ Սիրիայում տեղակայված ստորաբաժանումներում՝ կուսակցական շրջանակներում հայտնի է եղել ֆրանսերեն Սոլդա (զինվոր) մականվամբ։ Բազմիցս դատվել, բանտարկվել եւ աքսորվել է ֆրանսիական գաղութային իշխանությունների կողմից։ 1936 թվականին կամավորագրվել է Իսպանիայում մարտնչող ինտերնացիոնալ բանակին, բայց Բեյրութում ձերբակալվել է ֆրանսիական ժանդարմերիայի կողմից եւ աքսորվել իր ծննդավայր՝ Իսկենդերունի սանջակ։ Նույն թվականին, իր կուսակցական ընկերոջ` Ջորջ Կարապետյանի հետ, Իսկենդերունի բանտից փախցրել եւ Պաղեստին է անցկացրել Մերձավոր Արեւելքում Կոմինտերնի հայտնի ներկայացուցիչ Նախման Լիտվինսկուն եւ նրա կնոջը։ 1939-ին գլխավորել է Ալեքսանդրեթի գավառը Թուրքիային հանձնելու ծրագրի դեմ ուղղված հայկական շարժումը։ 1940–1941 թթ., Սիրիա-լիբանանում հաստատված Վիշիստական ռեժիմի օրոք, ղեկավարել է Հալեպ քաղաքի ընդհատակյա դիմադրական շարժումը։ Հայաստան փոխադրվելուց հետո երկար տարիներ աշխատել է Երեւանի Մյասնիկյանի անվան կահույքի գործարանում` սկզբում որպես վարպետ-կահույքագործ, այնուհետեւ՝ Արհկոմի նախագահ եւ Կուսկոմիտեի քարտուղար։ 1965 թվականից անցել է հանգստյան՝ ստանալով հանրապետական կարգի անհատական թոշակ։
Մայրը` Ազատուհի Տեր-Պետրոսյան, օրիորդական ազգանունը՝ Ղարիբյան (1915–2003 թթ.), տնային տնտեսուհի, ծնվել է Մուսա-լեռան հերոսամարտի օրերին, թուրքական բանակի գնդակոծությունների տակ, լեռան քարանձավներից մեկում։
Եղբայրը` Թելման Տեր-Պետրոսյան (1937–1997 թթ.), Անդրկովկասի ամենամեծ արդյունաբերական ձեռնարկություններից մեկի` «Հրազդանմեքենա» արտադրական միավորման գլխավոր տնօրեն (1985–1997 թթ.), ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (1995–1997 թթ.)։
Եղբայրը` Պետրոս Տեր-Պետրոսյան (1941–2014 թթ.), տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երեւանի ճարտարապետա-շինարարական համալսարանի ամբիոնի վարիչ։
Եղբայրը` Կամո Տեր-Պետրոսյան (ծնվ. 1946թ.), բժիշկ, սրտաբան, «Կարագյոզյան բարեգործական հիմնադրամի» ծրագրով Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ստեղծված մանկական առողջապահական ցանցի կազմակերպիչ։
Քույրը` Իսկուհի Տեր-Պետրոսյան–Սեմիրջյան (1950–2015 թթ.), թուրքագետ, մանկավարժ, տարրական դասարանների երկարամյա ուսուցիչ։
Կինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյան, օրիորդական ազգանունը Պլեսկովսկայա (ծնվ. 1947թ.), գերմանագետ, հեռուստալրագրող, Լենինգրադի Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ։ Կնոջ հայրը՝ Ֆրաիմ Աբրամովիչ Պլեսկովսկի (1913–1978), Սովետական բանակի կադրային սպա, Ֆիննական եւ Հայրենական մեծ պատերազմների մասնակից։ Կնոջ մայրը՝ Բրախա Լեյբովնա Կուրտաչ (1912–1994), բժիշկ, վերապրել է Լենինգրադի բլոկադան։ Կնոջ եղբայրը՝ Ալեքսանդր (ծնվ. 1941թ.), մահացել է բլոկադայի ժամանակ։
Որդին` Դավիթ Տեր-Պետրոսյան (ծնվ. 1975թ.), տնտեսագետ, գործարար։
Թոռները` Լեւոն (ծնվ. 1997թ.), Հակոբ (ծնվ. 2003թ.), Լուսիա (ծնվ. 2004թ.) և Արեգ (ծնվ. 2018թ.) Տեր-Պետրոսյաններ։
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՒ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՐՋԱՆ
1953–1960 թթ. Լեւոն Տեր-Պետրոսյանն աշակերտել է Երեւանի No 43 յոթնամյա դպրոցում։
1960–1963 թթ. սովորել է Երեւանի No 17 միջնակարգ դպրոցում։
1963–1968 թթ.` Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արեւելագիտության բաժնի ուսանող։
1969–1972 թթ.` ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի ասպիրանտ` աշխարհահռչակ արեւելագետ-պատմաբաններ Ն. Վ. Պիգուլեւսկայայի եւ Ա. Գ. Լունդինի ղեկավարությամբ։ Ասպիրանտական շրջանում նրա դասընկերներն են եղել Ի. Մ. Ստեբլին-Կամենսկին (1995–2005 թթ.՝ Սանկտ-Պետերբուրգի համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, ներկայումս՝ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս), Մ. Բ. Պիոտրովսկին (ներկայումս՝ Սանկտ-Պետերբուրգի «Էրմիտաժի» տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ) եւ Ե. Ն. Մեշչերսկայան (ներկայումս՝ Սանկտ-Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր)։
1972 թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է «Մարութա Նփրկերտցու ժողովածուն որպես պատմա-մատենագրական հուշարձան» թեկնածուական թեզը. Գիտխորհրդի նախագահ` լեզվաբան-իրանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (հետագայում ակադեմիկոս) Մ. Ն. Բոգոլյուբով. ընդդիմախոսներ` ասուրագետ-հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, հետագայում Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գ. Խ. Սարգսյան եւ եբրայագետ-արամեագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Գ. Մ. Գլուսկինա։
1972–1978 թթ. աշխատել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող։
1978–1985 թթ. վարել է Մաշտոցի անվան մատենադարանի գիտնական-քարտուղարի պաշտոնը, միաժամանակ լինելով «Բանբեր Մատենադարանի» հանդեսի խմբագրական մարմնի անդամ եւ պատասխանատու քարտուղար։ 1985-ից` նույն հաստատության ավագ գիտաշխատող է (2001–ից` հասարակական կարգով)։
1982–1988 թթ. համատեղության կարգով «Հայ եկեղեցական մատենագրություն» առարկան է դասավանդել Մայր Աթոռ ս. Էջմիածնի հոգեւոր ճեմարանում։ Նրա աշակերտների թվում են Հայոց եկեղեցու բազմաթիվ բարձրաստիճան հոգեւորականներ՝ Պարգեւ, Եզրաս, Միքայել, Աբրահամ, Նաթան, Վազգեն, Սեպուհ, Ասողիկ, Նավասարդ սրբազանները եւ այլք։
1987թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է «Հայ-ասորական գրական կապերը IV–V դարերում» դոկտորական թեզը. Գիտխորհրդի նախագահ` ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (հետագայում ակադեմիկոս) Մ. Ն. Բոգոլյուբով. ընդդիմախոսներ` իրանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ն. Բոլդիրեւ, եբրայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Կ. Բ. Ստարկովա, բյուզանդագետ-հայագետ, պատմական գիտությունների դոկտոր Կ. Ն. Յուզբաշյան։
Լ. Տեր-Պետրոսյանը անդամ է ԽՍՀՄ Արեւելագետների ընկերակցության (1985թ.), Հայաստանի գրողների միության (1988թ.), ֆրանսիական Ասիական ընկերության (1989թ.), Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի (1991թ.), պատվավոր դոկտոր (doctor honoris causa) Լա Վեռնի (1990թ.), Ստրասբուրգի (1992թ.)Սոֆիայի (1994թ.) եւ Սորբոնի (1996թ.) համալսարանների։
Տիրապետում է հայերենին եւ ռուսերենին, ինչպես նաեւ գիտահետազոտական աշխատանքի համար միանգամայն բավարար մակարդակով օգտվում է ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, արաբերեն, ասորերեն, արամեերեն, հին հունարեն, լատիներեն եւ հին եբրայերեն լեզուներից։
Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, շուրջ 80 գիտական հոդվածների եւ բազմալեզու մամուլում սփռված քաղաքական բնույթի հազարավոր հրապարակումների (ճառեր, ելույթներ, հոդվածներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ եւ այլն)։
Գիտության բնագավառում իր ուսուցիչներն է համարում Ն. Վ. Պիգուլեւսկայային, Ի. Մ. Դյակոնովին, Ա. Գ. Լունդինին, Ա. Վ. Պայկովային, Լեւոն Խաչիկյանին, Գագիկ Սարգսյանին, Էդվարդ Աթայանին, Հակոբ Անասյանին, Ռաֆայել Իշխանյանին, Կարեն Յուզբաշյանին եւ Պողոս Խաչատրյանին։
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Քաղաքական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ։
1965–1968 թթ. յուրաքանչյուր ապրիլի 24-ի նախորդ գիշեր, համակուրսեցիներ Երջանիկ Աբգարյանի, Անդրանիկ Ալաջաջյանի եւ Գեղամ Քյուրումյանի հետ, հայդատական բնույթի թռուցիկներ է փակցրել Երեւանի կենտրոնի շենքերի պատերին։ Նույն տարիներին Տեր-Պետրոսյանն իր դպրոցական դասընկերոջ՝ Վրեժ Համբարձումյանի (1945-1975թթ.) միջոցով, կապեր է հաստատել Մոսկվայի հայ ուսանողների հայրենասիրական մի խմբակի հետ: Համբարձումյանն, իր այլախոհական գործունեության պատճառով, մեկ-երկու տարի անց հեռացվել է նախ Մոսկվայի, ապա՝ Երևանի պետական համալսարանից: Հետագայում, ի հիշատակ Վրեժ Համբարձումյանի, Երևանի No. 17 դպրոցը կոչվել է նրա անվամբ:
1966թ. ապրիլի 24-ին Կոմիտասի պանթեոնում կայացած ցույցին մասնակցության համար, իր ընկերներ Լեւոն Անանիկյանի, Ռուբեն Սաքապետոյանի, Տիգրան Գամաղելյանի, Գեղամ Քյուրումյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Սամվել Մուրադյանի, Մարգարիտ Թախթաջյանի եւ Արմինե Փափազյանի հետ, ձերբակալվել եւ դատապարտվել է 10-օրյա կալանքի, 6 օր անցկացնելով Երեւանի բանտում, որտեղ 30-ից ավելի նրա խցակիցների թվում են եղել հետագայում հայտնի այլախոհներ դարձած Հայկազ Խաչատրյանը, Շահեն Հարությունյանը եւ Ստեփան Զատիկյանը։
1967թ. ապրիլի 24-ին, Երեւանի պետական համալսարանի «Հայ մշակույթի ակումբի» անդամների կազմում, առաջին չարտոնված պսակն է դրել Եղեռնի հուշարձանին։
1978–1987 թթ. անդամակցել է ազգային խնդիրներով մտահոգված մտավորականների մի ոչ ֆորմալ ընկերական ակումբի, որի մյուս անդամներն էին` ֆիզիկոսներ Արա Կոզմանյանը, Հայկ Մինասյանը, Արա Կեչյանցը, Սիմոն Շահազիզյանը, կենսաբան Կարեն Շահինյանը, բանաստեղծ-արվեստաբան Ռուբեն Անղալադյանը, արեւելագետներ Նիկոլայ Գեւորգյանը, Երջանիկ Աբգարյանը եւ Ժոզեֆ Ավետիսյանը։ Ակումբի քննարկումների առարկան են եղել հայոց լեզվի պահպանման, դպրոցական կրթության, Ցեղասպանության միջազգային ճանաչման, Լեռնային Ղարաբաղի ճակատագրի եւ Հայաստանի ապագայի խնդիրները։ Հատկանշական է, որ այդ ժամանակ Հայաստանում, իրարից անկախ, գործում էին համախոհ մտավորականների տասնյակ այդպիսի ոչ ֆորմալ ակումբներ։
1987թ. աշնանը կազմակերպել է Հայաստանի եւ Ղարաբաղի վերամիավորման հարցով ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին հասցեագրված պահանջագրի ստորագրահավաքը Մատենադարանի աշխատակիցների շրջանում։
1988թ. փետրվարի 22-ին, Ազատության հրապարակի հարթակից, ընթերցել է Ղարաբաղի հարցի արդարացի լուծման վերաբերյալ Մատենադարանի` ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին ուղղված պահանջագիր-նամակը։
1988թ. փետրվարի վերջին ընտրվել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ եւ այդ հանգամանքով մասնակցել է հանրապետական «Ղարաբաղ» կոմիտեի` մարտի 5-ին՝ Գրողների միության դահլիճում, եւ մարտի 19-ին՝ Կինոյի տանը կայացած համագումարներին։
1988թ. մարտին, մի խումբ ընկերներով, ստորագրահավաք է կազմակերպել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորների շրջանում` արտահերթ նիստ գումարելու եւ Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի փետրվարի 20-ի որոշմանը դրական պատասխան տալու պահանջով։ Ստորագրահավաքին, որի արդյունքում հավաքվեց 110 պատգամավորի ստորագրություն, ակտիվորեն մասնակցել են` Սիմոն Շահազիզյանը, Էդվարդ Բաղդասարյանը, Հրաչ Թամրազյանը, Գալուստ Գամազյանը, Գրիգոր Պողպատյանը, Արա Կոզմանյանը, Կարեն Շահինյանը, Մանուշակ Պետրոսյանը, Երջանիկ Աբգարյանը, Ռուբեն Անղալադյանը, Ժոզեֆ Ավետիսյանը, Աշոտ Սարգսյանը, Նիկոլայ Գեւորգյանը, Արշակ Բանուչյանը, Արշակ Ղազարյանը, Խաչիկ Ստամբոլցյանը, Սեյրան Մաթեւոսյանը, Արտաշես Առաքելյանը, Աղասար Հովհաննիսյանը, Սամվել Լաճիկյանը, Արտուշ Պապոյանը, Աշոտ Ղարիբյանը, Հայկ Մինասյանը, Ալեքսանդր Թամանյանը և այլք։
1988թ. մարտ-մայիս ամիսներին սերտորեն համագործակցել է Հայաստանի մտավորականության ավագանու` Վիկտոր Համբարձումյանի, Սիլվա Կապուտիկյանի, Սոս Սարգսյանի, Սարգիս Մուրադյանի, Զորի Բալայանի, Սերո Խանզադյանի, Հրաչիկ Սիմոնյանի, Մարո Մարգարյանի, Սեդա Վերմիշեւայի հետ` նրանց օգնելով Ղարաբաղյան խնդրին եւ սումգայիթյան ջարդերին վերաբերող փաստաթղթերի պատրաստման եւ տարածման գործում։
1988թ. մայիսին ընդգրկվել է Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում, որի մյուս անդամներն էին` Վազգեն Մանուկյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռաֆայել Ղազարյանը, Վանո Սիրադեղյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Ալեքսան Հակոբյանը, Դավիթ Վարդանյանը, Սամվել Գեւորգյանը եւ Սամսոն Ղազարյանը։ Ելույթներով եւ ծրագրային քաղաքական վերլուծություններով հանդես է եկել տարվա ընթացքում կոմիտեի կազմակերպած բոլոր զանգվածային հանրահավաքներում, հեղինակն է կոմիտեի եւ Հայոց համազգային շարժման անունով տարածված 100-ից ավելի թռուցիկների, պատգամավորական պատվիրանների եւ հասարակական պահանջագրերի։
1988թ. սեպտեմբերին «Ղարաբաղ կոմիտեն», նկատի ունենալով ձերբակալվելու հավանականությունը, պայքարն ընդհատակում շարունակելու համար, ստեղծեց մի զուգահեռ գաղտնի կոմիտե հետևյալ կազմով` Երջանիկ Աբգարյան, Դավիթ Շահնազարյան, Ավետիք Իշխանյան, Արշակ Սադոյան, Ալբերտ Բաղդասարյան, որոնց հաջորդ տարվա մարտին միացան նաև Վիտյա Այվազյանը, Սմբատ Հակոբյանը և Ստեփան Ղարագեբակյանը (Մարգարյան):
1988թ. դեկտեմբերի 10-ին չորս ընկերների` Վազգեն Մանուկյանի, Բաբկեն Արարքցյանի, Սամվել Գեւորգյանի եւ Ալեքսան Հակոբյանի հետ ձերբակալվել է տխրահռչակ գեներալ Մակաշովի կողմից, Հայաստանում գտնվող Միխայիլ Գորբաչովի հրամանով։ Դրան նախորդել էր Ղարաբաղի «Կռունկ» կազմակերպության անդամ Արկադի Մանուչարովի ձերբակալությունը։ 1988թ. դեկտեմբերի 10-ից մինչեւ 1989-ի հունվարի 9-ը ընկած ժամանակամիջոցում ձերբակալվել են Ղարաբաղ կոմիտեի մյուս անդամներ Վանո Սիրադեղյանը, Սամսոն Ղազարյանը, Ռաֆայել Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Դավիթ Վարդանյանը, ինչպես նաեւ Ղարաբաղյան շարժման հիմնադիր Իգոր Մուրադյանը եւ «Գթություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը։ 1989թ. հունվարի 9-10-ին բոլոր ձերբակալվածները տեղափոխվել են Մոսկվա եւ նախնական կալանքի տակ պահվել «Մատրոսսկայա տիշինա» եւ «Բուտիրյան» բանտերում։ Երեւանում հայտարարված Արտակարգ դրության ընթացքում պարետային ժամի խախտման մեղադրանքով մեկամսյա կալանքի են ենթարկվել նաեւ Ղարաբաղյան շարժման շուրջ 600 ակտիվիստներ, այդ թվում հայտնի դեմքերից` Երջանիկ Աբգարյանը, Վազգեն Սարգսյանը, Դավիթ Շահնազարյանը, Արշակ Սադոյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Շահեն Պետրոսյանը, Ավետիք Իշխանյանը, Վիտյա Այվազյանը եւ Սմբատ Հակոբյանը։
1989թ. մայիսի 30-ին, վեցամսյա բանտարկությունից հետո, միջազգային հանրության, ԽՍՀՄ ժողովրդավարական ուժերի եւ Հայաստանի բնակչության բողոքի հզոր ալիքի ճնշման տակ, բոլոր քաղբանտարկյալներն ազատ են արձակվել։
1989թ. հուլիսին Լ. Տեր-Պետրոսյանը, ֆրանսիական կառավարության օժանդակությամբ, լուրջ վիրահատության է ենթարկվել եւ չորս ամիս ապաքինվել Փարիզում։
1989թ. օգոստոսին, իր բացակայությամբ, ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
1989թ. դեկտեմբերին, հաջորդելով Վազգեն Մանուկյանին, ընտրվել է Հայոց համազգային շարժման նախագահ՝ այդ պաշտոնը վարելով մինչեւ 1990թ. օգոստոսի կեսը։
1990թ. հունվարին դարձել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ։
1990թ. մայիսին կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր։
1990թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Գերագույն խորհրդի նախագահ` քվեարկությունների չորս փուլից հետո, քվեների 140–76 հարաբերակցությամբ հաղթելով կոմկուսի թեկնածու Վլադիմիր Մովսիսյանին։
1991թ. հոկտեմբերի 16-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ (83,4%) ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։
1991–1995 թթ., Բաբկեն Արարքցյանի հետ, գլխավորել է Գերագույն խորհրդի Սահմանադրական հանձնաժողովը, որի մշակած Սահմանադրության նախագիծը, Գերագույն խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, 1995թ. հուլիսի 5-ին ընդունվել է համաժողովրդական հանրաքվեի միջոցով։
1996թ. սեպտեմբերի 22-ի նախագահական վիճահարույց, բայց միջազգային դիտորդական առաքելությունների կողմից օրինական ճանաչված ընտրությունների արդյունքում, քվեների 51.75%-ով վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։
1996թ. դեկտեմբերի 3-ին, Լիսաբոնում գումարված ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում, վետո է դրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կանխորոշող բանաձեւի վրա։
1998թ. փետրվարի 3-ին, ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եւ Անվտանգության ու ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանի հետ ունեցած սկզբունքային տարաձայնությունների պատճառով եւ երկիրը ներքաղաքական ցնցումներից զերծ պահելու նկատառումով, հրաժարվել է ՀՀ նախագահի պաշտոնից։ Նրա հետ մեկտեղ, նույն պատճառներով, իրենց պաշտոններից կամավոր կերպով հրաժարվեցին նաեւ հանրապետության բազմաթիվ այլ ղեկավարներ եւ պատասխանատու աշխատողներ. Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը, փոխնախագահներ Արա Սահակյանը եւ Կարապետ Ռուբինյանը, խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահներ Սամվել Գեւորգյանը, Վիգեն Խաչատրյանը եւ Տեր-Հուսիկ Լազարյանը, Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը, Տարածքային կառավարման նախարար Գալուստ Գամազյանը, Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը, Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը, Արմավիրի մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը, «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Մանուշակ Պետրոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Փափազյանը, Հանրապետության նախագահի խորհրդականներ Վահագն Խաչատրյանը, Նիկոլ Շահգալդյանը, Կարեն Շահինյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Ավետիս Ավագյանը, մամլո քարտուղար Լեւոն Զուրաբյանը, կադրերի բաժնի վարիչ Ժոզեֆ Ավետիսյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Աշոտ Անտինյանը, «Ռեսպուբլիկա Արմենիա» պաշտոնաթերթի խմբագիր Արմեն Խանբաբյանը, Երեւանի քաղաքապետարանի բարձրաստիճան աշխատակիցներ Սամսոն Ղազարյանը եւ Վարդան Հարությունյանը։
1998–2007 թվականներին զբաղվել է գիտական աշխատանքով եւ հրատարակել մի քանի ծավալուն գրքեր, այդ թվում՝ «Խաչակիրները եւ հայերը» երկհատորյակը։
2007թ. աշնանը մի շարք քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու։
2008թ. փետրվարի 19-ին կայացած ընտրություններում պաշտոնական տվյալներով ստացել է 21.51%, իսկ նրա հիմնական մրցակից Սերժ Սարգսյանը` 52.82% ձայն։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տվյալներով, սակայն, Տեր-Պետրոսյանն իրականում ստացել է 30–35% ձայն, ինչը նշանակում է, որ պետք է նշանակվեր ընտրությունների երկրորդ փուլ, որում, նույն աղբյուրի համաձայն, Տեր-Պետրոսյանը հաստատաբար հաղթանակ կտաներ (Wikileaks 08YEREVAN204. 10.03.2008)։
2008թ. մարտի 1-ի լուսաբացին, համաժողովրդական բողոքի տասնօրյա խաղաղ, շարունակական հանրահավաքներն ու նստացույցը իշխանությունների կողմից բռնի ուժով ցրելուց հետո, Տեր-Պետրոսյանը ապօրինի կերպով ենթարկվել է մոտ մեկամսյա փաստացի տնային կալանքի, ինչն արձանագրված է միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձեւերում։
2008թ. մարտի 1-ի երեկոյան ոստիկանությունը, վերին իշխանությունների հրահանգով, հրազեն է կիրառել Մյասնիկյանի հրապարակի հարակից տարածքում առաջացած տարերային ցույցի մասնակիցների դեմ, ինչի հետեւանքով զոհվել է տասը եւ վիրավորվել մի քանի տասնյակ մարդ։ Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ապօրինաբար Արտակարգ դրություն է հայտարարվել Երեւան քաղաքում, եւ կալանավորվել են Տեր-Պետրոսյանի հարյուրավոր աջակիցներ, որոնցից 90-ը դատապարտվել են տարբեր ժամկետների բանտարկության։
2008թ. մայիս-հունիսին, հակառակ այդ սանձարձակ քաղաքական հաշվեհարդարին, նրա գլխավորած շարժումը, նախկին շարքերի եւ ասպարեզ իջած նոր ուժերի շնորհիվ, լիովին վերականգնվել է եւ աստիճանաբար լայն թափ հավաքել։
2008թ. օգոստոսի 1-ին նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է 18 քաղաքական կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ ընդգրկող «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքը, որի հռչակագիրը հրապարակավ ստորագրվել է նույն օրը Մատենադարանի հրապարակում կայացած բազմամարդ հանրահավաքում։
2008–2011 թթ. «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի կազմակերպած բողոքի զանգվածային ցույցերի, պիկետների, հանրահավաքների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ճնշման արդյունքում բոլոր քաղաքական բանտարկյալներն ազատ են արձակվել։
2012թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններում, գլխավորելով «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ցուցակը, Տեր-Պետրոսյանն ընտրվել է պատգամավոր, բայց հրաժարվել է իր մանդատից։
2013թ. ապրիլի 13-ին ընտրվել է «Հայոց համազգային շարժման» իրավահաջորդը հանդիսացող «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախագահ։
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ – Ավարտելով Երեւանի պետական համալսարանի ռազմագիտական ամբիոնի քառամյա դասընթացները՝ ստացել է ռազմական թարգմանչի մասնագիտացում։ Հետագայում՝ Լենինգրադում, Երեւանում, Կիրովականում եւ Կրասնոդարում մասնակցելով պահեստազորի չորս հավաքների, արժանացել է դեսանտային զորքերի ավագ-լեյտենանտի կոչման։
ԱՅԼ ԶԲԱՂՄՈՒՆՔՆԵՐ – Պատանեկության տարիներին խաղացել է Հայաստանի ժողովրդական դերասաններ Պերճ Գեւորգյանի, Արշավիր Ղազարյանի եւ վաստակավոր դերասան Պարզանուշ Պարոնյանի ղեկավարած սիրողական թատրոններում։ Ուսանողական շրջանում զբաղվել է սուսերամարտով եւ շախմատով։ Երկու սպորտաձեւից էլ լրացրել է առաջին կարգայինի նորման։ Ընդգրկվել է Երեւանի պետական համալսարանի սուսերամարտի հավաքականի կազմում։ Վերջին 15 տարիներին նրա սիրելի զբաղմունքն այգեգործությունն է:
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՒՆԵՐ – Ոչ մի պետական պարգեւի չի արժանացել, որեւէ շքանշան կամ մեդալ չի ստացել։
ԻՐ ՄԱՍԻՆ. — Սարգսյան Աշոտ, «Երեկոյան Երեւան» օրաթերթ, 24.08.1989։ — Sophie Shihab, «Le Monde», 5.08.1990. — Bernard Cohen, «Le Monde», 6.08.1990. — Валерий Айдинян, Виген Саркисян, еженедельник «Союз», Москва, № 37, сентябрь 1990. — Гагик Мартиросян, «Огонек», № 49, декабрь 1990. — Francis X. Clines, «The New York Times», 13.01.1991. — Francis X. Clines, «The New York Times», 15.04.1991. — Meg Bortin, «International Herald Tribune». 25–26.05.1991. — John Thor-Dahlburg, «Los Angeles Times». 3.09.1991. — Виген Саркисян, еженедельник «Союз», Москва, № 44, октябрь 1991. — Daniel Sneider, «The Christian Science Monitor». 24.10.1991. — Лиана Минасян, «Собрание Независимой газеты», № 1 (13), 1992. — Кто есть кто в России и в Ближнем Зарубежье: Справочник, Москва, 1993, с. 639–640. — Виталий Портников, «Независимая газета». 28.01.1994. — Annika Savill, «The Independent», 11.02.1994. — A Tribute to Honor Levon Ter-Petrossian, Washington, 1995, 35 p. — Դավթյան Վարդգես, Առասպելի եւ իրականի սահմանագծին. Լեւոն Տեր-Պետրոսյան՝ քաղաքացին եւ քաղաքագետը, Երեւան, «Նաիրի», 1996, 166 էջ։ — Բաղդասարյան Արթուր, Լեւոն Տեր-Պետրոսյան՝ դիմանկարի փորձ, Երեւան, 1996, 232 էջ։ — «Պայքար» ամսագիր. Տեր-Պետրոսյանին նվիրված բացառիկ համար, Երեւան, 1996, № 7–8, 80 էջ։ — Виктор Топоров «Независимая газета», 28.02.1998. — Клавдия Столбова, «Евразия сегодня», Москва, № 9, октябрь 2002. — «Հայկական համառոտ հանրագիտարան», հտ. 4, Երեւան, 2003, էջ 734–735։ — Васильков Я.В., Сорокина М.Ю., Люди и судьбы: Биобиблиографический словарь востоковедов – жертв политического террора в советский период (1917–1991), Санкт-Петербург, 2003. — «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988–1994)» հանրագիտարան, Երեւան, 2004, էջ 630–631։ — Սարգսյան Աշոտ, «Լեւոն Տեր-Պետրոսյան, Ընտրանի» գրքում, Երեւան, 2006, էջ 665–709։ — Сергей Маркедонов, Politicon.ru, 5.12.2007. — Սարգսյան Աշոտ, «Լեւոն Տեր-Պետրոսյան, Վերադարձ» գրքում, Երեւան, 2009, էջ 5–15։ — Սարգսյան Աշոտ, «Լեւոն Տեր-Պետրոսյան, Հայ-թուրքական հարաբերություններ» գրքում, Երեւան, 2009, էջ 5–11։ — Давид Петросян, «Ноев Ковчег», Москва, № 2–3, февраль 2015. — Սարգսյան Աշոտ, Ավագյան Ավետիս, Լեւոն Տեր-Պետրոսյանի 70-ամյա հոբելյանը, «Պատմա-բանասիրական հանդես», 2015, № 1, էջ 246–283։ — Левон Тер-Петросян в Российской прессе, составитель Давид Петросян, 2015 (в печати). — Լեւոն Տեր-Պետրոսյան՝ գիտնականը եւ նախագահը. Արխիվային փաստաթղթերի ժողովածու, 2015 (տպագրության ընթացքի մեջ) եւ այլն։