ՀՀ ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն կրակել է հայկական դիրքերում աշխատանքներ անող տեխնիկայի ուղղությամբ (տեսանյութ)

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ, ինչի հետևանքով այն վնասվել է, հաղորդում է ՊՆ խոսնակը:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում է.
Ադրբեջանը, փորձելով ինչ-որ բացատրություն գտնել ողջ աշխարհով տարածված սարսափելի տեսանյութին, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են զինաթափված հայ զինծառայողներին, երկրի գլխավոր դատախազության միջոցով այսօր մի անհեթեթություն է տարածել, ըստ որի՝ իբր «ադրբեջանական կողմին է փոխանցվել 6 ադրբեջանցի զինծառայողի մարմին, որոնց տանջամահ են արել այն հայ զինծառայողները, որոնք պատկերված են հիշյալ տեսանյութում»։
Գրեթե ողջ քաղաքակիրթ աշխարհից հնչած դատապարտումներն ու հետաքննություն անցկացնելու կոչերն ընդունելու փոխարեն՝ պաշտոնական Բաքուն փորձում է արդարացումներ գտնել իր զինծառայողների կողմից իրականացված հրեշավոր վայրագություններին։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել, իսկ Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը կոչված է կոծկել Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները։