«  Սեպտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Հովհաննես Քաջազնունի. «Հ.Յ. դաշնակցությունն անելիք չունի այլևս»

Հովհաննես Քաջազնունի. «Հ.Յ. դաշնակցությունն անելիք չունի այլևս»

Մի քանի մեջբերում  դաշնակցական գործիչ, Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Հ.Յ. դաշնակցությունն անելիք չունի այլևս» գրքից.

«Օգոստոսի 1-ին Երևանում բացվեց Հայաստանի խորհրդարանը և կազմվեց անդրանիկ կառավարությունը: Խորհրդարանը նույն Ազգային խորհուրդն էր՝ անդամների եռապատկված թվով. ավելացել էին սրանց վրա վեց թուրք, մի ռուս ու մի եզդի պատգամավոր: Գերիշխող տեղը պատկանում էր Հ. Յ. Դաշնակցությանը: Բայց որովհետև մեր խմբակցությունը 47 ձայնից ուներ 18 միայն ու չկարողացավ կապվել մի ուրիշ խմբակցության հետ, խորհրդարանը չունեցավ կայուն կենտրոն ու որոշակի գծված քաղաքական դեմք:

Կայունություն չկար նաև կառավարությունում: Առաջին տասը ամսվա ընթացքում չորս անգամ փոխվեց դահլիճի կազմը (մնալով հանդերձ նույն վարչապետի նախագահության տակ):

Առաջին դահլիճները կոալիցիոն էին (դաշնակցականներ ու ժողովրդականներ, զինվորական նախարարը՝ չեզոք): Բայց կոալիցիան հաստատուն հիմք չուներ տակը, որովհետև չուներ ապահովված մեծամասնություն խորհրդարանում (ժողովրդականները հաճախ բաժանվում էին դաշնակցականներից) ու, որ ամենից էականն էր, չկար ծրագրային որոշակի համաձայնություն կոալիցիայի կուսակցություններրի միջև: Մեծապես խանգարում էր նաև այն դիրքը, որ բռնել էր մեր կուսակցությունը կառավարության հանդեպ:

…Գործնականում, մեր կուսակցությունը ձգտում էր իրեն ենթարկել, իր հսկողության տակ առնել թե՛ օրենսդիր մարմինը, թե՛ կառավարությունը: Մենք քաջություն չունեինք (ոչ էլ՝ կարողություն) բացեիբաց կուսակցական դիկտատուրա հայտարարելու: Բայց և չէինք ուզում մնալ խորհրդարանական կարգերի սահմանում ու փորձ էինք անում Հայաստանում իրականացնել Իթթիհատականների գործելակերպը՝ կուսակցական դիկտատուրա ռամկավարական ձևերի տակ քողարկված:

Իշխանության անհանդուրժելի երկվություն էր առաջ եկել. Հրապարակում խորհրդարանն ու իր կառավարությունը, ստվերում՝ կուսակցությունն ու իր օրգանները:

Հասկանալի է, որ այս երկու կարգի իշխանությունները՝ պաշտոնականն ու անպաշտոնը, կարող էին միայն խանգարել ու կաշկանդել մեկը մյուսին: Ձևական պահանջները թույլ չէին տալիս, որ կուսակցությունը ազատ և արագորեն շարժվի, իր կամքը լրիվ արտահայտի, իսկ կուսակցության միջամտությունը թույլ չէր տալիս, որ կառավարությունն իր գիտեցածն անի, իր գործը տանի:

Հասկանալի է նաև, որ այս դրությունը շատ էր դժվարացնում մի լուրջ ու անկեղծ կոալիցիա կազմելու գործը: Եվ իրոք, կոալիցիայի մեջ մտնող օտար տարրերը հարկադրվում էին վարել մի քաղաքականություն, որ իրենցը չէր, մշակվում էր ու նախագծվում կառավարությունից դուրս, կուսակցական մարմիններում, ուր իրենք չէին կարող ունենալ մուտք ու մասնակցություն»:

«1920թ. մայիսի առաջին օրերին տեղի ունեցան բոլշևիկյան ցույցեր ու ապստամբության փորձեր: … Երկրի համար բոլշևիզմը միանգամայն խորթ բան էր, իսկ դրսի միջամտություն չկար այդ ժամանակ: Բայց և այնպես, շատ բնորոշ է այն հանգամանքը, որ մի քանի տասնյակ բոլշևիկ երիտասարդներ կարողացան կազմակերպել աղմկալի ցույցեր (նույնիսկ Երևանում՝ կառավարության քթի տակ), քարոզչություն անել զորքի մեջ, Ալեքսանդրապոլում գրավել երկաթուղու կայարանը, տիրանալ զրահակիր գնացքին… Սա ցույց է տալիս, թե որքան թույլ, որքան անտեղյակ ու որքան անփույթ է եղել կառավարությունը»:

«Այսօր մենք հասկանում ենք, թե որքան շահած կլինեինք, եթե 1920թ. աշնանը՝ Սևրի դաշնագրի գնով, անմիջական համաձայնության եկած լինեինք թուրքերի հետ: Բայց այն ժամանակ չէինք հասկանում: Սոսկ ենթադրություններն էին սրանք ու կարելիություններ, որ հիշատակում եմ միայն՝ այն ժամանակվա մտայնությունը բնորոշելու համար: Իսկ փաստը՝ պատերազմն էր: Փաստն այն էր, աններելի փաստ, ոչինչ չարեցինք պատերազմից խուսափելու համար, հակառակը՝ ինքներս պատերազմի անմիջական առիթ տվ[եց]ինք: Աններելին այն էր, որ տեղյակ չէինք թուրքերի ռազմական կարողության մասին և չէինք ճանաչում մեր սեփական բանակը:

Պատերազմը վերջացավ մեր կատարյալ պարտությամբ: Մեր բանակը, որ կուշտ էր, լավ զինված ու լավ հագնված, չկռվեց: Զորքերը շարունակ նահանջում էին կամ դիրքերը լքում, զենքերը թափում և ցրվում գյուղերը: Բանակը բարոյալքված էր ներքին կռիվների շրջանում, անմիտ ավերումների ու անպատիժ  թալանների շնորհիվ: Բարոյալքված էր ու հոգնած: Խմբային ու խմբապետական համակարգը, որ մասնավորապես խրախուսվել էր Բյուրո-կառավարության կողմից, քանդել էր զինվորական կազմի ամբողջությունը, միությունը: Բանակի դաստիարակությունը, ռազմական ոգին, կուռ կազմակերպությունն ու կարգապահությունը, ուրեմն և ընդդիմադրական ուժը, թուլացած էին ծայր աստիճանի, ու դա անակնկալ էր կառավարության համար: Կառավարությունը և ինքը՝ զինվորական նախարարը, չէին ճանաչում բանակը: Ապա մի ճակատագրական սխալ արեց կառավարությունը. զորքերի թիվը ավելացնելու նպատակով նոր ու նոր զինակոչներ էր անում, զենքի տակ առնում հասակավոր, հոգնած, ընտանեկան ու տնտեսական հոգսերով ծանրաբեռնված մարդկանց, հապճեպ ձգում ուսերին զինվորական վերարկուն, հրացանը ձեռն առնում ու անմիջապես ճակատ ուղարկում: Պատրաստի դասալիքներ էին սրանք, որ մի ավելորդ բարոյալքում ու կազմալուծում էին մտցնում զորական շարքերում»: