Հրանտ Մաթևոսյանը՝ Կաթողիկոս Գարեգին Երկրորդին
Ս.ԷՋՄԻԱԾԻՆ, ՎԵՀԱՐԱՆ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԳԱՐԵԳԻՆ Բ ՎԵՀԱՓԱՌԻՆ
Ինչ վատ է՝ որ կարող էինք ավելի լավը լինել և չենք, և ինչ լավ է, որ կարող էինք և չլինել և ենք: Ինչ վատ է՝ որ Հայոց երկհազարամյա պատմության մեր քարավանը չի գալիս Հայոց արքաների իրարահաջորդ կյանքերի ու գործերի ագուցմամբ, բայց և ինչ մխիթարիչ է՝ որ այդ պատմությունը մի անընդմեջ երթ է դառնում Հայոց հարյուր երեսուներկու
- Հայոց մեր մեջ անպատկերացնելի մի թիվ - հար- յուր-ե- րե- սուն-եր-կու - Վեհի տիրական մաքառումով ու բազում առաքինությամբ և նույնքան էլ բեկումով ու վհատությամբ, բայց երբեք ինքնուրացմամբ՝ որ ազգուրացում ու այսօրվա մեջ մեր երկրի ու մարդու չգոյություն էր նշանակելու:
Մեր այս արյունոտ մղձավանջի ժամին դժվար ուրախությամբ ուրախանալով Վեհիդ արժանավոր հայտնությամբ պայծառամիտ ու քաջակորով նախնիներիդ գահին, հանուն մեր ամենքիս և հանուն Քեզ երբեք չցանկալով՝ որ աստված մի արասցե Քո տառապյալ նախնիներից շատերի նման մեն ու միակ դիմադարձողը մնաս մեր բոլոր պատուհասների, - հայ գրողների Քո համայնքը լիահույս է՝ որ իշխանական միտքդ պայծառ, քայլդ վստահ և աջըդ կորովի է լինելու - գավազանդ խփելու ես Արարատյան այս սուրբ հողին՝ գավազանդ հիմնասյուն է դառնալու մեր բոլորիս հայրենի տան, որ լույս ու ջերմություն, սեր ու վստահություն է հորդելու, որ վանելու, քշելու է կարմիր մղջավանջի այս ժամը իրենից հեռու, հեռու:
10. նոյեմբերի 1999թ. ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



