«  Մարտ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика


Հարութ Ուլոյան. Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին երկու հայտարարություններով խաթարվել է նրանց ձևավորած կոմֆորտը

Հարութ Ուլոյան. Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին երկու հայտարարություններով խաթարվել է նրանց ձևավորած կոմֆորտը

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի, 2007թ

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին երկու հայտարարությունները, ինչպես միշտ, ոմանց քաղաքական հոգեխանգարմունքի են հասցրել։ Ինչո՞ւ։ Քանի որ, ինչպես միշտ, այդ հայտարարություններով խաթարվել է նրանց ձևավորած կոմֆորտը։

Այդ շրջանակները չեն հասկանում, թե ինչպես կարող է Տեր-Պետրոսյանը նման «հարվածներ» հասցնել սեփական կուսակցությանը՝ ՀԱԿ-ին։ Նրանք չեն էլ հասկանա այդ պատճառը։ Կամ, ավելի ճիշտ, եթե հասկանում էլ են, միևնույնն է, իրենց ընկալումներն իրենց թույլ չի տա այդ պատճառը վեր դասել այլևայլ շահերից ու ամբիցիաներից։ Իսկ պատճառը մեկն է․ պետական՝ վերկուսակցական մտածելակերպն ու խնդիրների լուծումը ռացիոնալ-պրագմատիկ հարթությունում դիտարկելու ունակությունը։ Եվ եթե նման ձևակերպումները ոմանց համար ամպագոռգոռ կամ վերացական են հնչում, ապա կրկին անգամ եկեք արձանագրենք, թեկուզ վերջին 10 տարիների ընթացքում, Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները հիմնական խնդրիների շուրջ։

  • 2016 թվականին Տեր-Պետրոսյանը հերթական անգամ առաջ քաշեց Ղարաբաղի հարցը սեղանին դրված բանակցային պլանի շրջանակներում դիտարկելու, ժողովրդին իրականությունն ասելու և հարցի լուծմանն ընդառաջ քայլեր անելու անհրաժեշտությունը։ Թե ինչպես այդ օրակարգին արձագանքեց ողջ քաղաքական դաշտը, հայտնի է բոլորին։ Ու, հիշում եք, չէ՞, թե առանցքային մեղադրանքը որն էր․ «Տեր-Պետրոսյանը սեփական գաղափարները փաթաթում է ՀԱԿ-ի վզին՝ թուլացնելով վերջինիս դիրքերը»։ Թե ինչ եղավ Ղարաբաղի հարցի հետ արդյունքում, դա էլ է հայտնի բոլորին։
  • 44-օրյա պատերազմի ընթացքում ցինիկաբար ծաղրի ենթարկվեց Հայաստանի ու Ղարաբաղի նախկին ղեկավարների նախաձեռնությունը, ինչի էությունն այն էր, որ Փաշինյանը Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին լիզորի՝ բանակցություններ վարելու համար։ Թե ինչ պիտակավորումների արժանացավ այդ նախաձեռնությունը, հիշում եք բոլորդ։ Ինչպես նաև հիշում եք, թե ինչ արդյունք ունեցավ 44-օրյա պատերազմը․ այն, ինչ հնարավոր էր գոնե պատերազմի կեսերին ձեռք բերել նախկին ղեկավարների միջամտության արդյունքում, տասնապատիկ վատ արդյունքով արձանագրեց Փաշինյանը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։
  • 2021 թվականի նախընտրական շրջանում Տեր-Պետրոսյանն արձանագրեց, որ այդ ժամանակահատվածի դրությամբ Փաշինյանի վերընտրությունը կարող է կանխվել միայն նախկին ղեկավարների միացյալ դաշինքով՝ բացառելով բոլոր նախկին ղեկավարների պետության ղեկին վերադառնալու հեռանկարը։ Թե ինչ գնահատականների արժանացավ նաև այս նախաձեռնությունը, հիշում եք բոլորդ։ Թե ինչպես Քոչարյանը միայնակ «կրեց» Փաշինյանին, դա էլ, կարծես, պիտի հիշեք։
  • 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հերթական ագրեսիան էր իրականացնում Հայաստանի դեմ և դեռևս գոյություն ուներ Ղարաբաղը, Տեր-Պետրոսյանը կոնկրետ առաջարկ ներկայացրեց․ հանուն Հայաստանի ու Ղարաբաղի, մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները և Հայաստանի ու Ղարաբաղի բոլոր ղեկավարներով, գումարած Գարեգին Երկրորդ Ամենային հայոց կաթողիկոսն ու Արամ Առաջին Կիլիկիո կաթողիկոսը, փոխանակվեն տեղեկատվությամբ, վերլուծեն իրավիճակն ու ելք գտնեն՝ ստանձնելով ընդհանուր պատասխանատվություն։ Թե ինչպես մի կողմից «միայնակ պատասխանատվություն ստանձման» հոխորտանքով, իսկ մյուս կողմից «կապիտուլյացիայի պատասխանատվություն չենք կիսի» հայտարարություններով վիժեցվեց այդ նխաձեռնությունը, ևս, հիշում եք բոլորդ։ Պիտի որ բոլորդ հիշեք նաև հետագա զարգացումները․ Ղարաբաղի շրջափակում, ապա հայաթափում։
  • Եկանք հասանք մեր օրեր ու կրկին կանգնած ենք ընտրության առաջ։ Հիմա, կա՛մ Փաշինյանը մնում է, կա՛մ գնում։ Այն շրջանակները, որոնք կարծում են, որ Փաշինյանը պետք է մնա, նրանց տվյալ թեման չի վերաբերում, անկախ նրանից, թե ինչպես են նրանք իրենց անձնական շահերից ու ամբիցիաներից ելնելով փորձում խառնակիչ դեր ստանձնել ընդդիմության շարքերում ընթացող գործընթացներում։

Ըստ այդմ, Տեր-Պետրոսյանի ներկայիս հայտարարություն-կոչերն ուղղված են այն շրջանակներին, որոնք ցանկանում են խափանել Փաշինյանի վերընտրությունը։ Տեր-Պետրոսյանը, հրաշալի կերպով գիտակցելով, թե Փաշինյանն ինչ մակարդակի անդառնալի աղետներ է հասցրել հայ ժողովրդին, վերլուծելով այս ժամանակահատվածում հաստատված իրողությունները, պրագմատիզմից թելադրված հերթական լուծման բանալին է առաջարկում։

Այո՛ ընդդիմության շարքերում այսօրվա դրությամբ Սամվել Կարապետյանի ուժն է, որն ունի ընդդիմությանը համախմբելու ու Փաշինյանին հաղթելու ամենամեծ պետահությունը, ինչին պետք է պատասխանատու վերաբերել։ Եվ հենց այդ գիտակցումը պետք է Կարապետյանին թելադրի՝ վեր դասել իր անձնական ամբիցիաներն ու խմբային շահերը և Փաշինյանի դեմ ձևավորել համընդհանուր ճակատ։ Տեր-Պետրոսյանի ասելիքը սա է։ 
***
Դե հետին հայացքով այս ամբողջ իրողությունները կրկին վերլուծեք։ Ո՞ր մի Տեր-Պետրոսյանի կողմից առաջ քաշված օրակարգին կամ նախաձեռնությանը ներկայումս երնեկ չեք տալիս։ Այսինքն, ո՞րն է նախընտրելի․ առաջ քաշել խնդիրների իրատեսական լուծումների եղանակները, թե՞ զբաղվել սեփական կուսակցության շահերի սպասարկմամբ։

Այն, որ Տեր-Պետրոսյանը վերկուսակցական գործիչ է, դա հրաշալի կերպով ապացուցում են հենց այն մարդիկ, որոնք Տեր-Պետրոսյանի հայտարարությունները մեկնաբանում են որպես «ՀԱԿ-ին արժեզրկել»։ Ի դեպ, «սեփական կուսակցություն» ասվածն էլ մի այլ մանիպուլյացիա է։ Եթե Տեր-Պետրոսյանն «իր կուսակցության» շահերը ստորադասում է հանուն համընդհանուր նախաձեռնության, դա ուղղակի կերպով նշանակում է, որ նա հենց իր անձնական շահերն է ստորադասում։ 
Ու այս պարզ իրողությունները հայտնի են բոլորին։ Հայտնի են բոլորին, անկախ այն հանգամանքից, թե խառնակիչների, չուզողների ու «անաչառների» շրջանակները որքա՜ն ինքնավստահ ջայլամի կերպ կդրսևորեն իրենց։ 

Հարութ Ուլոյան