Աշոտ Սարգսյան. Հետին թվով ափսոսացող կարող է չլինել
Երբ ակնհայտորեն համազգային աղետ է սպասվում, դա կանխելու համար իրական պետական, քաղաքական գործիչը ամբողջությամբ մի կողմ է դնում իր ես-ը, տարբեր մարդկանց եւ ուժերի նկատմամբ իր անձնական վերաբերմունքը, նրանցից ստացած վիրավորվածությունները, իր հավակնությունները, կուսակցական եւ այլ շահերը, պատրաստ է լինում զոհաբերելու իր ունեցածը։ Գերխնդիրը դառնում է վերահաս աղետի կանխումը՝ դրա համար հնարավոր բոլոր ուժերի համախմբմամբ ու միջոցների գործադրմամբ։
Այս ամենը Հայաստանի Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին բնութագրող առանցքային հատկանիշն է՝ նրա քաղաքական ողջ կենսագրության ընթացքում.
Նա այդպես վարվեց 1997-98թթ.՝ Արցախի հարցի լուծման լավագույն պատեհությունը իրացնելու համար զոհասեղանին դնելով սեփական իշխանությունը, երբ, առանց որեւէ գլխացավանքի կարող էր այն շարունակել մինչեւ նախագահական երկրորդ ժամկետի ավարտը։ Հետին թվով բոլորն են արձանագրում դրա ճշգրտությունը եւ ափսոսում կորցրած հնարավորության համար։
Նա այդպես վարվեց 2008թ. նախագահական ընտրություններից առաջ՝ ավազակապետական վարչախմբից ազատվելու համար հանդիպումներ նախաձեռնելով բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում նաեւ իր իշխանության շրջանի ամենամոլի հակառակորդների (ՀՅԴ, Վազգեն Մանուկյան եւ այլն) հետ, — դա էր հարցի լուծման վստահելի բանալին։
2021թ. փաշինյանական աղետի դեմն առնելու համար նախաձեռնեց նախընտրական դաշինք ստեղծել շուրջ քսան տարի շարունակ իր մոլի քաղաքական հակառակորդներ Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի հետ, պայմանով, որ հաղթանակից հետո իրենցից որեւէ մեկը չհավակնի պետական որեւէ պաշտոնի, — այդ պահին դա էր Փաշինյանի բերած արկածախնդրական պատերազմում պարտվելուց հետո հաջորդ՝ Արցախի դատարկման աղետը կանխելու միակ միջոցը։ Մերժեցին։ Հետին թվով՝ դա շատերն են ափսոսանքով արձանագրում։
Հիմա՝ այսօր օբյեկտիվորեն ձեւավորված իրավիճակում, Նախագահը տալիս է արդեն ազգի կործանման վտանգով հղի տեսանելի նոր աղետների դեմն առնելու միջոցի բանալին՝ առաջիկա ընտրություններում Սամվել Կարապետյանի շուրջ համախմբվելով կանխել ազգակործան այս ընթացքը, — որեւէ մեկը կարո՞ղ է առաջարկել ավելի հուսալի ու արդյունավետ այլ տարբերակ։ Թե՞ նորից սպասենք՝ հետին թվով ափսոսալու կորցրած հնարավորության համար։ Հետին թվով ափսոսացող կարող է չլինել...


