«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Կարեն Ալավերդյան. Տեսա պաշտպանյալիս գետնին ընկած, ձեռնաշղթաներով, 5-6 ոստիկան խոշտանգում էին (տեսանյութ)

Կարեն Ալավերդյան. Տեսա պաշտպանյալիս գետնին ընկած, ձեռնաշղթաներով, 5-6 ոստիկան խոշտանգում էին (տեսանյութ)

Ոստիկանության Կենտրոնական բաժնում մասնագիտական պարտականությունները կատարելու համար ներկայացած փաստաբանը ոստիկանության բաժնի ծառայողների և պարեկների կողմից ենթարկվել է բռնության:

«Դեպքը տեղի է ունեցել ոստիկանության Կենտրոնի բաժնում, փաստաբանը ոստիկանության բաժին է ներկայացվել մասնագիտական պարտականությունները կատարելու նպատակով։ Բռնությունը տեղի է ունեցել իր վստահորդի պաշտպանությունն ստանձնելու ընթացքում։  Նա բաժնի ոստիկանների և պարեկների կողմից  ենթարկվել է բռնության»,- հայտնել է ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյնը:

Փաստաբանների պալատում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբան Կարեն Ալավերդյանը ներկայացրել է իր նկատմամբ ոստիկանների կողմից ենթադրյալ բռնության գործադրման մանրամասները։

«Հունիսի 7-ին ժամը 16։00-ին ես և պաշտպանյալս, թույլ տվեք նրա անունը չհրապարակել, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում մասնակցել ենք մեկ այլ քրեական գործով նշանակված դատական նիստի։ Նիստի ընթացքում պաշտպանյալիս ու վերջինիս ընկերոջ միջև, որը նույն գործով նույնպես հանդիսանում է մեղադրյալ, անձնական բնույթի հարցերի շուրջ խոսակցություն է առաջացել, որն իմ գնահատմամբ, հանցակազմի որևէ հատկանիշ չի պարունակել։ Դատական նիստը հետաձգվել է վկաների չներկայանալու պատճառով, ինչը վկայում է, որ հակաիրավական որևէ բան չի եղել դատարանում»։

Փաստաբանը նշում է, որ նիստից հետո, դատարանի մայթով քայլելու ընթացքում, փաստաբանին ու իր պաշտպանյալին են մոտեցել ոստիկանության Կենտրոնի, Էրեբունու բաժինների, պարեկային անձնակազմի մոտ երկու տասնյակ ոստիկաններ․ «Ոստիկանները, ցուցաբերելով ոչ արհեստավարժ մոտեցում, տևական ժամանակ չէին կարողանում բացատրել իրենց մոտենալու նպատակը, թե այդ մեծաքանակ ոստիկաններից ո՞վ ի՞նչ դատավարական գործառույթ է իրականացնում, և ի վերջո, ով է որոշում կայացնողը, ում հետ պետք է շփվել։ Ընդհանուր իրարանցման մեջ հնարավոր չէր որևէ դատավարական գործողություն պատկերացնել, որևէ իրավական գործընթաց սկսել»։

 Կարեն Ալավերդյանի խոսքով, ի վերջո հասկացել են, որ ոստիկանության աշխատողները ցանկանում են իր պաշտպանյալին հրավիրել ոստիկանության բաժին․ «Քաղաքացուն չեն կարող հրավիրել ոստիկանություն իրենց կամքին հակառակ։ Չնայած դրան, իմ պաշտպանյալը կամավոր նստել է պարեկային ծառայության ավտոմեքենան, ընդ որում գործողությունը կատարվել է պարեկային ծառայության կողմից, որի աշխատակիցների վրա ամրակացված են տեսախցիկներ։

Ոստիկանության բաժին տեղափոխելուց հետո 5-10 րոպե արհեստական խոչընդոտներ են փորձել հարուցել պաշտպանյալիս մոտ բարձրանալու համար։ Ի վերջո, համառ պայքարից, բացատրական աշխատանքից հետո ինձ հաջողվեց բարձրանալ չորրորդ հարկ։ Մոտենալով աշխատասենյակին՝ ես լսեցի պաշտպանյալիս գոռոցները և իրեն չհարվածելու պահանջները։ Ոստիկանության երկու աշխատողներ փորձեցին թույլ չտալ, որ ներս մտնեմ, ես հաղթահարեցի արգելքները, բացեցի դուռը, հայտնաբերեցի պաշտպանյալիս դեմքով գետնին ընկած, ձեռնաշղթանները հետևից ամրացրած, ոստիկանության 5-6 աշխատակիցներ հարվածներ էին հասցնում նրա մարմնի տարբեր հատվածներին։ Էդ պահին մոտեցել եմ պաշտպանյալիս, բարձրացրել եմ, կանգնել եմ նրա դիմաց, բարձրացրել եմ ձեռքերս, փորձել եմ արգելել ոստիկաններին մոտենալ։ Ոստիկաններին հորդորել եմ պաշտպանյալիս հետ երկխոսության մեջ չմտնել, քանի որ նրանց խոսակցության մակարդակը այլ կերպ, քան փողոցային ռազբորկա, չեմ կարող որակել. ուսադիր, համազգեստ կրող ծառայողին ոչ հարիր վարքագիծ էր»,-պատմեց Ալավերդյանը՝ հավելելով, որ իր ջանքերի շնորհիվ իրավիճակը հանդարտվում է, վերադառնում իրավական փուլ, ոստիկանները դուրս են գալիս սենյակից, մնում է միայն մեկը։

«Իրավիճակը դարձել էր կառավարելի, այնքան, որ ես թույլտվություն եմ խնդրել ու ծխախոտ ծխել։ Շատ հանկարծակի ոստիկանության ծառայողը սկսեց գոռալ պաշտպանյալիս վրա։ Անմիջապես դուռը բացվեց, այդ խումբը ներխուժեց սենյակ, ինձ հեռացրեցին սենյակից, կարող եմ ենթադրել, թե ինչ է տեղի ունեցել այն։ Քանի որ սա տեղի է ունեցել որոշակի դադարից հետո, իձ մոտ համոզմունք է առաջցել, որ տեղի ունեցածը ոչ թե ոստիկանության ստորին օղակների ինքնիրավչության արդյունք է, այլ կոնկրետ համաձայնեցված վերադասների հետ»,-ասաց փաստաբանը։

Նրա կարծիքով, ոստիկանները զեկուցել են, որ փաստաբանն արձանագրել է խոշտանգման դեպք, ինչի հետևանքով որոշել են փաստաբանին ևս մեկուսացնել։

«Ինձ աշխատասենյակից դուրս հանելուց հետո պահանջ ներկայացրեցին ոստիկանության շենքը թողնել։ Ես առարկել եմ, ամեն կերպ փորձել եմ վերադառնալ պաշտպանյալիս մոտ։ Այստեղ իմ նկատմամաբ կիրառվել է անհարկի ֆիզիկական ուժ, իմ կողմից որևէ հակաիրավական գործողություն չի կատարվել, որ հնարավոր կլիներ ձերբակալում իրականացնել։ Շատ հանկարծակի, առանց հիմքի, անհրաժեշտության, իմ նկատմամբ կիրառվել է անհարկի ուժ, ձերբակալվել եմ, կիրառվել է ձեռնաշղթա և հատուկ միջոցներ»,-ասաց Ալավերդյանը՝ ընդգծելով, որ եղել են բազմաթիվ խախտումներ, չի եղել հիմնավոր կասկած, փախուստի դիմելու նպատակ, ձերբակալման արձանագրությունը կազմվել է իրեն արգելանքի վերցնելուց 50 րոպե անց, իրեն չի հանձնվել արձանագրության պատճենը, տեղի ունեցածի մասին տեղյակ չեն պահել ՓՊ-ին, ինչն օրենքի խախտում է», նշում է Կարեն Ալավերդյանը: