Կարեն Ղազարյանի հայրն այցելել է ադրբեջանցի սահմանախախտին
Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանը, մարտի 22-ին այցելել է մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովին: Այս մասին հայտնում են ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովից:
Ադրբեջանցի սահմանախախտի հետ զրույցում Արմեն Ղազարյանը հետաքրքրվել է նրա առողջական և բարոյահոգեբանական վիճակով: Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովը Կարեն Ղազարյանի հորը պատմել է իր պահպանման վայրի պայմանների, իրեն տրամադրված պատշաճ բուժօգնության մասին՝ տեղեկացնելով, որ հայ բժիշկները հոգատար վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ:
Զրույցի ընթացքում Կարեն Ղազարյանի հայրը Էլվին Հիբրագիմովին է պատմել Կարենի պատմությունը, ով նույն կերպ մեկ տարի առաջ մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի իրավազորության ներքո, սակայն ադրբեջանական իշխանությունների կողմից անարդարացիորեն դատապարտվել է ազատազրկման շինծու մեղադրանքների հիման վրա:
Կարեն Ղազարյանի հայրը Էլվին Հիբրագիմովին մաղթել է շուտափույթ ապաքինում։