«  Օգոստոս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика


Լևոն Զարգարյան. Ո՞վ էր Փաշինյանի ելույթի հասցեատերը կամ Չարի վերջը

Լևոն Զարգարյան. Ո՞վ էր Փաշինյանի ելույթի հասցեատերը կամ Չարի վերջը

Ո՞վ էր Փաշինյանի ելույթի հասցեատերը կամ Չարի վերջը

Օգոստոսի 24-ին Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման հասցեատերը խորհրդարանի պատգամավորները չէին։ Օգտագործելով երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնը՝ Փաշինյանը հերթական անգամ հրապարակայնորեն ուղերձ հղեց Բաքվին՝ հորդորելով Ալիևին հրաժարվել փոխադարձ պահանջներից և վերջնականապես ճանաչել միմյանց տարածքները։

«Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել։ Թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը պետք է առերեսվենք, հաշտ լինենք այն փաստի հետ, որ անկախ Հայաստանի տարածքը նույնական է Խորհրդային Հայաստանի տարածքի հետ, անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է Խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ:»։ 

Իր ելույթում Փաշինյանը Կաթողիկոսին անվանեց «Կտրիճ Ներսիսյան» (մի քանի անգամ անընդմեջ՝ դիտավորյալ գրգռելով ընդդիմադիր պատգամավորներին), կոչ արեց «վերջ տալ Ցեղասպանության զենքայնացմանը» և խոստացավ, որ միայն այդ դեպքում Սևանա լիճն այլ անունով ոչ ոք չի անվանի։ 

Փաշինյանի ուղերձը և հրապարակային առաջարկը Բաքվին նոր չէ. նա դրա դիմաց կանխավճար է տալիս արդեն մի քանի տարի։ 

  • 2021-ի սեպտեմբերին, երբ ադրբեջանական դիրքերը կանգնեցին Գորիս-Կապան ճանապարհին, նա կառավարության նիստին առաջին անգամ արտաբերեց Էյվազլի և Չայզամի անվանումները և բացատրեց՝ ինչու. «որ ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ տվյալ կետերը ՀՀ տարածքում չեն»։
  • 2022թ․ Պրահայում նա ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։
  • Հայաստանը 2023-ի սեպտեմբերին չմիջամտեց Արցախի նկատմամբ ագրեսիային և հայաթափմանը։
  • Սեփական Եկեղեցու դեմ պատերազմը վարվում է նույն հնչերանգով, որով Բաքուն խոսում է «հայկական եկեղեցու՝ որպես սպառնալիքի» մասին։
  • Փաշինյանը Տիգրանաշենն անվանում է Քյարքի։

Յուրաքանչյուր նման քայլ կանխավճար է Ալիևին․ տեսնում եք՝ մենք արդեն չենք փնտրում Հայաստանը Ադրբեջանում, հիմա ձեր հերթն է։ Այս տրամաբանությունը ռացիոնալ կթվար, եթե աշխատեր։ Ստուգենք փաստերով։

1․ Խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է Վաշինգտոնում 2025թ․ օգոստոսի 8-ին, սակայն վերջնական ստորագրությունը մինչև օրս չի դրվել։ Ստորագրման պահը չի նշմարվում նաև տեսանելի ապագայում՝ Ադրբեջանի նոր պահանջների համատեքստում։

2․ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համատեղ հանձնաժողովը ստեղծվել է 2022թ․ մայիսի 23-ին։ Ավելի քան չորս տարվա ընթացքում այն սահմանազատել է մոտավորապես 1000 կիլոմետրից 12,6 կիլոմետր՝ Տավուշի մարզի Կիրանցի հատվածը, որը փաստացի հանդիսացել է Հայաստանի միակողմանի զիջում։ Տավուշից հետո հաձնաժողովի աշխատանքը դադարեցվել է «կանոնակարգերի» և «տեխնիկական փաստաթղթերի» պատճառով, իսկ Կիրանցի բնակիչներին 2026թ․ մայիսի դրությամբ չեն թողնում իրենց սեփական հողամասեր՝ «միջադեպերից խուսափելու համար»։

3. Գեղարքունիքում, Սյունիքում և Ջերմուկի մոտ Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանական զորքերը, որոնց դուրսբերումը խոստացվել էր «գործընթացի շրջանակում», տեղից չեն շարժվել։

4․ Իսկ փոխադարձ ճանաչո՞ւմը։ Պրահայում Ալիևը հավանություն տվեց Ալմաթիի հռչակագրին, բայց երբ մեկ տարի անց Գրանադայում արձանագրվում էր կոնկրետ թիվ՝ Հայաստանի տարածքի 29․800 քառակուսի կիլոմետրը, նա հանդիպմանը չներկայացավ. հայտարարությունը ստորագրեցին Փաշինյանը և չորս եվրոպացի առաջնորդները՝ առանց նրա։ Հայաստանի սահմանների իրավաբանորեն պարտավորեցնող ճանաչում չկա։ Նախապայմանը՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, մնում է, իսկ «Արևմտյան Ադրբեջանի» «կոնվեյերը» վստահ տեմպերով շարունակում է իր աշխատանքը։ 

6 տարվա ընթացքում պահանջները չեն կրճատվել։ Ավելին, դրանք աճել են՝ «վերադարձրեք գյուղեր»-ից մինչև «փոխեք Սահմանադրությունը», ճանապարհից մինչև լճի անվանում և «ադրբեջանցիների վերաբնակեցում»։ Հիմա էլ՝ Հայ Առաքելական Եկեղեցու՝ որպես «տարածաշրջանային խաղաղության սպառնալիքի» ներկայացում (փաստացի՝ դեմոնիզացում) և դրա դեմ համակարգային պայքար։ Յուրաքանչյուր կատարված պահանջ ծնում է հաջորդը, որովհետև պահանջների կատարումը վերահաստատում է Ալիևին, որ իր ճնշումներն արդարացված են։

ՀՀ իշխանությունը և իշխանական քարոզչամեքենան ցանկացած առարկության ունի ավտոմատիզմի հասցված պատասխան. «Իսկ դուք պատերազմ եք ուզո՞ւմ»։ Հերթական զիջման հետ չհամաձայնողը ինքնաբերաբար դասվում է «պատերազմի կուսակցության» շարքին, որը ցանկանում է «մեր երեխաների մահը»։ Այս արհեստածին կառուցվածքը ենթադրում է միայն 2 ելք՝ կապիտուլյացիա կամ պատերազմ։ Հետևաբար յուրաքանչյուր ոք, ով դեմ է առաջինին, պահանջում է երկրորդը։

Բայց այս երկընտրանքը կեղծ է, և դա հենց իշխանությունն է հերքել՝ Ալեն Սիմոնյանի շուրթերով։ 2024թ․ հոկտեմբերին ԱԺ նախագահ Սիմոնյանը հարցազրույցում ասել է. «Որևէ պայմանագիր պատերազմի խոչընդոտ չէ»։ Ավելի ճշգրիտ ոչ մի ընդդիմադիր չէր ձևակերպի։ Սիմոնյանը փաստել է, որ հավերժ զիջումներով խաղաղության չեն հասնում։

Պարզից էլ պարզ է, որ ընդդիմության պահանջը երբեք պատերազմը չի եղել։ Ընդդիմադիրների պահանջը բանակցություններ են, որոնցում հայկական կողմն ունի դիրքորոշում և կարմիր գծեր։ Դրանց փոխարեն տեղի է ունենում այն, ինչ հենց Ալիևը 2025թ․ հունվարին սպառիչ կերպով անվանել է «ոչ թե երկխոսություն, այլ մենախոսություն»։

Ինչո՞ւ է այս քաղաքականությունը շարունակվում՝ հակառակ զրոյական արդյունքին։ Պատասխանը հենց վարչապետի պաշտոնում է։ Պատերազմում պարտված առաջնորդը կանգնած է երկընտրանքի առաջ։ Նա կա՛մ հեռանում է՝ փրկելով երկիրը կործանումից, կա՛մ մնում է, բայց որպես պարտված կարող է մնալ միայն մեկ եղանակով՝ ապամոնտաժելով այն ամենը, ինչը կարող է իրենից հաշիվ պահանջել՝ դատարանները, խորհրդարանը, պետական ապարատը, մամուլը, Եկեղեցին։

Պատմության մեջ նա միակը չէ․ Նասերը՝ 1967-ից հետո, Սադամը՝ Քուվեյթից հետո, Միլոշևիչը՝ Կոսովոյից հետո։ Հայաստանն արդեն 6րդ տարին ապրում է երկրորդ սցենարով՝ մի մարդու ղեկավարությամբ, որը դեռևս տարիներ առաջ բոլորից լավ ձևակերպել է առաջին տարբերակի կարևորությունը։ 2009թ․ մարտին լրագրող Նիկոլ Փաշինյանը Վրաստանի մասին գրել է. 
«Սա այն դեպքն է, երբ իշխանությունը պետք է իրեն պարտված ճանաչի՝ հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար... Եթե Սաակաշվիլին մնա ղեկին, նախորդ տարվա պատերազմի պարտությունը ու դրա բարոյահոգեբանական հետևանքները ծանրանալու են Վրաստանի վրա, իսկ եթե Սահակաշվիլին հեռանա, այդ պարտությունը կծանրանա նրա անձի, նրա թիմի վրա, բայց երկիրը կազատվի այդ մղձավանջային զգացողություններից։ Համենայնդեպս, նոր կյանք սկսելու, նոր եռանդ ձեւավորելու հնարավորություն կստանա»։ 

Այս տողերի հեղինակին ոչինչ բացատրելու կարիք չկա։ Նա ամեն ինչ ինքն է ձևակերպել՝ սեփական պատերազմից 11 տարի առաջ և այսօրվա ելույթից 17 տարի առաջ, որտեղ պարտությունը վերջնականապես վերանվանել է խաղաղություն, իսկ դրա պահպանման գինը՝ «խաղաղ զարգացման դարաշրջան»։
Փաշինյանն ինքն էլ գիտի՝ զիջումները զիջումներով չեն ավարտվելու։ Երբեք։ Լինելու են նորերը։ Դրանք ավարտվում են այն ժամանակ, երբ դադարում ես հանձնել։

Հ․Գ․ Հովհաննես Թումանյանի հայտնի հեքիաթը պատահաբար չի կոչվել «Չարի վերջը»։ Չարը դրանում ավարտվում է հենց այն պահին, երբ նրան առաջին անգամ ասում են «ոչ»։

Լևոն Զարգարյան