Լևոն Զուրաբյան. Ֆրանսիայի դեսպանին խորհուրդ կտամ վեր հանի այն ժամանակվա փաստաթղթերը

«Ըստ երևույթին, ինքը չգիտի, և այդ դեպքում ես իրեն խորհուրդ կտայի, որ ինքը վեր հանի այն ժամանակվա փաստաթղթերը», - «Ազատությանն» ասաց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետորսյանի պաշտոնավարման ժամանակ խոսնակի պաշտոնը զբաղեցրած Լևոն Զուրաբյանը:
Նա Ֆրանսիայի դեսպանին հորդորում է նախ ծանոթանալ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված վերապահմանը, որով և Հայաստանի Գերագույն խորհրդը վավերացրել է Ալմա-Աթայի հռչակագիրը: Ըստ այդմ՝ Անկախ պետությունների համագործակցությունը բաց է նաև ԽՍՀՄ նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե: Իսկ Արցախը մինչը Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրումը՝ 1991-ի դեկտեմբերի 10 -ին արդեն Անկախության հանրաքվե էր անցկացրել և հռչակել իր անկախությունը: Ի դեպ, Ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ ընդհանրապես այս փաստաթղթի կողմ չի եղել և դրան միացել է միայն 1993-ին:
«Ես չեմ ցանկանում մտնել մոտիվացիաների մեջ, այստեղ ամենակարևոր բանը, որ դեսպանը չի տեսել, հետևյալն է, որ այնուամենայնիվ, կար հակամարտություն, և այդ հակամարտության լուծման համար ստեղծվել էր Մինսկի խումբ, որի համանախագահներից մեկը Ֆրանսիան էր, և այդ հակամարտության հիմքը հենց այն էր, որ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը տարբերվող տեսակետներ ունեին նրա մասին, թե ինչը պիտի լինի Լեռնային Ղարաբաղի մասին վերջնական կարգավիճակը: Այն պահից, երբ Պրահայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, դա նշանակում էր Մինսկի խմբի համանախագահության ներքո անցնող բանակցությունների ավարտ, որովհետև հակամարտության գլխավոր առարկան սպառվեց», - ասաց ՀԱԿ փոխնախագահը:
«Այ սա է խնդիրը, սա էր, որ բերեց ի վերջո նրան, որ իրականացվեց էթնիկ մաքրումը, որովհետև այլևս Ադրբեջանը այդ պահանջը դրեց և՛ Ռուսաստանի առաջ, և՛ Հայաստանի առաջ, և՛ ամբողջ միջազգային հանրության առաջ՝ ասելով, որ այստեղ էլ հակամարտություն չկա», - հավելեց նա: