Լևոն Զուրաբյան. Հայաստանը պետք է ներկայացնի խաղաղ կարգավորման երկփուլ առաջարկ
«Ազատության» տաղավարում Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
«...Ադրբեջանը ինչ է ուզում՝ շատ պարզ, հստակ ներկայացրել է բանակցություններում։ Մեզ կարող ա դուր չգալ էդ ամեն ինչը, բայց դա իրենց դիրքորոշումն է։ Իսկ ո՞ւր է մեր դիրքորոշումը, ի՞նչ ենք մենք ուզում։ Այսինքն՝ եթե մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության և կարգավիճակի սահմանման հարցը մեզ համար կարևոր է, դա նշանակում է, որ դու ասեցի՞ր ինչ ես ուզում։
Մենք այսօր գիտե՞նք ինչին է ձգտում հայկական իշխանությունը։ Օրինակ, Ղարաբաղի հարցի կարգավորման ո՞ր լուծումն է իր համար ընդունելի։ Ու այս հարցերը գիտե՞ք ինչու են շատ կարևոր։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարել է պաշտոնապես, որ մենք պետք է իջեցնենք մեր նշաձողը Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ Բնականաբար, հարցեր են ծագում՝ ի՞նչ է նշանակում իջեցնել նշաձողը։ Այսինքն դուք ինչի՞ եք պատրաստ։ Դա նշանակում է, որ մենք, ասենք, տեսնում ենք Ղարաբաղը Ադրբեջանի կազմո՞ւմ, Ադրբեջանը որպես ունիտար պետություն, Ղարաբաղը դրա կազմո՞ւմ։ Թե՞ մենք տեսնում ենք Ղարաբաղը որպես ավտոնոմիա Ադրբեջանում, որտեղ նորից իշխանության մարմինները Ղարաբաղում պետք է ձևավորվեն Ադրբեջանի կողմից...
Ակնհայտ է, որ Հայաստանը պետք է ներկայացներ խաղաղ կարգավորման երկփուլ գործընթաց։ Մեզ համար գաղտնիք չէ, որ այսօր հայ և ադրբեջանցի ժողովուրդների, կամ Հայաստանի ու Արցախի՝ մի կողմից, Ադրբեջանի՝ մյուս կողմից, միջև տիրում է անվստահության և թշնամանքի մթնոլորտ։ Կարծում եմ, ոչ ոք չի կարող հերքել։ Ակնհայտ է, որ նման մթնոլորտում կան շատ հարցեր, որոնք լուծել հնարավոր չէ։ Համատեղ կեցությունը, կամ հայերի նկատմամբ ադրբեջանական իշխանության մարմինների վերահսկողությունը։ Կամ հակառակը։ Օրինակի համար, մենք պատկերացնո՞ւմ ենք, որ այսօր Արծվաշենը, եթե խոսք է գնում անկլավների վերադարձման մասին, կարող է գոյություն ունենալ կտրված Հայաստանից, Ադրբեջանի տարածքում։ Որևէ արծվաշենցի կամ նրանց ժառանգորդները կգնա՞ն ապրելու այդ տարածքներում։ Պարզ է, որ ոչ։ Այսինքն՝ կան հարցեր, որոնք այս թշնամանքի մթնոլորտում լուծել հնարավոր չէ, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը։ Չկա այնպիսի լուծում, որն այսօր ընդունելի լինի ղարաբաղցիների համար կամ ադրբեջանցիների համար։ Հետևաբար պետք է որդեգրել այս երկփուլ կարգավորման կոնցեպցիան։ Պետք է առանձնացնել այն հարցերը, որոնց լուծումը հիմա նպաստելու է խաղաղությանը, վստահության ներշնչմանը և հաշտությանը, և առանձնացնել այն հարցերը, որոնց հիմիկվա լուծումը ոչ թե չի նպաստելու, ինքը կոնֆլիկտագեն է, ինքը բերելու է ավելի թշնամանքի սրմանը»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Լևոն Զուրաբյանն անդրադարձել էր Հայաստանի առաջարկած 6 կետերին Ադրբեջանին:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրի տեսանյութում.