Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նոյեմբերի 8-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նոյեմբերի 10-11-ը ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով կլինի Երևանում: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետի և նախագահի հետ, բանակցությունները արտաքին գործերի նախարարի հետ, ինչպես նաև ծաղկեպսակի խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համալիրի անմար կրակի մոտ»,- ասել է Զախարովան:
Զախարովան հավելել է, որ արտաքին գործերի նախարարները բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմ հարաբերությունների լայն շրջանակը, փոխգործակցությունը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, դիրքորոշումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կազմակերպություններում:
«Կողմերի ուշադրության կենտրոնում կլինի նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրը՝ ներառելով նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները»,- նշել է նա: