Լենա Նազարյանը չի բացառում, որ ի հայտ կգան Մարտի 1-2-ի օրերին նոր տուժածներ
ՀՀ կառավարությունում մեկնարկել են Ազգային ժողովի փոխնախագահներ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի մշակած «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծի քննարկումները, որով որոշվելու է աջակցության տրամադրման ձևը, չափն ու կարգը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը մանրամասներ ներկայացրեց ապրիլի 23-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծից:
«Աջակցությունը տրամադրվելու է զոհված անձանց իրավահաջորդներին, այն անձանց, որոնք ստացել են ծանր և միջին ծանրության վնասվածք: Նրանց վերաբերյալ կոնտակտներն իրավապահ մարմիններն ունեն: Նաև չի բացառվում, որ այս ընթացքում հայտնվեն մարդիկ, որոնք նախկինում խուսափել են հայտնել իրենց տուժած լինելու կարգավիճակի մասին, և հիմնավոր ապացույցներ կներկայացնեն: Նրանք նաև որպես վկա կներգրավվեն գործում, երբ պատմեն՝ ինչպես է դա եղել, որտեղ, ինչ հանգամանքներում: Սա կնպաստի նաև Մարտի 1-ի գործի բացահայտմանը: Հատուկ քննչական ծառայության տեղեկանքում նշված է 63 հոգու մասին, բայց կարծում եմ՝ տուժածներն ավելի շատ են»,- ասաց Նազարյանը:
Նա նշեց, որ կառավարության որոշմամբ է սահմանվելու աջակցության տրամադրման ձևը, բայց հնարավոր է, որ այն լինի ոչ միայն ֆինանսական:
«Ես հատուկ չեմ նախատեսել, որ հենց ֆինանսական աջակցություն միայն պետք է տրամադրվի, թեև հասկանում եմ, որ ակնկալիքը հենց մեծապես ֆինանսական աջակցությանն է վերաբերում, բայց չեմ կենտրոնացել դրա վրա, որովհետև կառավարությունը կարող է առաջարկել աջակցության այլ տարբերակ, որն ընդունելի կլինի, ու կքննարկենք: Օրինակ՝ զոհվածների հարազատներն ունեն առողջական խնդիրներ: 11 տարի նրանք անտեսված են եղել, ընդ որում՝ հարցի վերաբերյալ հանրային ուշադրությունը, որ եղել է, շատ խորը հոգեբանական խնդիրներ է առաջացրել: Հուսով եմ, որ հիմա պետության հոգածությունն ինչ-որ առումով հնարավորություն կտա, որ նրանք հանգստություն ձեռք բերեն, և նաև գործն է քննվում, կա քաղաքական կամքը՝ բացահայտելու գործի մանրամասները, իրավական գնահատական տալու թափանցիկ, արդար դատավարության շրջանակներում: Այդ ամենն, իհարկե, նպաստելու է, որ մարդիկ կարողանան հանգիստ խղճով այս աջակցությունն ընդունել, որովհետև, եթե արդարադատության հետ կապված գործընթացը չլիներ, մարդիկ այդքան պատրաստ չէին լինի այդ աջակցությունն ընդունելու»,- նշեց խորհրդարանի փոխխոսնակը:
Օրենքի նախագիծն Ազգային ժողովում երկրորդ ընթերցում կանցնի մայիսին: Դրա ընդունումից հետո գործադիրը պարտավորված կլինի եռամսյա ժամկետում ընդունել համապատասխան որոշումը: Ինչ վերաբերում է ժամկետներին, Լենա Նազարյանը նշեց, որ շտապելու և օրենքի նախագիծը հրատապ կարգով քննարկելու կարիք չկա:
«Կառավարությունը շատ ավելի շուտ կանի այդ աշխատանքը, և մենք արդեն աշխատում ենք կառավարության անդամների հետ, որպեսզի կառավարության որոշման նախագիծը մշակվի: Որևէ բան չի ուշանում, կառավարության որոշման մշակման համար էլ ժամանակ է պետք լինելու, որովհետև տարբեր հարցերի պետք է պատասխաններ գտնվեն: Շատ հարցեր կան, որ պետք է նախատեսենք: Նաև խուսափեցինք այն քննադատությունից, որ սովորաբար լինում է, երբ ասում են՝ ինչու եք բոլոր նախագծերը 24-ժամյա ռեժիմով անցկացնում: Պատգամավորներին պետք է հնարավորություն տրվի, որ ծանոթանան նախագծին ու առաջարկներ ներկայացնեն»,- ասաց Լենա Նազարյանը: