«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Լրջանալու պահն ու անլրջության 26 տարիները. «ՉԻ»

Լրջանալու պահն ու անլրջության 26 տարիները. «ՉԻ»

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

Մինչ Ադրբեջանն Արցախի դեմ նոր պատերազմ է անոնսավորում՝ Հայաստանի վարչապետը գերադասում է ընտանեկան իդիլիա բեմականացնել ու հիանալ «սառը ավտոբուսներով»։ Անլրջության մակարդակն իսկապես սահմռկեցուցիչ է։

Բայց եկեք անկեղծ լինենք՝ մենք մեր լրջանալու պահը 26 տարի առաջ ենք բաց թողել, ու դրանից հետո անլրջության առումով ոչինչ չի փոխվել։ Մեծ հաշվով, առանձնապես տարբերություն չկա պատերազմական վիճակում գտնվող երկրի՝ կինդեր-ձվիկի խաղալիք հավաքող ու կոնֆետի մեջ ջեմ լցնելու «հրաշքի» վրա զարմացող Քոչարյանի և նոր պատերազմի շեմին «սառը ավտոբուսով» հիացող ու տեսախցիկների առջև «պեռաշկի կծող» Նիկոլ Փաշինյանի լրջության մակարդակների միջև։ Ավելին․ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2018-ի ապրիլին, հենց այդ 20-ամյա անլրջության ուղիղ հետևանքն էր։ Եթե այդ 20 տարիների ընթացքում Հայաստանում հստակ գիտակցվեր, որ գտնվում ենք լրջագույն հակամարտության մեջ, ու այդ խնդիրը պիտի անպայման լուծվի, որովհետև հակառակ դեպքում կործանարար պատերազմն անխուսափելի է լինելու, հավատացեք՝ անհնար էր, որ արագաչափի սյունից կառչած «սերդեչնի պրիվետ ատ Զիմզիմովա» գոռացող մեկը դրանից երկու շաբաթ հետո դառնա պետության ղեկավար։ Հասկանո՞ւմ եք, անհնար է, որ սեփական խնդիրները գիտակցող հասարակությունը պետության ղեկը վստահեր անլրջության այդպիսի մակարդակով մեկին։ Բայց 20 տարի շարունակ մեզանում լրջանալը դավաճանությանը հավասար բան էր համարվում, և արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք։

Իսկ ամենացավալին այն է, որ անգամ 44-օրյա պատերազմից հետո էլ՝ նոր սպառնալիքներից «հինգ պակաս», անլրջության մակարդակը նույնն է։ Ընդ որում՝ դա վերաբերում է և՛ Նիկոլի իշխանությանը, և՛ տարատեսակ ընդդիմադիր շարժումներին։ Ասենք՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ «գլխավոր քարոզիչը» հայտարարում է, թե «7 երկրի դեմ կռիվ տվող զինվորն է մեր հույսը և նրա կողքին կանգնած հրամանատարն է մեր հույսը»։ Գեղեցիկ է հնչում, բայց բովանդակային առումով՝ լիակատար տխմարություն է։ Որովհետև աշխարհի լավագույն զինվորներն անգամ չեն կարող «կռիվ տալ 7 երկրի դեմ» (առավել ևս՝ առանց գերժամանակակից զինատեսակների), հետևաբար՝ եթե մեր հույսն այդ զինվորներն են, ուրեմն մեր վիճակն անհույս է։ Մեր հույսը պիտի լիներ մեր ողջամտությունը, մեր խելքը, մեր ճշգրիտ արտաքին քաղաքականությունը, որի արդյունքում ոչ թե մեր, այլ թշնամո՛ւ զինվորները պիտի «կռիվ տային 7 երկրի դեմ»։ Բայց սա այնքան էլ գեղեցիկ չէր հնչի, իսկ Նիկոլի իշխանությանն ամենաշատը ժողովրդին դուր գալն է հետաքրքրում, որովհետև իր խնդիրը ոչ թե պետությունն է, այլ սեփական իշխանությունը պահպանելը։ Մինչդեռ ամբողջ աշխարհի (պայմանականորեն՝ «7 երկրի») դեմ կռիվ տալը բավականին ռոմանտիկ է և էմոցիոնալ տեսանկյունից՝ շահեկան։

Մոտավորապես նույն բանն էլ ընդդիմությունն է անում։ Բառացիորեն ամբողջ աշխարհը, այդ թվում՝ մեր նոմինալ կամ պոտենցիալ դաշնակիցները, թշնամիները, միջազգային կառույցները և այլն, հայտարարում են, որ Ղարաբաղը դե-յուրե Ադրբեջան է, բայց սա չի նշանակում, թե Ադրբեջանը կարող է արհամարհել միջազգային նորմերն ու Ղարաբաղում ինչ ուզի՝ անի, իսկ մեզանում առաջարկվում է բացարձակապես ամբողջ աշխարհի կարծիքի հետ հաշվի նստելն ու այդ իրողությունն ընդունելը համարել քրեական հանցագործություն։ Անլրջության տեսանկյունից՝ ի՞նչ տարբերություն օրենսդրորեն ամբողջ աշխարհին «պասլատ անելու» և հույսը ամբողջ աշխարհի դեմ առանց զենքի կռիվ տվող 18-ամյա հայ զինվորների վրա հույս դնելու միջև։ Բացարձակապես նույն բանն է։ Ավելին՝ մեկը մյուսի օրգանական շարունակությունն է, որովհետև ամբողջ աշխարհին «պասլատ անելուց» հետո այսպես թե այնպես ստիպված ենք լինելու պատերազմել ամբողջ աշխարհի դեմ՝ միանգամայն կանխատեսելի հետևանքներով։

Այլ հարց է, որ ոչ իշխանություններն են մտածում «ամբողջ աշխարհի դեմ կռիվ տալու» հետևանքների մասին, ոչ ընդդիմությունը։ Երկուսի համար էլ այս հռետորաբանությունը բացառապես ներքաղաքական գործիք է, որով մեկը փորձում է պահպանել իշխանությունը, մյուսը՝ խլել։ 

Մարկ Նշանյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: