Արցախ
Մարտակերտի զորամասերից մեկի մոտ հայտնաբերվել է զոհված զինծառայողի աճյուն
Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում, այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուններ չեն հայտնաբերվել»,– նշված է հաղորդագրության մեջ:
Օրվա երկրորդ կեսին Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք: Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի վերջինիս ինքնությունը:
Որոնումները կշարունակվեն վաղը: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն ուղղությունների մասին կհայտնի առավոտյան:
Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1486 աճյուն: