«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Մայր Աթոռն իր խոր մտահոգությունն է արտահայտում որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ

Մայր Աթոռն իր խոր մտահոգությունն է արտահայտում որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ

Մայր Աթոռի հայտարարություն է տարածել.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է արտահայտում վարչապետի որդու ենթադրյալ առևանգման մեղադրանքով որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ։

Հասարակության մեջ խռովություններ ու հուզումներ առաջացնող նման ընթացքները ազգային անվտանգության ներկայիս սպառնալիքների պայմաններում ծանր հարված են հայրենիքի պաշտպանությանը լծված մեր զավակների ոգու զորությանն ու նվիրումին և կարող են հանգեցնել նոր պառակտումների ազգային կյանքում:

Հորդորում ենք իշխանության պատկան մարմիններին, առավելագույնս հաշվի առնելով զոհված զինվորի ծնողի պարագան, երկրում առկա մտահոգությունները և զգայունությունները, քրեական գործի քննությունը իրականացնել ամենայն անաչառությամբ, առանց տիկին Գայանե Հակոբյանի մեկուսացման։

Աղոթում ենք մեր հայրենիքի խաղաղության, մեր պետության անվտանգության համար։ Աղոթում ենք նաև նահատակված մեր բոլոր զավակների հոգիների հանգստության համար և մեր զորակցությունը բերում զոհված զինվորների ծնողներին և ընտանիքներին»,  ասված է Մայր Աթոռի տարածած հայտարարությունում:

Ռազմի դաշտում որդուն կորցրած մոր կալանավորումն ավելի մեծ խայտառակություն է, քան նույնիսկ ԱԺ տխրահռչակ նախագահի կողմից օրը ցերեկով Երևանի կենտրոնում քաղաքացու երեսին թքելու զազրելի արարքը, երեկ՝ մայիսի 21-ին հայտարարել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը

«Այս երկու դեպքերը ցույց են տալիս, որ իշխանության լկտիությունն այլևս չափ ու սահման չունի: Թվում է, թե Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացումն առաջին հերթին պետք է լիներ իշխանությունների պարտականությունն ու մտահոգությունը, սակայն, ինչպես տեսնում ենք, հենց նրանք են, որ իրենց լկտի ու անհեռատես արարքներով ավելի ևս բորբոքում են այդ լարվածությունը: Այսպես շարունակվելու դեպքում մեր երկրին շատ ավելի տխուր, եթե ոչ պայթյունավտանգ հեռանկար է սպասում», նշում է ՀՀ Առաջին նախագահը:

Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, նրանց աջակցող քաղաքացիները մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։