«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Նարե Հովհաննիսյան. «Ադրբեջանցիների դիրքերը այնպիսին են, որ ամեն ինչ իրենց նշանառության տակ է»

Նարե Հովհաննիսյան. «Ադրբեջանցիների դիրքերը այնպիսին են, որ ամեն ինչ իրենց նշանառության տակ է»

«Ադրբեջանցիների դիրքերը այնպիսին են, որ ամեն ինչ իրենց նշանառության տակ է, և խոսել, որ Գորիսում անվտանգ է, սխալ է կամ գոնե հետևանք է այն բանի, որ իրականության մասին ռեալ պատկերացում չունեն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Նարե Հովհաննիսյանը, ով Գորիսից է և պարբերաբար այցելում է Սյունիքի սահմանամերձ համայնքներ՝ տեղում ծանոթանալով խնդիրներին:

«Գորիսից Որոտան մտնելիս 3կմ-անոց հատվածում, որտեղ ադրբեջանցիները անցակետ են տեղակայել, այդ հատվածում վտանգավոր է նաև հայերի համար, որովհետև տվյալ հատվածում երկու կողմից ադրբեջանցիներն են: Վերջերս, երբ անցնում էինք այդ հատվածով, այնտեղ ոչ միայն ադրբեջանցի զինվորականներ էին, այլ նաև քաղաքացիական անձինք էին, ովքեր շինարարական աշխատանքներ էին անում: Ադրբեջանցի զինվորականներն ամբողջությամբ սպառազինված են, և դա բավականին ճնշող է, որովհետև դու փաստացի հայտնվում ես թշնամու տարածքում և որևէ երաշխիք չունես, որ եթե ինչ-որ մի բան ադրբեջանցիների քիմքին հաճելի չլինի, դու այդ հատվածից կկարողանաս դուրս գալ:

Դեպի Որոտան տանող ճանապարհահատվածում ադրբեջանցիները դեպի Ադրբեջան մուտք ազդարարող ցուցանակ են տեղադրել «Բարի գալուստ Ադրբեջան». սա բավականին ճնշող է»,-  հայտնեց իրավապաշտպան Նարե Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ Շուռնուխ գյուղը կիսվել է, և 10-ից ավելի տուն անցել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, դա ցածր դիրքում է, և դիրքերի բաժանումը հետաքրքիր է ստացվել: Երբ մտնում ես այդ հատվածներ, սկզբում ադրբեջանական հսկողության տակ անցած տներն են, հայտնի գոմի կեսն ու կողքի տունը հայկական են: Այդ մի տունն իր կես գոմի հետ ադրբեջանական դիրքի ափի մեջ է գտնվում:

Մյուս տները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, տեղանքի առումով էլի անբարենպաստ են, որովհետև բարձրադիր հատվածում են: Եվ նորակառույց տները, որոնք կառուցվում են իրենց տները կորցրած բնակիչների համար, ադրբեջանական դիրքի դիտակետում են:

Այսինքն՝ ադրբեջանցիները շատ հանգիստ կարող են հետևել մարդկանց շարժին և միևնույն ժամանակ ցանկացած պահի որևէ գործողության դիմել, որովհետև ադրբեջանցիների տեղակայման դիրքը բավականին հարմար է:

Ինչ վերաբերում է Որոտանին կամ ընդհանրապես այդ գյուղի կենսագործունեությանը, ապա մարդիկ այս պահին փաստացի չեն կարող զբաղվել անասնապահությամբ, որովհետև այդ անասունները բնազդով կգան այն տարածքները, որտեղ նախկինում արածել են: Դա խնդիր է, և մարդը հիմա վաճառում է իր անասունները և հետևաբար չի կարող զբաղվել անասնապահությամբ:

Հողագործությամբ զբաղվելու համար էլ պայմաններ չկան, որովհետև մարդիկ իրենց տների հետ կորցրել են նաև իրենց այգիները:

Այն առօրյան, որով գյուղացին զբաղվում էր, հիմա չկա, որովհետև կամ զրկվել է իր հողատարածքից, կամ էլ ինչ որ մնացել է, դա էլ չի բավականացնում: Այս պահի դրությամբ այնտեղ չկան կրակոցներ»,- նշեց Հովհաննիսյանը:

Նարե Հովհաննիսյանը, անդրադառնալով այն հակասական տեղեկություններին, որ մի մասն ասում է՝ Սյունիքն անվտանգ է, իսկ մյուս մասն էլ հակադարձում, նշեց.

«Միանշանակ Սյունիքն անվտանգ չէ, և սա ասում եմ ոչ թե խուճապ առաջացնելու համար, կամ Սյունիքն անվտանգ է ասողներին հակադարձելու համար, այլ դա ասում եմ՝ հաշվի առնելով իրական ռիսկերը:

Ադրբեջանցիների դիրքերը այնպիսին են, որ ամեն ինչ իրենց նշանառության տակ է, և խոսել, որ Գորիսում անվտանգ է, սխալ է կամ գոնե հետևանք է այն բանի, որ իրականության մասին ռեալ պատկերացում չունեն:

Քաղաքում երբ շրջում ես, մարդիկ իրենց հոգսերով ապրում են, որովհետև ադրբեջանցիներն ակտիվ մարտական գործողություններ չեն իրականացնում, իրենց դիրքերում են և ժամանակ առ ժամանակ, երբ «հավես» են ունենում, գերի են վերցնում և անունն էլ դնում, որ հայտնվել են մեր վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Իր տանը ապրող, աշխատող մարդուն չի սպառնում գերի ընկնել, որովհետև այդ դիրքերին մոտ տեղանքներում նման բաներ չեն լինում: Խնդիրն այն է, որ եթե Ադրբեջանը որոշի փակել իրեն հանձնված հատվածները, ապա այդ գյուղերը հայտնվելու են շրջափակման մեջ, և կտրվելու է ոչ միայն Գորիսի հետ կապը, այլև Հայաստանի մյուս բնակավայրերի հետ կապը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում եզրափակեց իրավապաշտպանը:


Նշենք՝ Նարե Հովհաննիսյանը Գորիս համայնքի ավագանու հոկտեմբերի 17-ի ընտրություններում Հայ Ազգային Կոնգրեսի ցուցակում է։ 

Ներկայացնում ենք կենսագրականը։

Նարե Հովհաննիսյանը ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 8-ին` Գորիսում: Ավարտել է Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոց-վարժարանը:

  • Ունի բանասիրական և իրավաբանական կրթություն։ 2001 թվականին ընդունվել է Գորիսի պետական համալսարան, որը գերազանցությամբ ավարտել է 2006 թվականին՝ ստանալով «Հայոց լեզվի և գրականության» ուսուցչի որակավորում՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ:
  • 2008-2010 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի «Հայ բանասիրության» ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով «Բանասիրության» մագիստրոսի աստիճան` «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ:
  • 2017-2019թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Հյուսիսային համալսարանը՝ ստանալով «Իրավագիտության» մագիստրոսի աստիճան` «Քրեական իրավունք և դատավարություն» մասնագիտությամբ:

Գորիսի պետական համլսարանում ուսանելու տարիներին Նարե Հովհաննիսյանն աշխատել է Գորիսի «Լաստ» հեռուստատեսությունում` որպես հեռուստալրագրող, Գուսան Աշոտի անվան մշակույթի տանը` որպես հանդիսավար: Դպրոցական և ուսանողական տարիներին անդամակցել է Գորիսի «Անակնկալ» մանկապատանեկան կենտրոնին, «Պարմանի» և «Թթենի» ակումբներին, «Գորիսի ստեղծագործողներ» հասարակական կազմակերպությանը:

Ստեղծագործել է դպրոցական տարիներից: Նրա բանաստեղծությունները տպագրվել են «Կանչ», Տաթև համալսարանի, «Զանգեզուր», «Հորիզոն», «Պոլիտեխնիկ», Հայաստանի գրողների միության հրատարակած «Գրեթերթ» և այլ թերթերում, «Նոր դար», «Հայոց լեզու և գրականություն», «Նարցիս» ամսագրերում:

2006 թվականին տպագրվել է Նարե Հովհաննիսյանի «Իմ արյունը թարմ է» բանաստեղծությունների ժողովածուն: 2011թ. նրա բանաստեղծություններն ընդգրկվել են Հայաստանի գրողների միության և Սփյուռքի նախարարության կողմից հրատարակված «Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ» անթոլոգիայում, 2013 թվականին՝ «Համազգային հայ կրթական և մշակութային միության» կողմից կազմված «18-33. արդի հայ պոեզիա» անթոլոգիայում, 2017 թվականին՝ «ԳՐԵգիրք» ժողովածուում:

Նարեն ունի բազմոլորտ աշխատանքային փորձ։

  • 2010 թվականից թղթակցել է «Առավոտ» օրաթերթին, «Ամսագիր» էլեկտրոնային թերթին, «Միհր» հայ-իրանական հանդեսին:
  • 2013 թվականին որպես բաժնի համակարգող աշխատել է Երևանի Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի «Բրիտանական կենտրոնում», իսկ 2014 թվականին որպես վարչական քարտուղար աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Շարունակական կրթության» բաժնում:
  • 2017-2021թթ. համակարգել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հանրային կապերի և հաղորդակցության աշխատանքները:
  • 2011 թվականից աշխատել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: 2017 թվականին հիմնադրել և ղեկավարում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը:
  • Իր հիմնադրած կազմակերպության կողմից 2019 թվականին անդամակցել է ՀՀ քննչական կոմիտեի մոնիթորինգային խմբին, 2019-2020թթ.՝ հոգեբուժական hաստատությունների դիտորդական խմբին, 2017 թվականից մինչ այժմ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին:

Անկուսակցական է: