Ո՞րն է տարբերությունը «նիկոլական կանոնի» և Կանոնականի միջև. Բացատրագիր
Ամեն անգամ, երբ Մայր Աթոռից կոչ են անում մնալ ԿԱՆՈՆԱԿԱՆ տրամաբանության մեջ, մեզ մոտ տպավորություն է, որ երկրի «գերագույն աստվածաբանը», ով իր տասը մոլորյալ «գործընկերների» հետ մի թուղթ ստորագրեց՝ փորձելով իբր «բարենորոգել» Եկեղեցին, պարզապես չի հասկանում, թե ինչ ասել է կանոն այս համատեքստում։
Խնդիրն այն է, որ նա և «կրթությունը նորաձև» հռչակած նրա բազմաթիվ հնազանդները «կանոն» բառը հասկանում են այնպես, ինչպես հեծանիվ քշելու կամ երթևեկության կանոնները. այսօր կա, վաղը կարող ենք փոխել, եթե ինչ-որ մեկի «ինադու» վիզ պետք է։
Նախապես ներողություն ենք խնդրում տեղ-տեղ կիրառված պրիմիտիվ բառապաշարի համար, զի մեր նպատակն իսկապես միայն բացատրելն է։ Եվ այսպես, քանի որ գործ ունենք ԿԱՆՈՆԱԿԱՆ իրավունքի հետ, եկեք մի փոքր լուսավորենք մեր թավշյա անգետներին։ Ինչ իմանաս, միգուցե ու կրթվեն։
Ծագումը. Եղեգից մինչև Աստվածաշունչ
«Կանոն» բառը հունարեն kanōn բառն է, որը հունարենում հայտնվել է սեմական (փյունիկերեն կամ եբրայերեն qaneh) լեզուներից և նշանակում է «եղեգ»։ Ինչու՞ եղեգ։ Որովհետև հին աշխարհում եղեգը ծառայում էր որպես չափելու միջոց՝ չափաքանոն։ Այն ուղիղ էր, պինդ և չէր ծռվում։ Եթե ուզում էիր պատ կառուցել, եղեգով էիր չափում, որ ծուռ չլինի։
«Կանոն» բառը հայերենի բառապաշարում հայտնվել է հենց Աստվածաշնչի թարգմանության և քրիստոնեության ընդունման հետ միասին (5-րդ դար)։ «Կանոնը» բերեց բացարձակ չափանիշի գաղափարը։ Բառի ծագումն ու գործածումը հայերենում հենց հոգևոր սկիզբ ու ակունք ունի։
Աստվածաշնչյան ԿԱՆՈՆ կոչվածը Սուրբ Գրքի այն գրքերի ցանկն է, որոնք ընդունվում են որպես Աստվածաշունչ և հավատքի չափանիշ։ Դա այն «մետրն» է, որով չափվում է ճշմարտությունը։ Սուրբ Գիրքն էլ իր հերթին մի հատիկ գիրք չէ, որ որևէ միջին վիճակագրական իջևանցի առնի դնի թևի տակ, միջից երկու բառ ցիտի ու գցի ֆեյսբուք, թե բա՝ «տեհեք, տեհեք, ես էլ եմ պյան գիդմ»։
Յուրաքանչյուր եկեղեցի ունի Սուրբ Գրքի իր ԿԱՆՈՆԸ. այսինքն՝ այն գրքերի ցանկը, որոնք համարում է սուրբ և Աստծո խոսք։
Հայկական vs Կաթոլիկ Կանոն. ով ավելի շատ «եղեգ» ունի
Կաթոլիկ եկեղեցու աստվածաշնչյան կանոնը (Vulgata) վերջնականապես հաստատվել է Տրիդենտյան ժողովում (1546 թ.) և բաղկացած է 73 գրքից։
Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնը ավանդաբար ավելի լայն է և ներառում է 75-76 գիրք (օրինակ՝ ներառելով Մանասեի աղոթքը կամ Կորնթացիներին ուղղված 3-րդ թուղթը)։
Կաթոլիկների մոտ կանոնական իրավունքը (Codex Iuris Canonici) հստակ կոդիֆիկացված է։ «Կոդիֆիկացված» լինելը նշանակում է, որ եկեղեցական բոլոր օրենքները հավաքված են մեկ միասնական, համակարգված և համարակալված օրենսգրքի մեջ։ Կաթոլիկ եկեղեցին իր բոլոր «եղեգները» դրել է մեկ տուփի մեջ և ստեղծել հոգևոր «Սահմանադրություն»։ Բայց նույնիսկ այնտեղ ոչ մի աշխարհիկ իշխանավոր իրավունք չունի միջամտել այս համակարգին։
Codex-ում ամեն ինչ գրված է կանոններով։ Օրինակ՝
- Կանոն 331. Բացատրում է Հռոմի Պապի լիազորությունները։
- Կանոն 1404. Ասում է՝ «Առաջնային Աթոռը (Պապը) ոչ մեկի կողմից չի դատվում»։
Երբևէ որևէ աշխարհիկ իշխանավորի մտքով չի անցել ասել՝ «եկեք Կանոն 331-ը փոխենք, որ Պապին ես նշանակեմ»։
Իսկ ի՞նչ է «Կանոնագիրք Հայոց»-ը
Ի տարբերություն կաթոլիկների Codex-ի, որը նման է ժամանակակից օրենսգրքի, Կանոնագիրք Հայոցը նման է հարուստ գրադարանի, որտեղ ամեն դար իր շերտն է ավելացրել։ Այն ունի ժամանակագրական հավաքածուի կառուցվածք և սկսել է ձևավորվել 5-րդ դարում՝ ներառելով.
- Առաքելական կանոններ. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների դրած հիմքը։
- Տիեզերական ժողովների որոշումներ. Նիկիայի, Կոստանդնուպոլսի և Եփեսոսի ժողովների «եղեգները»։
- Ազգային-եկեղեցական կանոններ. Շահապիվանի, Դվինի և այլ ժողովների որոշումները։
Հայ Առաքելական Եկեղեցում փոփոխությունները տեղի են ունենում բացառապես Ազգային-եկեղեցական ժողովով, իսկ կաթոլիկների Codex-ում՝ միայն Պապի հրամանագրերով։ Սակայն հարկ է ընդգծել, որ երբ մենք ասում ենք, որ կաթոլիկների մոտ կանոնական իրավունքը կոդիֆիկացված է, մենք շեշտում ենք, որ նույնիսկ ամենաիրավաբանական ու «չոր» համակարգ ունեցող եկեղեցում Աստվածային իրավունքը (Ius Divinum) անձեռնմխելի է պետության համար։
Ի դեպ, Վատիկան պետությունը ստեղծվել է ընդամենը 1929 թվականին ընդամենը մեկ նպատակով՝ ապահովելու Սուրբ Աթոռի անկախությունը աշխարհիկ պետություններից (տվյալ դեպքում՝ Իտալիայից)։
Կաթոլիկ եկեղեցին ստեղծել է իր փոքրիկ պետությունը, որպեսզի ոչ մի աշխարհիկ վարչապետ չկարողանա մտնել իր տարածք և «ճանապարհային քարտեզներ» գրել իր համար։
Եթե նույնիսկ այնտեղ, որտեղ Եկեղեցին և Պետությունը նույն տարածքում են, գոյություն ունի Ius Divinum (Աստվածային իրավունք), որն անձեռնմխելի է, ապա Հայաստանի նման աշխարհիկ պետությունում վարչապետի միջամտությունը ուղղակի անհեթեթություն է։
Նույնիսկ Վատիկանի ներսում կա հստակ բաժանում.
- Կա Վատիկանի քաղաքացիական օրենսդրությունը (որը վերաբերում է փոստին, ոստիկանությանը, ասֆալտին)։
- Կա Կանոնական իրավունքը (որը վերաբերում է հավատքին և Եկեղեցու ԴՆԹ-ին)։
Նույնիսկ Հռոմի Պապը, լինելով այդ պետության բացարձակ միապետը, իրավունք չունի «պետական հրամանագրով» փոխել Աստվածային իրավունքը։ Օրինակ՝ նա չի կարող պետական որոշմամբ հայտարարել, որ Ավետարանը այլևս կանոնական չէ։
Այսինքն, Վատիկանում, որտեղ Պապը և՛ պետության ղեկավարն է, և՛ հոգևոր առաջնորդը, Աստվածային իրավունքը (Ius Divinum) վեր է պետական որոշումներից։ Իսկ Նիկոլը, լինելով ընդամենը աշխարհիկ վարչապետ, փորձում է լինել ավելի «պապ», քան Հռոմի Պապը՝ ստորագրելով եկեղեցական կանոններ փոխելու տակ։ Փաշինյանը փորձում է անել մի բան, որը նույնիսկ «Պապական պետության» ղեկավարն իրեն թույլ չի տալիս։
Ո՞րն է տարբերությունը «Նիկոլական կանոնի» և Կանոնականի միջև
Նիկոլը փորձում է մեր Կանոնագիրքը վերածել կառավարության որոշման հավելվածի։ Նա կարծում է, թե կարելի է խմբագրել Եկեղեցու ԴՆԹ-ն «Google Docs»-ով ու տակը ստորագրել «ՀՀ Վարչապետ»։
- Կանոնական կարգ նշանակում է՝ Եկեղեցու ներքին հարցերը լուծվում են բացառապես եկեղեցական մարմիններում։
- Նիկոլական «կանոն»-ը ասում է՝ եթե Կաթողիկոսը («փաստացի պետը») ինձ դուր չի գալիս, ես նրան «թոշակի» կուղարկեմ, կստեղծեմ մի «Համակարգող խորհուրդ»՝ իմ գլխավորությամբ, ու կասեմ՝ «սա է բարենորոգումը»։
Սա նույնն է, ինչ վարչապետը հրամանագիր ստորագրի, որ սկսած վաղվանից մաթեմատիկայի մեջ $2+2=5$, որովհետև բյուջեում փողը չի հերիքում։ Թվաբանության կանոնը չի փոխվի, իսկ դու պարզապես ծաղրուծանակի առարկա կդառնաս։
Այն 10 եպիսկոպոսները, որոնք հնազանդվել են վարչապետին, վստահաբար գիտեն, թե ինչ է կանոնը։ Նրանք պարզապես իրենց հոգևոր «եղեգը» փոխարինել են քաղաքական «կադաստրի վկայականի» հետ։ Կանոնական տեսանկյունից՝ նրանք մասնակցում են հերձվածի (schism - պառակտում), ինչը Եկեղեցու կենդանի մարմնի անդամահատումն է։
Կոդիֆիկացված լինի, թե ոչ՝ Եկեղեցու «եղեգը» չի կարող դառնալ վարչապետի «ցուցափայտը»։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, ոչ թե Նիկոլի «ՊՈԱԿ»-ը։
Հայաստանի սահմանադրությունը (Հոդված 17) արգելում է պետությանը միջամտել Եկեղեցու ներքին կանոններին։ Ստորագրելով եկեղեցու կառավարման «Ճանապարհային քարտեզի» տակ որպես «ՀՀ Վարչապետ»՝ նա ոչ թե բարենորոգում է անում, այլ ինքնախոստովանական ցուցմունք է տալիս սահմանադրական կարգի տապալման մասին։
Իսկ այն տասը եպիսկոպոսները, ովքեր կարծում են, թե վարչապետի ստորագրությունը ավելի զորեղ է, քան Կանոնական կարգը, պարզապես մոռացել են պատմության ամենակարևոր դասը՝ Աստծունը՝ Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին։


