«Ու նման հայտարարություն անողները, սանձարձակ ոգևորությամբ քննադատում են Տեր-Պետրոսյանի առաջարկները»
Հատված ՀՅԴ ԳՄ այսօրվա հայտարարությունից․ «Պատերազմից երկու տարի անց հայկական երկու պետականությունները կանգնած են ճակատագրական մարտահրավերների, պատերազմի իրական սպառնալիքի առջև։ Աշխարհաքաղաքական նոր իրողությունների, խախտված ուժային հավասարակշռության և խոցված ինքնիշխանության պայմաններում գործող քաղաքական ռեժիմն անկարող է դիմակայել Հայոց պետականությանն ու հայ ժողովրդին ուղղված գոյութենական սպառնալիքները, նոր կապիտուլյացիայի հեռանկարը։
Այսօր, ավելի քան երբևէ, հայ ժողովրդի լինելիության հրամայականը, ՀՀ անվտանգային շահերը, մեր պետականության ապագան պահանջում են ազգային միասնականություն և համախնբում»:
Եթե ասելքը թերգմանենք, ապա կստացվի հետևյալը.
- մենք կանգնած ենք ճակատագրական մարտահրավերների առջև,
- փաշինյանական իշխանությունը սպառված է,
- անկախ փաշինյանից, գոյություն ունեն նաև աշխարհաքաղաքական նոր իրողություններ,
- կա ՆՈՐ կապիտուլյացիայի հեռանկար (այսինքն՝ մի կապիտուլյացիա արդեն իսկ տեղի է ունեցել),
- այս ամենից խուսափելու համար ազգային համախմբում է անհրաժեշտ:
Ու նման հայտարարություն անող մարդիկ, նրանց հարող շրջանակները սանձարձակ ոգևորությամբ քննադատում են Տեր-Պետրոսյանի կողմից երեկ հնչեցված թեզերն ու առաջարկները:
Եթե անբարոյականության կանխավարկածը մի կողմ թողնենք, ապա այս մարդիկ ընկալման հետ խնդիրներ ունեն:
Եթե դուք անընդունելի եք համարում Տեր-Պետրոսյանի այն պնդումը, որ 44-օրյա պատերազմի արդյունքում Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել, ապա ինչպե՞ս եք ինքներդ պնդում, որ «ՆՈՐ կապիտուլյացիայի հեռանկար» կա: Կամ, եթե մենք կապիտուլյացիայի չենք ենթարկվել, ինչպես դուք եք պնդում, այդ դեպքում «ՆՈՐ կապիտուլյացիայի հեռանկարը» ո՞րն է:
Եթե մեր պետականության ապագան համախմբում ու միասնություն է պահանջում, դուք ո՞նց եք անընդունելի համարում Տեր-Պետրոսյանի առաջարկը: Ովքերո՞վ եք համախմբվելու: Դուք՝ ձերոնցո՞վ: Երկու տարի է համախմբված եք ու ի՞նչ եք անում:
Այսինքն, եթե հայ ժողովրդի լինելիության, անվտանգության ու պետականության պահպանման համար պահանջում եք համախմբում, դա իրենից ենթադրում է, որ համախմբումը պետք է տեղի ունենա Փաշինյանի հեռացման շո՞ւրջ:
Այսինքն, հենց Փաշինյանը հեռանում է (հեռացման գործընթացն էլ հաշվի առած, քանի որ նա կամովի հեռանալու ցանկություն չի դրսևորում), հայ ժողովրդի լինելության, անվտանգության ու պետականության պահպանման հարցերն ինքնըստինքյան լուծվո՞ւմ են: Եթե՝ այո, ապա հենց այդպես էլ հայտարարեք: Թե չէ անիմաստ վերամբարձ կոչերն ո՞ւմ համար եք հնչեցնում: