Փաշինյան–Ալիև հանդիպման մանրամասները վարչապետը ներկայացրել է համանախագահներին
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան և կարևորել նրանց դերակատարությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային միջազգային մանդատ ունեցող ձևաչափ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ:
Վարչապետը ներկայացրել է հունվարին Դավոսում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման մանրամասները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համապատասխան մթնոլորտի ձևավորման շուրջ, ուրվագծել են հետագա քայլերը: Կարևորվել է հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածություների իրականացումը:
Հիշեցնենք`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` հունվարի 22-ին, Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների շուրջ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակնում տեղի ունեցած վերջին հանդիպումենրի ընթացքում բարձրացված հարցերը։
Համանախագահներին, մասնավորապես, հետաքրքրում էին հունվարին Դավոսում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպման մանրամանսերը:
Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ, ինչպես նաև կարգավորման գործընթացի համար նպաստավոր մթնոլորտի կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին գործընթացի շրջանակներում հետագա քայլերի և հանդիպումենրի շուրջ: