Փաշինյան. «Ես որ ՀՀԿ-ին ասում էի, որ «դուք գեյ ակտիվիստ եք», իրենք չէին հավատում»
«Ես որ ՀՀԿ-ինասում էի, որ «դուք գեյ ակտիվիստ եք», իրենք չէին հավատում, իրենք էդ կարգավիճակից չեն կարող խուսափել», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով օրերս Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ տրանսգենդերի ելույթին հաջորդած աղմուկին, փոխանցում է Ազատությունը:
Վարչապետը ընդգծեց՝ 2015 թվականին «Հայաստանի պահպանողական իշխանությունը, ընտանեկան արժեքների և ավանդական արժեքների պահապան իշխանությունը» Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և իրեն տվել է Հայաստանի քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր՝ նրան օժտելով ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով և պարտականություններով։
«Ես ինչքան հասկացա, Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ հիմա շատ ակտիվ էդ թեման քննարկում են և իշխանության առաջ հարց են դնում, թե «էս ի՞նչ է կատարվում» և այլն։ Ես ուզում եմ ասել հետևյալը՝ 2015 թվականին Հայաստանի պահպանողական իշխանությունը, ընտանեկան արժեքների և ավանդական արժեքների պահապան իշխանությունն, ինչպես իրենք են իրենց անվանում, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և իրեն տվել է Հայաստանի քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր, ընդ որում գրել է Լիլիթ Մարտիրոսյան, սեռն՝ արական, հիմա հանրապետականների մեջ ընդունված բա՞ն է, որ արական սեռի ներկայացուցիչների անունը Լիլիթ է։ Այն պահին, երբ ՀՀ իշխանությունն էդ մարդուն տվել է ՀՀ քաղաքացու անձնագիր Լիլիթ Մարտիրոսյան, սեռն՝ արական, նրան ընդգրկել է ընտրական ցուցակների մեջ, ուրեմն նրան օժտել է ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով և պարտականություններով։ Ես որ իրենց ասում էի, որ «դուք գեյ ակտիվիստ եք», իրենք չէին հավատում, իրենք էդ կարգավիճակից չեն կարող խուսափել, և սա ևս մեկ ապացույց է, էդ ում են եկել ինչի մեջ մեղադրում», - ասաց Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ խնդրի շուրջ գրավոր բացատրություն է պահանջել Պետական պահպանության ծառայությունից։
«Ինձ տվել են փաստաթուղթ, որ քաղաքացիների ցուցակը տվել է Նաիրա Զոհրաբյանը, ստորագրել է և էդ ցուցակով մարդիկ ընդգրկվել են», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Դա Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստ էր։ Հիմա բոլոր թող պատասխանեն՝ հանրապետականները, բարգավաճականները, հոգևորականները, պահպանողականները Լիլիթ Մարտիրոսյանը մարդ է, թե՞՝ մարդ չէ, եկեք սկսենք այս եզրույթից, երկրորդն՝ այն պահվածքը, որը ցուցաբերում է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը դա ընդհանրապես կասկածի տակ է դնում մարդու իրավունքների վիճակը, և այս պրովոկացիայի կազմակերպման արդյունքում կարծում եմ, որ ԲՀԿ-ն պետք է մտածի ընդհանրապես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում իրենց ներկայացրած հանձնաժողովի նախագահն արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է և ինքը համապատասխանո՞ւմ է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին, թե՞ ամբողջ խնդիրը նա է, որ կազմակերպել պրովոկացի, սա քաղաքական պրովոկացիա է և թիրախներն ուղղել «Իմ քայլը» խմբակցության դեմ», - ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահլիճում ընթացող մարդու իրավունքների խնդիրներին նվիրված լսումների ժամանակ ամբիոնին էր մոտեցել «Իրավունքի կողմ» ՀԿ ներկայացուցիչ Լիլիթ Մարտիրոսյանը, որը, պարզվել է, տրանսգենդեր է:
Նա իր ելույթում նշել է, որպեսզի «իրեն ընդունեն որպես հավաքական կերպար, որն իր մեջ ամփոփում է խոշտանգված, բռնաբարված, առեւանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, դանակահարված, սպանված եւ արժանապատիվ կյանքի բոլոր ոլորտներում խարանի ու խտրականության ենթարկված, գործազուրկ, աղքատ ու բարոյապես լքված հայ տրանսգենդերի կերպարը»:
Տրանսգենդերի ելույթից հետո Նաիրա Զոհրաբյանը նկատողություն էր արել օրակարգից դուրս թեմաներ քննարկելու համար, և դուրս հրավիրել նիստերի դահլիճից: ԲՀԿ խմբակցության առանձին պատգամավորներ և ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր քննադատեցին, որ թույլ է տրվել տրանսգենդերին մուտք գործել Ազգային ժողով: