Փաշինյան. «Հայկական կողմը ոչ թե բանակցային ձևաչափը փոխելու, այլ վերականգնելու առաջարկ է անում»
Արցախը բանակցային սեղան վերադարձնելու առաջարկով հայկական կողմը ոչ թե բանակցային ձևաչափը փոխելու, այլ վերականգնելու առաջարկ է անում։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ապա, որպեսզի իր խոսքերը մերկապարանոց չհնչեն, ներկայացրեց բանակցային գործընթացի վերաբերյալ իր բերած փաստաթղթերից մի քանի փաստ։
«Փաստ 1. Եթե ՄԽ–ը ձևավորվել է 1992թ.–ին, Եվրոպայի անվտանգության ու խաղաղության հանձնաժողովի ընդունած փաստաթղթում, որը հետագայում վերանվանվեց ԵԱՀԿ, պոտենցիալ մասնակիցների թվում հստակ նշված է` ԼՂ և այլ ներկայացուցիչներ հրավիրվելու են բանակցություններին` որպես շահագրգիռ կողմեր։
Հաջորդը` 1994թ.–ի մայիսին հրադադարի պայմանագիրը կնքել են 3 կողմ` Ադրբեջանի պաշպանության նախարար Մամեդովը, ՀՀ ՊՆ Սարգսյանն ու ԼՂ բանակի հրամանատար Բաբայանը, և այդ պայմանագրում նշված է` ստորագրում են հակամարտող կողմերը»,– ասաց Փաշինյանը` հակադարձելով ՀՀԿ–ի այն հայտարարություններին, թե Հայաստանը հակամարտության կողմ չէ։
«Մինչդեռ փաստաթուղթը, որտեղ գրված է, որ Հայաստանը հակամարտության կողմ է, ստորագրել է հենց իրենց կուսակցության նախագահը»,– ասաց նա։
Փաշինյանի վկայակոչած մեկ այլ փաստաթղթում`
1994թ.–ի սեպտեմբերի 21-ին ԵԽ Բուդապեշտի գագաթնաժողովի հռչակագրի ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հատվածում, գրված է, որ համաժողովի մասնակիցները ողջունում են հակամարտող կողմերի հրադադարի պայմանագիրը։
ԵԱՀԿ այն ժամանակվա գործող նախագահ Լազլո Կովաչն իր հայտարարության մեջ ևս նշել է, որ վերահաստատում է հակամարտության կողմ հանդիսացող երկու կողմերի և հակամարտության այլ կողմի` ԼՂ–ի մասնակցությունը բանակցային ողջ գործընթացում։
«Սա է բանակցային գործընթացը, որը միջազգայնորեն ճանաչվել է, և հետևաբար նրանք, ովքեր ասում են, թե իմ ասածը նշանակում է բանակցային ֆորմատի փոփոխություն, լավ տեղեկացված չեն բանակցային գործընթացի մասին»,– ասաց Փաշինյանը։
Այսքանով ՀՀ վարչապետը սահմանափակեց միջազգայնորեն ընդունված փաստաթղթերից կատարած իր մեջբերումները` հայտարարելով, որ կան նաև այլ փաստեր, այն մասին, թե ինչպես, ինչու և ում մեղքով Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից։