Փաշինյան. «Մենք ընդամենը լսում ենք հեռացող գնացքի անիվների տրոփյունը՝ չուկ-չակ-չարակ-չակ»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծի քաղաքական նկատառումը համարում է երկիրը սահմանադրական կարգին համապատասխանեցնելը: Այս մասին վարչապետն ասաց դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանի հարցին:
«Որևէ օրենք չի կարող քաղաքական նկատառում չունենալ, և, հետևաբար քննադատել, որ որևէ օրենք ունի քաղաքական նկատառում դա չլսված բան է: Քաղաքական նկատառումը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում հաստատված իրավիճակը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ նախատեսված իրավիճակին, և, եթե լուծումներ չլինեն, այդպես շարունակվելու է մինչև 2035թ.: Հիմա որոշ գործողությունների, այդ թվում նաև կեղծիքի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որում ՍԴ-ն չի կարող լինել այնպիսին, ինչպիսի նախատեսված է Սահմանադրությամբ: Քաղաքական նկատառումն այն է, որ մեր երկիրը պետք է համապատասխանեցվի սահմանադրական կարգին»,- ասաց Փաշինյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հարցն առնչվում էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին: Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Կրթության ոլորտում որևէ անձ քաղաքականություն չի վարում, քաղաքականությունը վարում է ՀՀ կառավարությունը»:
Նրա խոսքով՝ չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել 0 ազդեցությամբ քաղաքական ուժի քմահաճույքով.
«Խոսքը մի քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ եղել է ապօրինի, կոռումպացված իշխանության հենասյուներից մեկը: Եթե այդ քաղաքական ուժը չառերեսվի իրականությանը, նա ՀՀ-ում չունի ապագա: Մենք ընդամենը լսում ենք հեռացող գնացքի անիվների տրոփյունը. մի հատ երգ կար՝ չուկ-չակ-չարակ-չակ»:
Փաշինյանը վերահաստատեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Հայաստանի ու Արցախի պատկերացումները նույնական են:Հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
«Կարծում եմ, որ մենք մեկուկես տարվա ընթացքում լուծել ենք մեր առաջ դրված խնդիրը՝ ձևակերպել ենք Հայաստանի և Արցախի նոր ասելիքը Լեռնային Ղարաբաղի հարցում, արձանագրել ենք, որ ՀՀ և ԼՂ կառավարությունների և ժողովուրդների պատկերացումները ԼՂ հակամարտության հարցի կարգավորման շուրջ նույնական են, և մեր ասելիքն ավելի լսելի ու հասկանալի է դարձել միջազգային հանրության կողմից»,- ասաց Փաշինյանը:
Ամբողջական՝ տեսանյութում