Փաշինյանը՝ նստացույցի մասնակիցներին. Ձեր պահանջներից որևէ մեկը չենք կիսում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտաքին գործերի նախարարություն՝ երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը գնալիս հանդիպեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքի դիմաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույց իրականացնող երիտասարդներին։ Երիտասարդները վարչապետին ներկայացրին իրենց տեսակետը, նշելով, որ «նախարարը Հայաստանում տապալել է կրթության և գիտության ոլորտում իրականացվող քաղաքականությունը»:
«Որ թալանչի լիներ, ընդունելության քննություններին գումար վերցներ, ոչ ոք չէր բողոքի չէ՞: Արայիկ Հարությունյանը չի իրականացնում Հայաստանում կրթական քաղաքականությունը, Հայաստանում կրթական քաղաքականությունը իրականացնում է կառավարությունը, և ես երեկ կառավարության նիստում շատ մանրամասն այդ հարցին անդրադարձել եմ: Ես չեմ կիսում այն տեսակետները, որ ինչ-որ մարդիկ ապազգային են, ինչ-որ մարդիկ ազգային: ՀՀ-ում մեր կառավարությունից ավելի ազգային կառավարություն չի եղել»,- ասաց վարչապետը:
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով որոշ բուհերի ուսանողների և ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչները նստացույց են անցկացնում: