Պուտինն ու Մակրոնը կաջակցեն Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության ամրապնդման քայլերին
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև համաձայնություն է ձեռք բերվել՝ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության ամրապնդմանն ուղղված քայլերին։ Այս մասին երեկ հայտարարել է Ելիսեյան պալատը՝ երկու պետությունների ղեկավարների զրույցից հետո։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության հարցը քննարկելիս Ֆրանսիայի ղեկավարը և նախագահ Պուտինը քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) ջանքերը՝ ուղղված վստահության ամրապնդմանը, այդ թվում՝ հումանիտար ոլորտում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հաստատել են, որ կօգտագործեն կարգավիճակն ու հեղինակությունը՝ հնարավորինս շուտ նման միջոցներ ձեռնարկելու համար։
Նշենք, որ դեկտեմբերի 14-ին հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները։ Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության` Վլադիմիր Պուտինը և Էմանյուել Մակրոնն ի թիվս այլ հարցերի, մանրամասն քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրադրությունը։
Հաղորդագրության համաձայն` Պուտինը ֆրանսիացի պաշտոնակցին է ներկայացրել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքները:
«Ներկայացվել է, թե ինչպես են տարածաշրջանում ընթանում հրադադարի պահպանման, փախստականների վերադարձի, առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման իրականացմանն ուղղված քայլերը»,- փոխանցում է Կրեմլի մամլո ծառայությունը։