Պուտինն ու Մերկելը մանրամասն քննարկել են ԼՂ հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցի ժամանակ մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Տեղեկությունը փոխանցում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Պուտինը Մերկելին տեղեկացրել է ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով ձեռնարկված միջնորդական ջանքերի, ինչպես նաև Բաքվի և Երևանի խնդրանքով շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուս խաղաղապահների գործունեության մասին։
Խոսակցության ընթացքում ընդգծվել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը նպաստում է տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի կարգավորմանը։
Կողմերը նշել են Ռուսաստանի կողմից ստեղծված Մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատանքներում միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավման անհրաժեշտությունը: