Պուտինը Գուտերեշին հիշեցրել է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ազգերի ինքնորոշման իրավունքի խնդրին, գրում է ria.ru-ն։
«Ես անձամբ կարդացել եմ Արդարադատության միջազգային դատարանի բոլոր փաստաթղթերը Կոսովոյի իրավիճակի վերաբերյալ, շատ լավ հիշում եմ որոշումը, որտեղ գրված է, որ ինքնորոշման իրավունքի իրացման ժամանակ որևէ պետության այս կամ այն տարածք պարտավոր չէ իր ինքնիշխանության հռչակման թույլտվության համար դիմել երկրի կենտրոնական իշխանություններին»,- ասել է ՌԴ ղեկավարը։
«Դրա նմանողությամբ՝ Դոնբասի հանրապետությունները նույն իրավունքն ունեին հայտարարելու իրենց ինքնիշխանության մասին, որովհետև ստեղծվել է նախադեպ»,- նշել է ՌԴ նախագահը։ «Ուրեմն համաձա՞յն եք դրա հետ»,- հարցրել է Պուտինը։ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն արձագանքել է՝ ասելով, որ կազմակերպությունը «չի ճանաչում Կոսովոն»։
«Սակայն ՄԱԿ-ի միջազգային դատարանը ճանաչել է», – հակադարձել է Ռուսաստանի ղեկավարը՝ պնդելով, որ եթե այս նախադեպը ստեղծվել է, Դոնբասի հանրապետությունները ևս կարող էին նույնը անել»: