«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանում ԵՄ առաքելությունը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ է գնահատում

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանում ԵՄ առաքելությունը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ է գնահատում

Փետրվարի 20-ին Եվրամիությունը գործարկում է իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում` անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում։ Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայվելու է Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում։

«ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված կլինի մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ»,- ասվում է ԵՄ Խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաքելության կազմում ընդգրկված է ֆրանսիացի 8 ժանդարմ։ Տեղեկություններ կան նաև գերմանացի ոստիկանների մասին։ Երկու տարվա մանդատ ստացած առաքելության օպերատիվ շտաբը Եղեգնաձորում է լինելու։

«Մենք գործարկել ենք Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA), որն այժմ գործում է և իր առաջին պարեկությունն արդեն անցկացրել է»,- գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Twitter-ում։

Նրա խոսքով` առաքելությունը կնպաստի մարդկանց անվտանգությանը, տեղում վստահություն կստեղծի և կաջակցի ԵՄ ջանքերին` ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին:

Եվրամիությունն ամեն ինչ անում է, որ Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից և թուլացնի նրա պատմական դերը որպես անվտանգության գլխավոր երաշխավորի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ քաղաքացիական մոնիթորինգային առաքելության աշխատանքի մեկնարկը։
«Ընդգծելով նոր առաքելության բացառապես քաղաքացիական բնույթը` Եվրամիության ներկայացուցիչները խորամանկում են։ Այն ծավալվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության իմաստով։ Հետևաբար` արժե դրան համարժեք վերաբերվել: Ցավոք, առաջինը անգամ չէ, որ արձանագրում ենք Եվրամիության և Արևմուտքի ձգտումը`ցանկացած միջոցով ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում»,-նշել է Զախարովան իր մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

Նրա խոսքով` ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունն այդ փորձերի մեջ տեսնում է բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ, որը հեռու է Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։

ՌԴ ԱԳՆ-ում համոզված են, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը տեսանելի հեռանկարում շարունակում են մնալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները։
«Դրանց համակողմանի իրականացման, այդ թվում` տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման, երկու երկրների հասարակությունների, փորձագետների, կրոնական շրջանակների, խորհրդարանականների միջև շփումների հաստատման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի մշակման շուրջ բանակցությունների միջոցով է անցնում տարածաշրջանում իրավիճակի առողջացման ամենաուղիղ ճանապարհը։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հետագայում ևս ամեն կերպ աջակցել դրան»,-հայտարարել է Զախարովան։

Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։