«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Ռոբերտ Ահարոնյան, Սաքուլիկ, «Ախալքալաքցիների գունդ». ովքե՞ր են Քոչարյանի աջակիցները

Ռոբերտ Ահարոնյան, Սաքուլիկ, «Ախալքալաքցիների գունդ». ովքե՞ր են Քոչարյանի աջակիցները

Մայիսի 14-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը, որը ուղեկցվեց նրա աջակիցների ցույցով։

Ցույցերի մասնակիցների թվում են եղել կասկածելի անցյալով և վարքագծով հայտնի մի շարք մարդիկ։ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է նրանցից որոշների ինքնությունը, գրում է fip.am-ը:

Սկսենք, թերևս, Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ոչ պաշտոնական առաջնորդից՝ Արմեն Մինասյանից։ Նա ասպարեզում հայտնվել է 2018 թվականին։ Մինասյանը ֆեյսբուքում ունի իր սեփական էջը՝ մոտ 2,800 հետևորդով և վարում է «Հայոց Ազգային Դաշինք» անվանումով մի այլ էջ, որը ունի մոտ 11,700 հետևորդ։

Մինասյանը առավել հայտնի դարձավ անցած դեկտեմբերին, երբ Երևանում նրա գլխավորած «Ազատություն նախագահին» նախաձեռնող խումբը ցույց անցկացրեց Գլխավոր դատախազության շենքի մոտ` պահանջելով ազատ արձակել Քոչարյանին։

Այդ ցույցից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ Դավիթ Հովհաննիսյանը հրապարակեց մի գրառում, ըստ որի Մինասյանը «հեղափոխությունից հետո օրեր շարունակ գալիս էր ՔՊ գրասենյակ ու գործ էր մուրում»։ Գրառմանը կցված էր նկար, որում պատկերված է Մինասյանը՝ ՔՊ գրասենյակում։

Մինասյանը հակադարձեց, որ ինքը գնացել էր ՔՊ գրասենյակ 2018-ի գարնանը՝ բացատրություն պահանջելու իր անչափահաս որդուն իրենց քարոզչական գործերում ներառելու համար։

Ռոբերտ Ահարոնյան

Քոչարյանի աջակիցների թվում էր նաև Ռոբերտ Ահարոնյանը։ Նախկինում հայտնի որպես կոմունիստ և «Հայաստանի սոցիալիստական շարժում» կուսակցության նախագահ, Ահարոնյանը աչքի է ընկել որպես գեյերի դեմ ցույցերի մասնակից։

Նա 2015-ին ԼԳԲՏ համայնքի խորհրդանիշ համարվող ծիածան դրոշը այրել էր Երևանում Եվրամիության ներկայացուցչության դիմաց։

Չնայած դրան, 2015թ. նոյեմբերին համացանցում էր հայտնվել մի տեսանյութ, որում Ահարոնյանը գեյ ծանոթությունների համար նախատեսված կայքով ծանոթանում է երիտասարդ տղաների հետ։ Ահարոնյանը տեսանյութը «սարքած» էր համարել։

Գագիկ Բաղդասարյան

Քոչարյանի աջակիցներից հաջորդը Գագիկ Գուրգենի Բաղդասարյանն է, որը ունի բավականին հետաքրքիր անցյալ։

2010-2013թթ. եղել է ԱԺ պատգամավոր՝ «Օրինաց Երկիր» խմբակցության անդամ։

Այնուհետև 2013թ. նա «Բարև Երևան» դաշինքի կազմում ընտրվել էր Երևանի ավագանու անդամ։

Մայիսի 13-ին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գրառում հրապարակեց, ըստ որի Բաղդասարյանը 2018 թվականի քաղաքական վերադասավորումներից հետո մասնակցել է Փաշինյանի կողմնակիցների ավտոերթին և պայքարել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ։

Ըստ Սիմոնյանի, նա հետագայում նաև մասնակցել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակ մտնելու համար հարցազրույցի, սակայն չի անցել։

Սերգեյ Խառատյան («Սաքուլիկ»)

Նախկին նախագահի աջակիցների շարքում մեր թիմը կարողացավ նույնականացնել 2013-ին հայտնի դարձած «Սաքուլիկին»։

2013թ․ Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում պետք է պաշտպաներ իր ատենախոսությունը։

Որոշ լրագրողներ, ցանկանալով ներկա գնտվել նրա ատենախոսության բաց պաշտպանությանը, հանդիպել էին մի խումբ մարդկանց արգելապատնեշի։ Մասնակիցներից ամենաակտիվը, թերևս, Սերգեյ Խառատյանն էր, նույն ինքը՝ Սաքուլիկը։ Նա այն ժամանակ տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահն էր։

Մայիսի 14-ին Սաքուլիկը Քոչարյանի աջակիցների թվում էր։ Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ նախկինում ՀՀԿ անդամ էր, իսկ այժմ՝ ոչ։

«Ախալքալաքցիների գունդ»

Աջակիցների ցույցին ներկա էր նաև 2013թ. փետրվարին Երևանի պետական համալսարանի դասադուլավոր ուսանողներին հայհոյող «Ախալքալաքցիների գունդ» անունը ստացած խմբի առնվազն մեկ անդամ։

Ռոման Նազարյան

Ռոման Միխայիլի Նազարյանը 2018թ. ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի 140-րդ համարը, ինչպես նաև ռեյտինգային թեկնածու՝ թիվ 4 ընտրատարածքում, որը ընդգրկում է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն համայքները։

Այլոք

Մայիսի 14-ի ցույցի մասնակիցներից էր նաև ռուսաստանահայ քաղաքական մեկնաբան Գեորգ Խաչատրյանը։ Նա հանդես է եկել տարբեր թեմաների շուրջ մեկնաբանություններով «Քաղաքացիական հարթակ» ֆեյսբուքյան էջով։

Մյուս մասնակիցը, որը ևս կապեր ունի Ռուսաստանի հետ, Աշոտ Ալեքսեևիչն է։ Ըստ նրա ֆեյսբուքյան էջի՝ նա դպրոց է հաճախել Մարտակերտում, հետագայում կրթություն ստացել Մոսկվայում, իսկ 2003-2006թթ. եղել է ՀՀ պետական սահմանի պահպանության գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ։ 2006-ին տեղափոխվել է Ռուսաստան և զինվորական ծառայությունը շարունակել այնտեղ։

Ցույցի ընթացքում Քոչարյանի աջակիցների թվում նկատեցինք նաև 7or.am կայքի խմբագիր Արեգնազ Մանուկյանին։ 

Թեև Մանուկյանը ԶԼՄ ներկայացուցիչ է, սակայն, ինչպես երևում է մեր կողմից արված լուսանկարում, Արեգնազ Մանուկյանը չէր կրում լրագրողական բեյջ, որը հիմք է տալիս ենթադրելու, որ վերջինս ևս Քոչարյանի աջակիցների կողմից կազմակերպված ցույցի մասնակիցներից մեկն է։

Հիշեցնենք, որ 7or.am կայքի հիմնադիրն է Անդրանիկ Թևանյանը, եզրափակում է fip.am-ը: