Ռոբերտ Քոչարյանի դեմ բողոքը Հաագայի դատարանում է
«Ռոբերտ Քոչարյան անունով ոմն բռնազավթիչ, երկիցս ապօրինաբար տիրելով հանրապետության նախագահի աթոռին, իր գահակալությունը սկսեց եւ ավարտեց արյունահեղությամբ, Հայաստանը վերածեց ավազակապետության եւ ի չիք դարձրեց Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման հնարավորությունը»։ Լևոն Տեր-Պետրոսյան
2008 թվականից Համաժողովրդական շարժման կենտրոնը նախաձեռնել էր ստորագրահավաք` Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Ստորագրահավաքի նախաձեռնության տեքստում ասված է.
«Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի պետականության եւ հայ ժողովրդի նկատմամբ գործել է ծանր հանցանքներ: Նա երկու անգամ նախագահական իշխանության է տիրացել կեղծ փաստաթղթերի հիման վրա` կատարելով իշխանության յուրացման ծանր հանցագործություն: Իր միանձնյա եւ բռնատիրական իշխանությունը նա ամրապնդեց արյունով` 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ, եւ Հայաստանում հաստատեց իրական ավազակապետական ռեժիմ: Նա իշխանությունը ավարտեց կրկին արյունով` 2008 թվականի մարտի 1-ի դաժան սպանդով, որ իր բոլոր հատկանիշներով հանցագործություն է մարդկության դեմ: Ուստիեւ մենք` Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս, պահանջում ենք մարտի 1-ի ոճրագործության միջազգային անկախ հետաքննություն, իսկ Ռոբերտ Քոչարյանի գործը հանձնել Հաագայի միջազգային քրեական դատարան»:
Նշենք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազի գրասենյակը ստացել է «Հայաստանի քաղաքացիներն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» փաստաթուղթը, որը ներկայացնում ենք ստորև.
«Դատախազության գրասենյակ Գլխավոր դատախազ, պրն. Լուիս Մորենո-Օկամպոյին
Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներից
ՀԱՂՈՐԴՈՒՄ
Հայաստանի Հանրապետությունում Միջազգային քրեական դատարանին ընդդատյա հանցագործությունների կատարման մասին.
Մեծարգո պարոն դատախազ,
1998թ-ին Ռոբերտ Քոչարյանը, կոպտորեն խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, առաջադրվեց ՀՀ Նախագահի թեկնածու եւ կեղծված ընտրությունների միջոցով տիրացավ Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռին։ Դրանով երկրում ազդարարվեց ժողովրդից պետական իշխանության բռնազավթման և մի խումբ անձանց մենաշնորհի վերածման հակաժողովրդավարական ու հանցավոր գործընթացի սկիզբը, որի արդյունքում Հայաստանը տարածաշրջանում օրինակելի ժողովրդավարական պետությունից կարճ ժամանակամիջոցում վերածվեց վաղ ֆեոդալական ժամանակաշրջանի արևելյան տիպի բռնատիրության։
Տասը տարի շարունակ վերոնշյալ պետությունը մարմնավորող Ռ. Քոչարյանի ու նրան շրջապատող ուժերի գերագույն մտահոգությունն է եղել ցանկացած գնով իրենց անօրեն իշխանությունը պահպանելն ու վերարտադրելը։ Այդ մոլագար եսապաշտական նկրտումներին անմնացորդ ի սպաս դնելով բռնապետությանն հատուկ հնարավոր բոլոր ռեսուրսներն ու միջոցների ընտրության հարցում չկաշկանդվելով բարոյաիրավական որևէ նորմով` նրանք պարբերաբար (իսկ ընտրությունների ժամանակ անհամեմատ ինտենսիվ) ծրագրել և իրականացրել են բազում զազրելի մեքենայություններ` պարզունակ ստից ու խարդավանքից մինչև ծանրագույն ոճիրները։
Իշխանության ավազակաբարո գործելաոճը աննախադեպ քանակաորակական բազմերանգությամբ և մեթոդների առանձնակի վայրագությամբ դրսևորվեց 2008թ. նախագահական ընտրությունների ու դրան հաջորդած ժամանակաշրջանում։ Ինքնավերարտադրման բարդ խնդրի լուծման ճանապարհին ստիպված լինելով դիմագրավել օրեցօր հզորացող և համաժողովրդականի վերաճող ընդդիմադիր շարժմանը, սակայն չունենալով օրինական հակազդեցության համարժեք միջոցներ, իշխանական խունտան Ռ. Քոչարյանի հրամանատարությամբ, ընդդիմության սահմանադրական պայքարին պատասխանեց ժողովրդի դեմ ուղղված անբարո ու հանցավոր գործողությունների շարանով, այդպիսով իրեն դնելով օրենքից դուրս վիճակում։ 2007թ. սեպտեմբերի 21-ից սկսված և տարաբնույթ դրսևորումներով առ այսօր շարունակվող այս փուլի բարձրակետը հանդիսացան 2008թ. մարտի 1-ին նրա կողմից ղեկավարվող հանցավոր ավազակախմբի կազմակերպած և իրականացրած սահմռկեցուցիչ ոճրագործությունները, որն ուղեկցվում և առ այսօր էլ շարունակվում է ՀՀ քաղաքացիների նկատմամբ տարատեսակ բռնությունների կիրառմամբ, ահաբեկումներով ու ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների համատարած ոտնահարմամբ։
Հիշատակված ժամանակաընթացքում կատարված հանցագործությունների բազմակողմանի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանցից շատերն իրենց բնոյթով, իրականացման և կազմակերպչական ձևերով ու հնարքներով, փաստված դրվագներով լիովին համապատասխանում են Հռոմի միջազգային քրեական դատարանի կանոնադրության (այսուհետ` Կանոնադրություն) 7-րդ հոդվածով նախատեսված Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների չափորոշիչներին (իրականացվել են իբրև պետական քաղաքականություն, կրել են քաղաքացիական անձաց դեմ ուղղված լայնածավալ ու կանոնավոր հարձակման բնույթ, կատարվել են գիտակցաբար և բազմիցս)...։
Ամբողջական փաստաթուղթը՝ ԱՅՍՏԵՂ