Սամվել Կարաբեկյան. Եվ իբրև ամանորյա մաղթանք մեզ բոլորիս
9 տարի առաջ հունվարի 1-ին սկսեցի թարգմանել Ա.Սոլժենիցինի հայտնի «Ըստ ստի չապրե՛լ» էսսեն։ Առաջին անգամ հրապարակված լինելով 1974 թ.-ին, գրողի ձերբակալուլությունից հետո և վերաբերելով այլևս գոյություն չունեցող երկրի իրողություններին, այն ցավալիորեն արդիական թվաց մեր երկրում ձևավորված իրողությունների տեսանկյունից։
Մի պահ, հետո, թվաց, թե այլևս արդիական չէ, բայց.. ավա՜ղ:
Մի հատված միայն համոզվելու համար... Եվ իբրև ամանորյա մաղթանք մեզ բոլորիս.
«...բռնությունն արագ է ծերանում, մի քանի տարի` և այն արդեն այդքան ինքնավստահ չէ, և գոյատեևելու, բարեկիրթ երևալու համար, անխուսափելիորեն իրեն դաշնակից է կանչում Սուտը: Քանզի բռնությունը ոչնչով չի կարող սքողվել, բացի ստից, իսկ սուտը կարող է գոյատեևել միայն բռնությամբ: Բայց բռնությունն ամեն օր չէ և ամեն ուսին չէ որ դնում իր ծանր թաթը. մեզանից այն ընդամենը պահանջում է հնազանդվել ստին, ամեն օր մասնակից դառնալ ստին` հենց սա է պահանջված ողջ հավատարմությունը:
Եվ այստեղ է հենց մեր ազատագրման ամենապարզ, ամենամատչելի, բայցև անտեսվող բանալին. անձամբ չմասնակցել ստին: Թող որ սուտը պատել է ամենը, թող որ սուտը տիրում է ամենին, բայց համառենք փոքրագույնի մեջ. թող տիրի ո՛չ իմ միջոցով:
Եվ դա մեր անգործության կարծեցյալ օղակը ճեղքելու ճանապարհն է ` ամենահեշտը մեզ համար և ամենաքայքայիչը՝ ստի: Քանզի երբ մարդիկ հեռու են մնում ստից, այն պարզապես դադարում է գոյություն ունենալ: Վարակի պես, այն կարող է գոյատևել միայն մարդկանց մեջ:
Չե՞նք հասունացել հրապարակներ գնալու և բարձրագոչելու ճշմարտությունը, ի լուր ամենքի ասելու այն, ինչ մտածում ենք. սարսափելի՞ է՝ պետք չէ: Բայց գոնե հրաժարվենք ասելուց այն, ինչ չենք մտածում:
Մեր ճանապարհն է` գիտակցաբար ոչնչով չսատարել սուտը: Գիտակցելով ստի սահմանը (յուրաքանչյուրն այն դեռևս տարբեր է տեսնում), ետ քաշվել այդ փտախտային սահմանից: ...
Եվ ահա, յուրաքանչյուրս երկչոտությունը հաղթահարելով թող ընտրի. արդյո՞ք մնում է ստի գիտակից ծառա (օ՜, իհարկե, ոչ բնույթով, այլ ընդամենը ընտանիքը կերակրելու, երեխաներին ստի ոգով դաստիարակելու համար), թե՞ եկել է ժամանակը դարձի գալու իբրև ազնիվ մարդ, արժանի թե՛ իր երեխաների, թե՛ ժամանակակիցների հարգանքին:
Եվ այսօրվանից նա.
- այլևս ոչ մի կերպ չի գրի, չի ստորագրի, չի տպագրի և ոչ մի միտք, որն, իր կարծիքով, աղավաղում է ճշմարտությունը.
- նման միտք չի արտահայտի ո՛չ մասնավոր զրույցում, ո՛չ հրապարակավ ոչ ի՛ր անունից, ոչ պատրաստի թերթիկից կարդալով, ոչ քարոզիչ, ուսուցիչ, դաստիարակ ներկայանալով, ոչ թատերական դերի բերումով.
- գեղանկարով, քանդակով, լուսանկարով, տեխնիկապես, երաժշտությամբ չի պատկերի, չի անցկացնի, չի հաղորդի ոչ մի կեղծ միտք, ճշմարտության ոչ մի աղավաղում, որը տարբերում է.
- ոչ բանավոր, ոչ էլ գրավոր խոսքում չի մեջբերի և ոչ մի «ղեկավար» միտք` հաճոյանալու, ինքն իրեն ապահովագրելու, իր գործը հաջողության հասցնելու համար, եթե չի կիսում մեջբերված միտքն ամբողջությամբ կամ այն ճիշտ տեղին չէ.
- թույլ չի տա ստիպել իրեն գնալ ցույցի կամ հանրահավաքի, եթե դա իր ցանկության ու կամքի դեմ է: Չի բռնի, չի բարձրացնի ոչ մի պաստառ, որի կարգախոսն ամբողջությամբ չի կիսում.
- կողմ չի քվեարկի այն առաջարկին, որին անկեղծորեն չի համակրում, բաց կամ գաղտնի չի քվեարկի այն անձի օգտին, ում անարժան կամ կասկածելի է համարում.
- թույլ չի տա քշել իրեն ժողովի, ուր սպասվում է հարցի պարտադրված և աղավաղված քննարկում.
- անմիջապես կլքի նիստը, ժողովը, դասախոսությունը, ներկայացումը, կինոդիտումը, հենց որ հռետորից լսի կեղծիք, գաղափարախոսական բարբաջանք կամ անամոթ քարոզչություն.
- չի բաժանորդագրվի և չի գնի կրպակներից այն թերթերն ու հանդեսները, որոնցում տեղեկություններն աղավաղվում են, իրական փաստերը` թաքցվում:
Մենք թվարկեցինք, բնական է, ստից խուսափելու ոչ բոլոր հնարավոր և անհրաժեշտ եղանակները: Սակայն նա, ով կսկսի մաքրվել, մաքրված հայացքով հեշտությամբ կտարբերի նաև մյուս դեպքերը:
Այո, սկզբնական շրջանում հարթ չի ընթանա: Ինչ-որ մեկը ժամանակավորապես կզրկվի աշխատանքից: Ըստ ճշմարտության ապրել ցանկացող երիտասարդների կյանքը սկզբում խիստ կդժվարանա. չէ՞ որ պատասխանելիք դասերը նույնպես ստով են լեցուն, պետք է ընտրել: Բայց ազնիվ ապրել ցանկացող և ոչ մեկի համար սողանցք չի մնացել. Մեկ օր անգամ մեզանից և ոչ մեկը նույնիսկ ամենաանվտանգ տեխնիկական գիտություններում չի խուսափի նշված քայլերից թեկուզ և մեկին` դեպի ճշմարտություն կամ դեպի սուտ, դեպի հոգևոր անկախություն կամ հոգևոր ստորաքարշություն: Եվ նա, ում համարձակությունը չի բավարարի իր իսկ հոգու պաշտպանության համար, թող չհպարտանա իր առաջավոր հայացքներով, չպարծենա, թե ակադեմիկոս է կամ ժողովրդական դերասան, վաստակավոր գործիչ կամ գեներալ` թող հենց այդպես էլ ասի իրեն. «Ես վախկոտ ռամիկ եմ, ուզածս միայն թե կուշտ ու տաքուկ լինելն է»:
Նույնիսկ այս ճանապարհը` դիմադրության բոլոր ճանապարհներից ամենաչափավորը, լճացածներիս համար հեշտ չի լինի: ...
Դա դժվար ճանապարհ է… սակայն հնարավորներից ամենահեշտը: Հեշտ ընտրություն չի մարմնի, սակայն միակը հոգու համար: Դժվար ճանապարհ, միայն թե կան արդեն մեզանում մարդիկ, տասնյակներ անգամ, որ տարիներով հավատարիմ են բոլոր այս կետերին և ապրում են ըստ ճշմարտության»։
Այդպես է:


