Սերգո Տոնոյան. Ահա թե ինչ է նշանակում՝ հայտնվել ողորմելի վիճակում կամ մեծերին չլսելու հետևանքը

Ահա թե ինչ է նշանակում՝ հայտնվել ողորմելի վիճակում կամ մեծերին չլսելու հետեւանքը
Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բանակցային (ղարաբաղյան հակամարտության) գործընթացի պատմությանը, ավելի ստույգ՝ համանախագահող երկրների 1997 թվականից հակամարտող կողմերին ներկայացրած կարգավորման առաջարկներին, բառացիորեն հայտարարել է հետեւյալը.
«…մի հատը սառնարանի ոտքի տակից ենք հանում, մի հատը կոնդիցիոների միջից ենք հանում, մի մասը ընդհանրապես մասնավոր մարդ գալիս ա մեզ տալիս ա, էդ դուք գիտեք՝ դուք թողել ե՞ք, էդ որ սենց մի դարակում դրած լիներ, որ.. դրած լիներ, կասեինք՝ վերցրեք, ձեզ ենք տալիս։ Չկա, համակարգված մի տեղում դրած, ցաքուցրիվ ա»։
Չանդրադառնալով սույն հայտարարության ճշմարտացիությանը (ժամանակը ցույց կտա), ասվածի առիթով հիշեցնենք, թե ինչպես էր Փաշինյանը ժամանակին մեկնաբանել ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր ունեցած հանդիպման (2018 թ. հուլիսի 16) արդյունքները:
Հայցելով ընթերցողիս ներողամտությունը, այդուհանդերձ ստիպված եմ կրկին ներկայացնել բառացի մեջբերումը։
«…փորձել է ինձ տալ տեղեկություններ, որոնք մտածել է, որ ինձ կարող են եւ հայտնի չլինել։ Դա շատ օգտակար զրույց էր, բայց ես ասեմ, որ ինքը ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ դեռեւս հայտնի չէին։ Այսինքն էն ինչ, որ ինձ ինքը հայտնել է, ամեն ինչ ինձ հայտնի էր, եւ ես ամբողջությամբ, հենց առաջին օրերին, առաջին գործերից մեկն եղել է այն, որ ես ԱՄԲՈՂՋԱԿԱՆ (ընդգծումն իմն է) տեղեկատվություն ստանամ Արցախի խնդրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին, եւ մենք այդ թեմայով, ես նույնիսկ խնդրել եմ, հրավիրել եմ նախկին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, մենք՝ Զոհրաբ Մնացականյանը, Էդվարդ Նալբանդյանը եւ ես, հանդիպում ենք ունեցել, քննարկել ենք, ինքը տեղեկություններ է տվել մեզ…»։
Իսկ ահա պատկերն ամբողջացնելու եւ համապատասխան հետեւություններն անելու նպատակով հարկ է ներկայացնել նաեւ նույն հարցի (վերոհիշյալ հանդիպման) վերաբերյալ Տեր-Պետրոսյանի 2021 թ.-ին տված պատասխանը.
«Ես նրան ասել եմ հետեւյալը՝ քո առաջին գործը պետք է լինի ֆիքսել այն ժառանգությունը Ղարաբաղի հարցում, որ դու ստացել ես Սերժ Սարգսյանից։ Փաստաթղթո՛վ։ Հարց ա տալիս՝ ի՞նչ ձեւի, ի՞նչ փաստաթուղթ։ Ասում եմ՝ հենց հիմա ես քեզ թելադրում եմ, նամակ ես գրում արտաքին գործերի նախարարին… «Պահանջում եմ 2 օրվա ընթացքում ինձ ներկայացնել Ղարաբաղի կարգավորման իրավիճակը ապրիլի 18-ի դրությամբ։ … որպեսզի դու դա ունենաս, թե ինչպիսի ժառանգություն ես ստացել։ Դրանից հետո ավելի լավ լուծում կբերես՝ կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես` արդեն կլինի քո խայտառակությունը»։
Թե ինչ է հիմա սառնարանի ոտքի տակից հանում Փաշինյանը, կարելի է իհարկե գուշակել, բայց որ ամոթի եւ բարոյականության վերջին նշույլ անգամ գտնել չի ստացվում, ցավալի փաստ է։