Տ. Սերոբ քահանա Ազարյանի ելույթը ԱՄՆ միջազգային կրնական ազատության դաշնային հանձնաժողովին
Ներկայացնում ենք Տ. Սերոբ քահանա Ազարյանի ելույթը Միացալ Նահանգների միջազգային կրնական ազատության դաշնային հանձնաժողովին (USCIRF)՝ Հայաստանում կրոնական ազատության հարցերի և Հայ Առաքելական եկեղեցու դեմ հալածանքների վերաբերյալ։
Հարգարժան հանձնակատարներ, USCIRF-ի պատվարժան անդամներ,
Այսօր ես ձեր առջև կանգնում եմ ոչ միայն որպես Հայց. Առաքելական Ս. Եկեղեցու քահանա՝ այլև որպես Միացյալ Նահանգների բանակի վետերան, որը պատվով ծառայել է այս երկրին: Ես ցանկանում եմ անդրադառնալ Հայաստանում ծավալվող ճգնաժամին։ Մի ազգի՝ որը տասնյոթ դար շարունակ ճանաչվում է որպես առաջին քրիստոնյա ազգ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք, Հայ Առաքելական Եկեղեցին այսօր բախվում է իր իսկ սեփական կառավարության կողմից համակարգված հալածանքների: Սա ինչ որ քաղաքական անհամաձայնություն չէ: Սա բացահայտ կրոնական հալածանք է, որը պահանջում է ձեր ուշադրությունն ու գործողությունները:
Եկեղեցու առաջնորդների բանտարկությունը
Այս պահին, Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 4 ավագ հոգևորականներ բանտարկված են կամ տնային կալանքի տակ են։ Արքեպիսկոպոսներ՝ Միքայել Աջապահյանը, Բագրատ Գալստանյանը, Արշակ Խաչատրյանը և Մկրտիչ Եպս. Պռոշյանը, որոնք բոլորն էլ կարևոր պաշտոններ են զբաղեցնում Եկեղեցում։ Նրանք բոլորը ձերբակալվել են կասկածելի մեղադրանքներով։ Այս հոգևորականները հանցագործներ չեն։ Նրանք մեր ուղղափառ հավատքի նվիրյալ հոգևորականներն են։ Մարդիկ՝ ովքեր իրենց ամբողջ կյանքը նվիրել են իրենց ժողովրդի հոգևոր բարօրությանը, այժմ լռեցված են իրենց եկեղեցին և ազգը պաշտպանելու համար։
Նորին Սրբություն Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, բախվում է անդադար հալածանքների, հրապարակային զրպարտության և Փաշինյանի ռեժիմի ամենօրյա հետապնդումների։ Կաթողիկոսը՝ ինչպես իր նախորդները, որոնց սրբազան պաշտոնը առաջնորդել է աշխարհասփյուռ Հայ ժողովրդին օտարերկրյա ներխուժման, Օսմանյան ցեղասպանության և Խորհրդային հալածանքների միջով, այսօր դիտարկվում է որպես հաղթահարման ենթակա խոչընդոտ, եւ մեկուսացման ենթակա ձայն։
Բոլոր հոգևորականների բանտարկությունների միջոցով ուղարկված ուղերձը բացարձակ հստակ է. հակառակվեք իշխանությանը, պաշտպանեք ձեր Եկեղեցու ամբողջականությունը՝ և դուք կպատժվեք, կբանտարկվեք կամ կհալածվեք։
Սրբազան Սահմանների Խախտումը
Փաշինյանի կառավարությունը մտել է արգելված տարածք՝ ուղղակիորեն միջամտելով Եկեղեցու ծիսական և վարչական կյանքին: Ամեն կիրակի, քահանաների կամքին հակառակ՝ անձամբ Փաշինյանը և իր կառավարությունը փորձել են թելադրել թե ինչ է հիշատակվում Սուրբ Պատարագի ընթացքում։ Ինչպես են կատարվում աղոթքները։ Որ մասերն են ասվում կամ բաց թողնվում։ Ով է եպիսկոպոս և ով՝ ոչ։ Եկեղեցին ինչպես պետք է իրականացնի իր ամենասուրբ գործառույթները: Սա կառավարում չէ. սա սրբապղծություն է: Ո՛չ մի աշխարհիկ իշխանություն երբեք չպետք է նման իշխանություն ունենա կրոնական համայնքի հոգևոր կյանքի վրա: Բացի բանտարկված հոգևորականներից՝ վարչապետը հրամայել է, որ կաթողիկոսը և ևս վեց եպիսկոպոսներ չկարողանան դուրս գալ Հայաստանից Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու համար, այդ թվում՝ երկու ամերիկյան քաղաքացիութեամբ եպիսկոպոսներ՝ Հայկազուն արք. Նաջարյանը և Վահան եպս. Հովհաննիսյանը, որոնք Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ են: Սա անընդունելի՛ է:
Ամենացնցող ստով՝ վարչապետ Փաշինյանը Հայց. Առաքելական Եկեղեցու ցանկացած հոգեւոր քարոզ հրապարակավ համեմատել է իսլամիստականահաբեկչության հետ: Մի ռոպե կանգ առնենք և մտածենք այս զրպարտության լրջության մասին: Սա ա՛յն Եկեղեցին է, որը պահպանել է Քրիստոնեությունը անթիվ նահատակների գնով՝ իսլամական իշխանությունների 1400 տարվա պատմության ընթացքում։ Անցել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության և յոթանասուն տարվա Խորհրդային աթեիստականբռնաճնշումների միջով։ Այժմ այս Եկեղեցին, մեղադրվում է իսլամիստականծայրահեղականության մեջ, Հայաստանի սահմանադրական օրենքները խախտող վարչապետի կողմից։ Սա ոչ միայն հիմարաբանություն է, այլ զրպարտության և անարգանքի միջոցներով Եկեղեցու իշխանությունը հակաօրինականացնելու հաշվարկված և դիտավորյալ աշխատանք է։
Այս իրադարձությունները մեզ հիշեցնում են Հայ Եկեղեցու գլխին հասած հալածանքի եւ արյունալի այն տարիները՝ երբ 1938-ին Սովետական ահաբեկչության ներքո՝ Խորեն Ա Կաթողիկոսը սպանվեց բոլշևիկների կողմից։ Հայաստանի Առաքելական Եկեղեցու հոգևորականները ձերբակալվեցին, խոշտանգվեցին և մեծ մասամբ գնդակահարվեցին։ Եկեղեցիները թալանվեցին և պղծվեցին «գանձեր» որոնելու պատրվակով։ Նպատակը Եկեղեցու ինքնիշխան կրօնական ու բարոյական հենասյուն լինելու ոչնչացումն էր՝ և է։
Խղճի Հարց
Մի պահ պատկերացրեք, եթե որեւե ռաբբի բանտարկվեր, որեւե Կաթոլիկ եպիսկոպոս բանտարկվեր, Անգլիկան եկեղեցու ավագ քահանա մը ձերբակալվեր, կամ որեւե իմամ կալանավորվեր՝ բացառապես իրենց հավատքը կառավարության միջամտությունից պաշտպանելու համար: Միջազգային բուռն արձագանքը կլիներ կտրուկ եւ անմիջական: Բանաձևեր կընդունվեին, պատժամիջոցներ կքննարկվեին, դիվանագիտականճնշումները պատշաճ կերպով կկիրառվեին:
Սակայն, երբ դա տեղի է ունենում Հայաստանում՝ արդեն մի քանի ամիս, երբ արքեպիսկոպոսները բանտարկված են, երբ Վեհափառ հայրապետը զրպարտվում է, և նրա հետ՝ գրեթե բոլոր եպիսկոպոսներին արգելվում է դուրս գալ երկրից, երբ Հայ Առաքելական Եկեղեցին ենթարկվում է համակարգված հարձակման՝ ո՞ւր է աշխարհի արձագանքը: Ո՞ւր է ԱՄՆ-ի կամ արևմտյան պաշտոնյաների վրդովմունքը: Լռությունը խլացուցիչ է, և բացահայտում է անընդունելի կրկնակի ստանդարտներ, կրոնական հալածանքների ճանաչման և դատապարտման հարցում:
Լռությունը հանցակցություն է
Կա բարոյական սկզբունք, որը պետք է առաջնորդի մեր արձագանքը. երբ հոգևորականներ բանտարկվում են իրենց հավատքի համար, երբ Կաթողիկոսը հրապարակային զրպարտումների եւ հարձակումների է ենթարկվում և հալածվում է, երբ կառավարությունը կոպտորեն եւ չարաշահումներով միջամտում է Եկեղեցու պաշտամունքին եւ սրբազան խորհուրդներին, երբ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականները անարդարորեն մեղադրվում են շինծու մեղքերով և բանտարկվում են կեղծ դատավարություններով՝ լռությունը անարդարություն է: Լռությունը խոհեմություն չէ, եւ ընդունելի չէ: Լռությունը հանցակցությո՛ւն է:
Հայաստանը համակարգված կերպով քանդում է հենց այն կրոնական ազատությունը, որը 17 դար շարունակաբար սահմանել է իր ազգային բնույթն ու ինքնությունը: Սա ներքին քաղաքական հարց չէ, որ պետք է քաղաքավարիորեն անտեսվի: Սա մարդու իրավունքների, կրոնական ազատության, արժանապատվության և ինքնավարության հիմնարար կոպիտ խախտում և չարաշահում է, որը պետությունը պարտական է իր բոլոր հավատքի համայնքներին:
Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ, երբ կառավարությունը հալածում է հենց այն Եկեղեցին, որը եղել է Հայ ազգի հենասյունը, որը պահպանել է հայկական ինքնությունը դարավոր նվաճումների, ցեղասպանության, օկուպացիայի և հալածանքների միջոցով, նույնիսկ այն ժամանակ երբ Հայաստանը պետություն չուներ, որը վառ է պահել իր լեզուն և մշակույթը երբ կայսրությունները փորձում էին դրանք ոչնչացնել:
Մեր սրբազան պատասխանատվությունը
Ես կոչ եմ անում այս հանձնաժողովին անհապաղ և վճռական գործողություններ ձեռնարկել.
1. Խստագույն ձեւով եւ հրապարակայնորեն դատապարտել այս կոպիտ խախտումները: Պահանջել բոլոր բանտարկված եպիսկոպոսների անհապաղ և անպայման ազատ արձակումը: Անվերապահորեն կոչ եմ անում դադարեցնել կառավարության միջամտությունը Հայց. Առաքելական Ս. Եկեղեցու ներքին, ծիսական և աստվածաբանական կյանքին:
2. Հայաստանը կրոնական ազատության խախտումների համար հատուկ մտահոգությանց ենթակա երկիր ճանաչելու հարցը քննարկել, եթե այս համակարգված չարաշահումները շարունակվեն: Անմիջապես շփվել Նորին Սրբություն Գարեգին Բ. Կաթողիկոսի և եկեղեցու այլ առաջնորդների հետ՝ այս հետապնդման ամբողջական ծավալն ու օրինաչափությունը փաստաթղթավորելու համար:
3. Փաշինյանի ռեժիմին հստակացնել, որ այն երկրները՝ որոնք հետապնդում են Հայց. Առաքելական Եկեղեցուն, բանտարկում են նրա հոգևորականներին և միջամտում են նրա վարչական, եկեղեցական և ծիսական կյանքին, չեն կարող ակնկալել, որ միջազգային ասպարեզում իրենց կվերաբերեն որպես ազատության և ժողովրդավարության պաշտպանների:
Կրոնական ազատությունը պետության նվերը չէ. դա իրավունք է՝ որը նախորդում է բոլոր կառավարություններին և կգոյատևի բոլորից հետո: Կրոնական ազատության գործը կախված է այն մարդկանցից՝ ովքեր պատրաստ են խոսել, երբ մյուսները լռում են: Ես կոչ եմ անում ձեզ, խնդրում եմ, խոսեք հիմա՛: Գործեք հիմա՛: Որովհետև եթե ոչ հիմա, ապա ե՞րբ: Եվ եթե ոչ դուք, ապա ո՞վ: Շնորհակալություն։
Տ. Սերոբ քահանա Ազարյան
19.2.2026թ.


