Սիրանուշ Սահակյան. Կարմիր խաչը կարող էր կանխել Վագիֆ Խաչատրյանի առևանգումը (տեսանյութ)
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ Ադրբեջանի կողմից արցախցի Վագիֆ Խաչատրյանի առևանգումը մարդու իրավունքների տեսանկյունից արտակարգ հանձնում է, որը խախտում է անձնական ազատության իրավունքը, տվյալ մարդուն խոշտանգումների վտանգի առաջ է կանգնեցնում, բացառում է արդար դատաքննությունը: Սիրանուշ Սահակյանը չի բացառել նաև այն տարբերակը, որ Ադրբեջանն օգտագործել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը՝ Վագիֆ Խաչատրյանին առևանգելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սիրանուշ Սահակյանն ասաց օգոստոսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը:
Նրա համոզմամբ՝ միջադեպը դժվար է տեղավորվում միջազգային իրավունքի տրամաբանության մեջ: «Միջազգային իրավունքն, իհարկե, ունի քրեական ոլորտում համագործակցության մեխանիզմներ, որոնք խիստ կարևոր են ու նպաստում են, որ հանցագործները կանգնեն արդարադատության առաջ, և կանխվի նրանց փախուստն արդարադատությունից: Դրա համար միջազգային իրավունքում կան հանձնման, արտահանձնման և փոխանցման գործիքներ, որոնց հասցեատեր կարող են լինել պետությունները: Եթե Ադրբեջանը կարծում էր, որ Վագիֆ Խաչատրյանը հանցագործ է, ապա այդ հանցագործին տերիտորիալ յուրիսդիկցիա կարող էր բերել միջազգային քրեական իրավունքի համագործակցության ճանապարհով՝ Արցախի, Հայաստանի իշխանությունների, Ռուսաստանի Դաշնության և, ինչու ոչ, Ինտերպոլի հետ համագործակցությամբ»,-նշեց նա և հավելեց՝ Ադրբեջանը ոչ արժանահավատ մեկնաբանություն է տվել, որ տվյալ անձը գտնվել է միջազգային հետախուզման մեջ, ինչը հերքվեց նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից:
Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանը ոչ թե գնացել է իրավական գործընթացներում համագործակցելու ճանապարհով, այլ, նախապես տեղեկանալով, որ իր կողմից ցանկալի անձ է ճանապարհորդելու, որևէ ինֆորմացիա չի տրամադրել Կարմիր խաչին և Կարմիր խաչի մարդասիրական առաքելության միջոցով արհեստականորեն Վագիֆ Խաչատրյանին Արցախի իշխանության յուրիսդիկցիայից խաբեությամբ բերել է Ադրբեջանի յուրիսդիկցիա, որտեղ արդեն կամայական գործելակերպով ձերբակալել է:
«Արդարացի գործընթացներ մենք չենք կարող ակնկալել Վագիֆ Խաչատրյանի պարագայում, որովհետև ի սկզբանե նա բերվել է Ադրբեջանի տարածքային իրավազորության ներքո իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար երաշխիքների խախտմամբ: Երկու հնարավոր տարբերակ գոյություն ունի. Վագիֆ Խաչատրյանին տեսնելով ենթադրաբար միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում՝ Ադրբեջանն առնվազն պարտավոր էր դրա մասին տեղյակ պահել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ հայտնելով, որ կա հանցագործության համար փնտրվող անձ, որն, Ադրբեջանի իրավազորության ներքո գտնվելով, կարող է ձերբակալվել: Այդպես Ադրբեջանը կպաշտպաներ Կարմիր խաչի միջազգային մարդասիրական մանդատը, և Կարմիր խաչը այդ մասին պետք է տեղեկացներ Վագիֆի ընտանիքի անդամներին»,-շեշտեց Սահակյանը, որն առավել քան վստահ է, որ նման տեղեկատվություն չի եղել:
Ըստ նրա՝ երկրորդ տարբերակն այն է, որ ի սկզբանե Ադրբեջանը նման տեղեկատվություն չի տրամադրել Կարմիր խաչին, և Կարմիր խաչին օգտագործել է իր խնդիրը լուծելու նպատակով: «Այլ պայմաններում Ադրբեջանը կարող էր հատուկ օպերացիա իրականացնել, հատուկ ջոկատայիններին մտցնել, որպեսզի առևանգեին Վագիֆ Խաչատրյանին ու տանեին Ադրբեջան, ինչը ռեսուրսներ էր պահանջում, և նրանք գնացել են խաբեության ճանապարհով: Շատ լավ հասկանալով, որ Վագիֆ Խաչատրյանին ձերբակալելու են, նրանք լռել են այդ մասին ու Կարմիր խաչին օգտագործել են, որպեսզի նա հեշտությամբ մարդասիրական խնդրի կոնտեքստում Վագիֆին տեղափոխի ու մտցնի ադրբեջանական վերահսկողության գոտի»,-ասաց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչը:
Սահակյանը կարծում է՝ Կարմիր խաչը կարող էր շատ կոշտ արձագանքի դեպքում տեղում միջադեպը կանխել՝ էսկալացնելով խնդիրը մինչև բարձր օղակներ, այսինքն՝ միջադեպի վաղ փուլից այդ հարցի մասին պետք է տեղեկանային կենտրոնական մարմինները: «Մենք չունենք պարզաբանում, որ Կարմիր խաչը հենց ձերբակալման վտանգը հասկանալու պահից ձեռնարկել է անհրաժեշտ համալիր բոլոր գործողությունները, որպեսզի միջազգային բարձր օղակների ներգրավվածությամբ, նրանց ճնշման ներքո միջադեպը կանխվեր: Եթե նույնիսկ այդ պահին բացահայտ կամայական են գործել Ադրբեջանի իշխանությունները նաև Կարմիր խաչի մանդատի նկատմամբ, Կարմիր խաչը պարտավոր էր ոչ թե փաստերի շուրջ մեկնաբանություն տալ, այլ արձագանքել Կարմիր խաչի գործունեության խոչընդոտների ու Կարմիր խաչի օգտագործման ռիսկերի, վտանգների մասին՝ կոչ անելով ավելի կոշտ գործիքակազմ ունեցող կառույցներին աջակցել Կարմիր խաչի մանդատին և ձեռնարկել գործուն քայլեր՝ կանխելու իրենց գործունեության խոչընդոտները»,-վստահեցրեց նա:
Սիրանուշ Սահակյանը ենթադրում է՝ Կարմիր խաչն անընդհատ վախեցած է ադրբեջանական արձագանքներից, և Ադրբեջանը տակտիկական նկատառումներով ռիսկեր է ստեղծում, սպառնում է, որ առհասարակ անհնար կդարձնի Կարմիր խաչի գործունեությունն Ադրբեջանում, և նրանք գերզգուշավոր դիրքերից են հանդես գալիս, որ ապահովեն իրենց շարունակական գործունեությունն Ադրբեջանում, ինչը, գուցե, արդարացված էր ավելի վաղ փուլում: «Ներկայումս տեսնում ենք, որ Կարմիր խաչը զրկված է խնդիրը լուծելու հնարավորությունից: Կառույցի մարդասիրական գործողությունների լիմիտը սպառվել է. Կարմիր խաչը զրկված է սնունդ մատակարարելուց, ինչի պատճառով մարդիկ սովամահ են լինում, թերսնուցումը մեծ առողջական խնդիրներ է առաջ բերում ու կյանքի անմիջական սպառնալիք դառնում արցախահայության համար»,-շեշտեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:
Ըստ Սահակյանի՝ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը հեռահար նպատակ է հետապնդում. բացի այն, որ անմեղ քաղաքացիների իրավունքներն ու շահերն է այս պահին անմիջականորեն շոշափում, այլև գործողություն է, որը հնազանդության կոչ է Արցախի իշխանություններին: «Շրջափակման պայմաններում մենք հասկանում ենք, որ, եթե այդտեղ ֆիզիկական բնաջնջման ռիսկերն արդեն իրագործվում են, որպես փրկօղակ կարող է լինել հարկադիր տեղահանումը, որն ինքնին միջազգային հանցագործություն է, բայց այդ հանցագործության կատարմանը զուգընթաց մենք կարող ենք Լաչինի միջանցքով ուղի ապահովելու ճանապարհով ապահովել որոշ անձանց կյանքը, այսինքն՝ հարկադիր իրենց բնակավայրը լքելու, ինքնությունը փոխելու ճանապարհով արցախցիների մի մասն առնվազն կարող էր Հայաստան տեղափոխվելու ճանապարհով իր հետագա կյանքը կառուցել Հայաստանում կամ աշխարհի այլ հատվածքում: Միջանցքը վերահսկվում է ադրբեջանցիների կողմից, որտեղ մարդասիրական կամ խաղաղապահ առաքելություն իրականացնողները դարձել են անզոր: Ադրբեջանն այդ միջանցքով անցնելու ընթացքում կարող է ձերբակալել և կամայական գործողություններ իրականացնել ցանկացած անձի նկատմամբ, այդ թվում՝ այս պահին Արցախում որոշում կայացնող քաղաքական և ռազմական ղեկավարության նկատմամբ:
Հիշեցնենք`Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն Արցախից ԿԽՄԿ-ի միջոցով Հայաստան բուժման նպատակով տեղափոխվելու համար եկել էր Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղադրված անցակետ, որտեղից ադրբեջանական կողմը նրան առևանգել է: