Սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ թշնամու կրակի հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր

Հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Զոհված զինծառայողն է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արամ Տիգրանի Քոչարյանը:
Վիրավոր 2 զինծառայողների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, նրանք տեղափոխվել են զինվորական հոսպիտալ:
«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Նշենք՝ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ: