«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Սուտ, ավելի մեծ սուտ և կարմիր խավիարով «պերերիվ». «ՉԻ»

Սուտ, ավելի մեծ սուտ և կարմիր խավիարով «պերերիվ». «ՉԻ»

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

Եվ այնուամենայնիվ՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը որոշեց ԱԺ հայտնի հանձնաժողովի նիստում ելույթ ունենալ ուղիղ եթերի ռեժիմով։ Թվում է՝ հանրային արձագանքները կանխատեսելի էին, սոցկայքերը նայում ես՝ համատարած հայհոյանք է, ելույթի ընթացքում հնչած ստերն ու մանիպուլյացիաներն այնքան ակնհայտ էին, որ ցանկացած շատից-քչից մտածող ու տրամաբանող մարդ հեշտությամբ կարող է փաստաթղթային հիմնավորումներով բացահայտել ու հերքել դրանք՝ քարը քարին չթողնելով, բայց նա, միևնույն է, գնաց այդ քայլին։ Ինչո՞ւ։

Որովհետև վստահ է, որ իր՝ մի քանի հարյուր հազարանոց և հիմնականում պրիմիտիվ ազդակներով մանիպուլացվող «էլեկտորատը» Հայաստանում դեռևս մնացած մի քանի հազար մտածող մարդկանց հակափաստարկներն ու հիմնավորումները բանի տեղ չի դնելու, չի էլ լսելու, փոխարենը լսելու է իր՝ իբր փաստարկված ելույթը («մարդը օդից չի՛ խոսըմ, արա՛, կանկրետնի թղթերի անուններ ա տալի՝ ՄԱԿ-ի համանախագահները, Լիսաբոնի էն զրթիկը, էն որ Մադրիդով չերեզ Մեղրի Շուշին պտի տրվցվեր, բանաձևի քսերոքսն էլ հանեց ցույց տվեց․․․» և այլն) և եզրակացնելու է՝ «սաղ տոշնի ա ասըմ»։ Սա է Նիկոլ Փաշինյանի հիմնական հաղթաթուղթը, և նա, բնականաբար, շտապեց ևս մեկ անգամ օգտագործել այն։ 

Իսկ Հայաստանում դեռևս մնացած մի քանի հազար մտածող մարդկանց ներկայացրած հակափաստարկները, որքան էլ մասնագիտական առումով խիստ հիմնավորված ու արժեքավոր լինեն, ներքաղաքական պայքարի դաշտում գրոշի արժեք չունեն, որովհետև իրենք ասում, իրենք լսում են։ Ավելին՝ այդ ասելիքով փաստացի ներքաշվում են «մասնագիտական քննարկումների» ոլորտ, ինչը բացարձակապես անիմաստ է ու ձեռնտու է հենց Նիկոլ Փաշինյանին։ Պատկերացրեք՝ մեկին բռնել են արյունոտ կացինը ձեռքին, դիակներով շրջապատված, իսկ նա հպարտորեն հայտարարում է, թե կանխամտածված սպանության մասին խոսք չի կարող լինել, որովհետև ինքն այդպիսի մտադրություն չի ունեցել, «սպանություն» տերմինի փոխարեն պետք է օգտագործել «կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ հասցնել» բառակապակցությունը, իր ձեռքինը ոչ թե արյունոտ կացին է, այլ «անհայտ հանգամանքներում արյունոտված կտրող-ծակող առարկա», և ընդհանրապես՝ այդ մարդիկ այսպես թե այնպես վաղ թե ուշ պիտի մեռնեին։ Հարց է ծագում՝ նման իրավիճակում որքանո՞վ է տեղին այդ մարդու հետ տերմինների շուրջ «մասնագիտական բանավեճի» մեջ մտնելը։ 

Մեծ հաշվով՝ խնդիրը Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաները բացահայտելը չէ, դրա անհրաժեշտությունը վաղուց չկա։ Խնդիրը բոլորովին այլ է․ կկարողանա՞ն Հայաստանում դեռևս մնացած մի քանի հազար մտածող մարդիկ համախմբել հասարակության՝ Նիկոլ Փաշինյանից դժգոհ մոտ 70-75 տոկոսին, թե՞ չեն կարողանա։ Իրականում սա շատ բարդ խնդիր է, որովհետև մի կողմում ընդամենը մի քանի հազար մտածող մարդիկ են՝ գործնականում առանց ռեսուրսների, իսկ մյուս կողմում Նիկոլ Փաշինյանն է՝ դեռևս մնացած 200-250 հազար համակիրներով և հանուն «շեֆի» ամեն ինչի պատրաստ, «թոփ-թազա» ավտոմեքենաներ ու աշխատավարձ ստացող ուժայիններով։ Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանն ինքը շատ լավ գիտի, որ իր հիմնական հենարանները հենց այդ երկուսն են, և եթե ուժայիններին կերակրում է «թոփ-թազա» տեխնիկայով ու պարգևավճարներով, «էլեկտորատին» էլ պիտի կերակրի պարզունակ քարոզչությամբ։ 

Այստեղից էլ՝ այն ֆանտաստիկ, որևէ տրամաբանության չենթարկվող իրողությունը, որ մարդը ուղիղ եթերով ներկայացնում է այլ պետությունների ղեկավարների հետ կոնֆիդենցիալ բանակցությունների մանրամասները, ժամերի ճշգրտությամբ պատմում է ռազմական գործողությունների մանրամասները, ստորակետի ճշգրտությամբ մեջբերումներ է անում կարևորագույն փաստաթղթերից, բայց իր՝ «պերերիվին» կարմիր խավիար ուտելու փաստը գաղտնի է պահում։ Որովհետև իր համար կարևորը պետության շահը չէ, կարևորն այն է, որ իր «էլեկտորատը» շարունակի հավատալ, թե ինքը «պեռաշկիով» ու «կուկուռուզով» է սնվում։ Չէ՞ որ ով-ով, բայց ինքն իր կողմնակիցներին լավ է ճանաչում ու գիտի, որ նրանք հայրենիքի կեսի կորուստը կներեն, հազարավոր զոհերը կներեն, համազգային նվաստացումը կներեն, բայց փակ դռների ետևում խավիար «չարազ անելը» չեն ների։ 

Մարկ Նշանյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: