«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Տարբեր երկրների մշակութային կառույցներ Բունդեսթագին կոչ են արել նպաստել Արցախում կրակի դադարեցմանը

Տարբեր երկրների մշակութային կառույցներ Բունդեսթագին կոչ են արել նպաստել Արցախում կրակի դադարեցմանը

Գերմանիայի և մի շարք այլ երկրների մշակութային հաստատությունների, գիտական կենտրոնների ղեկավարներ, քաղաքագետներ, լրագրողներ ու արվեստագետներ բաց նամակ են հղել Բունդեսթագի պատգամավորներին: Նրանք կոչ են անում նպաստել Արցախում կրակի, ինչպես նաև Թուրքիային զինամթերքի վաճառքի դադարեցմանը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Փոխնախարարը զետեղել է բաց նամակի բովանդակությունը, որում ասվում է, որ դեռ 2016 թվականի հունիսի 2-ին երկար քննարկումներից հետո Բունդեսթագի պատգամավորները՝ ճնշող մեծամասնությամբ, դատապարտեցին Օսմանյան կայսրությունում հայերի և բնակչության մյուս խմբերի նկատմամբ հետապնդումները, որակեցին դրանք որպես ցեղասպանություն և ափսոսանք հայտնեցին Գերմանական կայսրության մասնակցության կապակցությամբ:

Նամակում շեշտվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղում կրկին պատերազմ է. Թուրքիայի և Ադրբեջանի բացահայտ նեոօսմանյան կառավարությունների հրահրմամբ հայերին կրկին սպառնում է ոչնչացում: «Նախագահ Էրդողանը հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների դեմ: Ոչ միայն Ստամբուլում, այլև նույնիսկ Բեռլինում հայերը ենթարկվում են թշնամական վերաբերմունքի և հարձակումների: Մենք ձեզ կոչ ենք անում չցուցաբերել անտարբերություն: Անցյալի հանդեպ կարեկցանք արտահայտելը ենթադրում է պատասխանատվություն ներկայի և ապագայի համար: Հրավիրում ենք ձեր ուշադրությունը Ղարաբաղի քաղաքացիական բնակչության վրա: Եվրոպայի խորհրդում նախագահություն և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում անդամակցություն ստանձնելով՝ Գերմանիայի կառավարությունը կրում է պատասխանատվություն և ունի գործիքներ պատերազմական իրավիճակի վրա ակտիվ ազդեցություն գործելու և մարդկային կյանքերը պաշտպանելու համար»,-ասվում է նամակում:

Հեղինակները Բունդեսթագի պատգամավորներին կոչ են անում աջակցել կրակի անհապաղ դադարեցմանը և Լեռնային Ղարաբաղում նոր միջազգային բազմակողմանի քայլերին:

«Մենք հանդես ենք գալիս կրակի անհապաղ դադարեցման, Թուրքիային զինամթերքի վաճառքի դադարեցման և լայնածավալ քաղաքական պատժամիջոցների կիրառման կոչով»,- շեշտել են նրանք: