«  Սեպտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика


Թելման Պետրոսյան. ՆԱԽԱԳԱՀԸ (մաս 15)

Թելման Պետրոսյան. ՆԱԽԱԳԱՀԸ (մաս 15)

Սկիզբը՝ այստեղ

ՆԱԽԱԳԱՀԸ

ԻՐԱՆԸ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԸ

Երկու հարևան, երկու ճանապարհ և շրջափակված Հայաստանի բացվող աշխարհը

Հայաստանի անկախության առաջին տարիների արտաքին քաղաքականությունը հնարավոր չէ ամբողջությամբ հասկանալ միայն Մոսկվայի, Վաշինգտոնի, Փարիզի կամ եվրոպական մայրաքաղաքների միջոցով։

Նորանկախ Հայաստանի համար գոյություն ուներ մեկ այլ, շատ ավելի անմիջական խնդիր. ինչպե՞ս ապրել այնպիսի աշխարհագրության պայմաններում, որտեղ Հայաստանի երկու կարևորագույն ցամաքային հարևանները՝ Թուրքիան և Ադրբեջանը, փակել էին իրենց սահմանները։

Այս հարցը դիվանագիտական գեղեցիկ ձևակերպում չէր։ Դա պետության գոյության խնդիր էր։ Հայաստանը չուներ ելք դեպի ծով։ Արևմուտքից փակ էր Թուրքիայի սահմանը։ Արևելքից՝ Ադրբեջանի։

Հետևաբար անկախ Հայաստանի համար դեպի արտաքին աշխարհ հասանելի ճանապարհները ստանում էին ռազմավարական նշանակություն։

Այս պայմաններում հարավում գտնվող Իրանը և հյուսիսում գտնվող Վրաստանը վերածվում էին ոչ միայն հարևան երկրների, այլև Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող երկու կենսական ուղղությունների։

ԻՐԱՆԸ՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴԱՐՊԱՍԸ

Հայաստանի և Իրանի հարաբերությունները նորանկախ պետության արտաքին քաղաքականության ամենակարևոր ուղղություններից մեկը դարձան դեռևս 1992 թվականին։

Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի փետրվարի 9-ին։

Սա ժամանակագրական առումով չափազանց կարևոր փաստ է։

Հայաստանը դեռ գտնվում էր պատերազմի մեջ։ Իսկ հարավում գոյություն ուներ մի երկիր, որը ոչ միայն պատրաստ էր պահպանել Հայաստանի հետ սահմանը, այլև կարող էր դառնալ դեպի արտաքին աշխարհ Հայաստանի կարևորագույն ուղիներից մեկը։ Այդ երկիրը Իրանի Իսլամական Հանրապետությունն էր։

Տեր-Պետրոսյանի քաղաքական հաշվարկում Իրանը չէր կարող լինել երկրորդական ուղղություն։

1992․ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԹԵՀՐԱՆԸ

1992 թվականի դեկտեմբերի 9-ին Թեհրանում Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները ստորագրեցին ճանապարհային փոխադրումների և օդային ուղևորությունների շուրջ համագործակցության համաձայնագիր։

Փաստաթղթի հենց առաջին ձևակերպումներից մեկը վերաբերում էր երկու երկրների միջև ապրանքների փոխադրման և ուղևորությունների ընդարձակմանը։

Այսպիսի փաստաթուղթը այսօր կարող է սովորական թվալ։ Բայց 1992 թվականի Հայաստանում այն սովորական չէր։ Երբ երկիրը շրջափակված էր, ճանապարհը դառնում էր քաղաքականություն։ Եթե ապրանքը չի կարող անցնել սահմանը, տնտեսությունը չի կարող աշխատել։ Եթե վառելիքը չի հասնում երկիր, բանակի և տնտեսության գործունեությունը վտանգվում է։ Եթե արտաքին շուկաներ հասնելու հնարավորություն չկա, անկախությունը վերածվում է տնտեսական մեկուսացման։

Հետևաբար Իրանի հետ ճանապարհային հաղորդակցության զարգացումը պետք է դիտարկել ոչ թե որպես տրանսպորտային տեխնիկական հարց, այլ որպես անկախ պետականության պահպանման գործիք։

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ

Տեր-Պետրոսյանի Իրանի քաղաքականության առանձնահատկությունն այն էր, որ նա փորձում էր հարաբերությունները կառուցել ոչ թե գաղափարական նմանության, այլ փոխադարձ պետական շահերի վրա։

Հայաստանը և Իրանը տարբեր քաղաքական համակարգեր ունեին։ Տարբեր էին նաև նրանց աշխարհաքաղաքական առաջնահերթությունները։

Բայց գոյություն ուներ մի բան, որը նրանց կապում էր. աշխարհագրությունը և ընդհանուր տարածաշրջանային շահերը։

Իրանը չէր ցանկանում, որ Հարավային Կովկասը ամբողջությամբ հայտնվի մեկ ուժային կենտրոնի ազդեցության տակ։ Հայաստանը չէր ցանկանում հայտնվել ամբողջական շրջափակման մեջ։

Եվ այս երկու շահերի հատման կետում ստեղծվում էր համագործակցության տարածք։

1996․ ԻՐԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԸ

1996 թվականի դեկտեմբերը հայ-իրանական հարաբերությունների պատմության մեջ առանձնահատուկ նշանակություն ունեցավ։

Իրանի փոխնախագահ Հասան Հաբիբին այցելեց Հայաստան։

Այցի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի և Հաբիբիի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև մի շարք փաստաթղթեր՝ տնտեսական համագործակցության, առևտրի, մաքսային, տրանսպորտի և կապի ոլորտներում։

Բայց այստեղ մեզ համար ամենակարևոր փաստը մեկ ուրիշն է։

Այդ փաստաթղթերի շարքում կար նաև Իրան–Հայաստան գազատարի նախագծի ֆինանսավորման որոնմանը վերաբերող պայմանավորվածություն։

«ԻՐԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԿԱՅՈՒՆԱՑՆՈՂ ԳՈՐԾՈՆ Է»

1996 թվականի դեկտեմբերին Հաբիբիի այցից հետո Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Իրանը տարածաշրջանի կայունացնող գործոն է և դրական գնահատեց Թեհրանի հավասարակշռված մոտեցումը Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ։

Այս գնահատականը հետաքրքիր է նաև քաղաքական տեսանկյունից։

Տեր-Պետրոսյանը չէր փորձում Իրանը ներկայացնել որպես Հայաստանի «փրկիչ»։ Նա այն դիտարկում էր որպես տարածաշրջանային ուժ, որի քաղաքական վարքագիծը կարող էր նպաստել հավասարակշռությանը։

Այս տարբերությունը շատ կարևոր է։

Պետական գործիչը հարևան երկրի հետ հարաբերություն չի կառուցում միայն բարեկամական խոսքերի վրա։ Նա գնահատում է այդ երկրի շահերը, հնարավորությունները և տարածաշրջանային դերակատարությունը։

ԻՐԱՆԸ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՊԱԳԱՆ

Հայաստանի համար էներգետիկ հարցը 1990-ականներին առանձին գլուխ էր։

Էներգետիկ ճգնաժամը ոչ միայն կենցաղային դժվարություն էր։ Այն ազգային անվտանգության խնդիր էր։ Տնտեսությունը չէր կարող զարգանալ առանց էներգիայի։  Արդյունաբերությունը չէր կարող վերականգնվել առանց էներգիայի։ Բնակչության սոցիալական վիճակը կախված էր էներգետիկ համակարգի կայունությունից։

Ուստի Իրանի հետ էներգետիկ կապի հնարավորությունը երկարաժամկետ հեռանկարում ստանում էր ռազմավարական նշանակություն։

1996 թվականի փաստաթղթավորված պայմանավորվածությունը գազատարի նախագծի ֆինանսավորման շուրջ հենց այս համատեքստում է կարևոր։

Հետագայում գազատարի նախագիծը իրականացվեց արդեն այլ իշխանության օրոք․ այն գործարկվեց 2006 թվականին և պաշտոնապես բացվեց 2007 թվականին։

Սակայն պատմական հաջորդականությունը չի կարելի ջնջել։

1996 — նախագծի ֆինանսավորման շուրջ պայմանավորվածություն։

2000-ականներ — նախագծի իրականացում։

Սա է պատմականորեն ճիշտ ձևակերպումը։

Եվ հենց այդ պատճառով Առաջին նախագահի քաղաքական ժառանգությունը գնահատելիս պետք է տարբերակել՝ ով է գաղափարը ձևակերպել, ով է պայմանավորվածությունը հասցրել նախագծի, և ով է իրականացրել շինարարությունը։

ՎՐԱՍՏԱՆԸ՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Եթե Իրանը Հայաստանի համար հարավային դարպասն էր, ապա Վրաստանը՝ հյուսիսային։

Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին Սակայն այդ հարաբերությունների քաղաքական հիմքերը ձևավորվում էին ավելի վաղ։

1992 թվականի հունիսի 5-ին Ստեփանավանում տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի և Էդուարդ Շևարդնաձեի հանդիպումը։ Այդ հանդիպումից հետո սկսվեց երկու մայրաքաղաքներում դեսպանություններ բացելու գործընթացը։

Այդ հանդիպումների պատմական նշանակությունը պետք է հասկանալ ժամանակաշրջանի պայմաններում։

Երկու պետություններն էլ նոր էին դուրս եկել Խորհրդային Միության փլուզումից։

Երկուսն էլ ունեին ներքին ծանր խնդիրներ։

Վրաստանը բախվում էր Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտություններին։

Հայաստանը՝ Ղարաբաղյան պատերազմին։

Երկուսն էլ տնտեսական ճգնաժամի մեջ էին։

Եվ այդ պայմաններում Երևանն ու Թբիլիսին ստիպված էին հասկանալ մի պարզ ճշմարտություն. իրար հետ չհամագործակցելը երկու երկրների համար էլ կարող էր ավելի թանկ արժենալ, քան համագործակցելը։

ՎՐԱՍՏԱՆԻ ԲԱՑ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Հայաստանի համար Վրաստանի նշանակությունը հատկապես մեծացավ այն պատճառով, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սահմանների փակման պայմաններում Վրաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիները Հայաստանի արտաքին աշխարհի հետ կապի հիմնական ճանապարհներից էին։

1997 թվականին Շևարդնաձեի՝ Երևան կատարած այցի նախօրեին RFE/RL-ն արձանագրում էր, որ նույնիսկ Հայաստանի տնտեսական շրջափակման ամենածանր տարիներին Վրաստանը պահպանել էր դեպի Հայաստան տրանսպորտային ուղիների բաց լինելը՝ չնայած Ադրբեջանի ճնշումներին։

Այս փաստը շատ կարևոր է։

Որովհետև երբ խոսում ենք Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության մասին, հաճախ հիշում ենք միայն մեծ տերություններին։ Բայց երբևէ պետք չէ մոռանալ, որ Հայաստանի համար Վրաստանի ճանապարհը երբեմն նույնքան կարևոր էր, որքան որևէ միջազգային պայմանագիրը։

Այդ ճանապարհով Հայաստան էին հասնում ապրանքներ։

Վառելիք։ Սնունդ։ Տեխնիկական միջոցներ։

Եվ այդ ճանապարհով Հայաստանը կապվում էր Սև ծովի նավահանգիստների և ավելի լայն միջազգային առևտրային համակարգի հետ։

1993․ ՎՐԱՍՏԱՆԻ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԸ

1993 թվականին Վրաստանը հայտնվեց ծանր ճգնաժամի մեջ։

Աբխազական պատերազմը, ներքին քաղաքական անկայունությունը և տրանսպորտային ուղիների անվտանգության խնդիրները ուղղակիորեն ազդում էին նաև Հայաստանի վրա։

Հայաստանը չէր կարող իրեն թույլ տալ, որ Վրաստանի տարածքով անցնող հաղորդակցության համակարգը փլուզվի։

1993 թվականի հոկտեմբերին, երբ Վրաստանը միացավ ԱՊՀ-ին, Հայաստանի նախագահ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ տարածաշրջանի երեք երկրների առաջնորդների քննարկումների առանցքում էր Հայաստանի և մյուս հարևանների համար կարևոր վառելիքի և սննդի մատակարարումների ապահովումը։

Նա ընդգծում էր, որ պետք է ապահովել տրանսպորտային հաղորդակցության բնականոն աշխատանքը, այդ թվում՝ երկաթուղային բեռնափոխադրումների անվտանգությունը։

Այս դրվագը ցույց է տալիս, թե որքան պրագմատիկ էր նրա արտաքին քաղաքականությունը։

Վրաստանի ներքին քաղաքականությունը Հայաստանի համար պարզապես վրացական խնդիր չէր։ Վրաստանի կայունությունը Հայաստանի տնտեսական և անվտանգային շահն էր։

ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ԵՎ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Տեր-Պետրոսյանի և Շևարդնաձեի հարաբերությունները առանձնահատուկ ուսումնասիրության արժանի են։

Շևարդնաձեն խորհրդային համակարգի ներսում ձևավորված քաղաքական գործիչներ էր իսկ Առաջին Նախագահը անկախական շարժման ալիքի վրա եկած քաղաքկան գործիչ։

Բայց երկուսն էլ հայտնվեցին մի իրավիճակում, որտեղ պետք էր նախկին համակարգի փլուզումից հետո կառուցել նոր պետական հարաբերություններ։

Շևարդնաձեն հասկանում էր Հայաստանի վիճակը։ Տեր-Պետրոսյանը հասկանում էր Վրաստանի վիճակը։

1992 թվականին Շևարդնաձեն նույնիսկ նշում էր, որ Տեր-Պետրոսյանի հեղինակությունը նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների շրջանում կարևոր քաղաքական առավելություն էր։

Այս փաստը ևս հետաքրքիր է։

Տեր-Պետրոսյանը միջազգային քաղաքականության մեջ նորեկ չէր։

Նա դեռ խորհրդային վերջին տարիներից ուներ այնպիսի հեղինակություն, որը թույլ էր տալիս նրան հաղորդակցվել նախկին խորհրդային տարածքի քաղաքական ղեկավարների հետ։ Այդ հեղինակությունը նորանկախ Հայաստանի համար քաղաքական կապիտալ էր։

1997․ ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

1997 թվականի մայիսի 2–3-ին Էդուարդ Շևարդնաձեն այցելեց Երևան և հանդիպեց Լևոն Տեր-Պետրոսյանին։

Այցի օրակարգում էին տարածաշրջանային հակամարտությունները, տնտեսական համագործակցությունը և եվրասիական տրանսպորտային միջանցքի կառուցման հարցերը։

Այցի ընթացքում ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր՝ բանկային, կրթական, իրավական, բնապահպանական, հյուպատոսական և միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության ոլորտներում։

Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստան–Վրաստան հարաբերությունները աստիճանաբար անցնում էին զուտ բարիդրացիական շփումների մակարդակից դեպի ինստիտուցիոնալ համագործակցություն։

Եվ սա Տեր-Պետրոսյանի պետականաշինական քաղաքականության ընդհանուր տրամաբանության ևս մեկ դրսևորում էր։

Պետությունը պետք է ունենար ոչ միայն բարեկամներ։

Պետությունը պետք է ունենար աշխատող պայմանագրեր։

ՋԱՎԱԽՔԸ՝ ԶԳԱՅՈՒՆ ՀԱՐՑ

Հայաստան–Վրաստան հարաբերություններում, բնականաբար, գոյություն ուներ նաև զգայուն հարց՝ Վրաստանի Ջավախքի հայկական բնակչությունը։ Այս թեման հնարավոր չէր շրջանցել։

Հայաստանի համար կարևոր էր այնտեղ ապրող հայերի սոցիալ-տնտեսական և մշակութային վիճակը։ Վրաստանի համար՝ սեփական տարածքային ամբողջականությունը։

Այս երկու հարցերի միջև հավասարակշռություն գտնելը հեշտ չէր։

1997 թվականի Շևարդնաձեի այցի ժամանակ երկու կողմերը քննարկեցին նաև Ջավախքի հայկական բնակչության սոցիալական, տնտեսական, մշակութային և կրթական խնդիրները։

Տեր-Պետրոսյանի մոտեցման մեջ այստեղ ևս կարելի է տեսնել նույն պետական հաշվարկը։ Հայաստանը չէր կարող անտարբեր լինել Ջավախքի հայերի նկատմամբ։ Բայց միաժամանակ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների խաթարումը կարող էր վնասել հենց այդ նույն բնակչությանը։

Այսպիսով, անհրաժեշտ էր պաշտպանել հայկական շահերը՝ չվերածելով դրանք միջպետական հակամարտության։ Սա հեշտ քաղաքականություն չէր։

Բայց հենց նման իրավիճակներում է երևում պետական գործչի իրական մասշտաբը:

ԵՐԿՈՒ ԴԱՐՊԱՍ

Եվ այստեղ արդեն կարելի է միավորել Իրանի և Վրաստանի ուղղությունները։

Հայաստանի աշխարհագրությունը փակված էր երկու կողմերից։

Բայց երկու ուղղությամբ բաց էր։ Հարավ՝ Իրան։ Հյուսիս՝ Վրաստան։ Այս երկու ճանապարհներն ունեին տարբեր քաղաքական նշանակություն։

Իրանը Հայաստանի համար ստեղծում էր այլընտրանքային հարավային հաղորդակցության և էներգետիկ համագործակցության հնարավորություն։

Վրաստանը Հայաստանին կապում էր Սև ծովի նավահանգիստների և եվրոպական առևտրային ուղղությունների հետ։

Այս երկու ուղղությունների միաժամանակյա զարգացումը նշանակում էր մեկ բան.

Հայաստանը փորձում էր շրջափակումը վերածել շրջանցման։

Ոչ թե կոտրել փակ սահմանները։ Այլ ստեղծել ճանապարհներ դրանց շուրջ։

Սա փոքր պետության համար շատ ավելի իրատեսական քաղաքականություն էր։

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ

Եթե փորձենք Տեր-Պետրոսյանի այս քաղաքականությունը պատկերացնել որպես մի հավասարում, ապա այն կարելի է ներկայացնել այսպես.

  • Ռուսաստան — անվտանգություն։
  • ԱՄՆ և Եվրոպա — միջազգային և տնտեսական կապեր։
  • Իրան — հարավային այլընտրանք։
  • Վրաստան — հյուսիսային հաղորդակցություն։

Եվ այս ամենի կենտրոնում՝ Հայաստանի պետական շահը։

Այս պատճառով Առաջին նախագահի արտաքին քաղաքականությունը միայն «մեծ տերությունների միջև ընտրություն» չէր։ Այն նաև աշխարհագրության հաղթահարման քաղաքականություն էր։

Հայաստանը չուներ ծով։ Ուստի պետք էր օգտագործել հարևանների տարածքը։

Հայաստանը չուներ մեծ տնտեսություն։ Ուստի պետք էր բացել արտաքին շուկաներ։

Հայաստանը շրջափակված էր։ Ուստի պետք էր ստեղծել այլընտրանքային ճանապարհներ։

Հայաստանը գտնվում էր մեծ ուժերի մրցակցության տարածքում։ Ուստի պետք էր հարաբերություններ ունենալ հնարավորինս շատ կենտրոնների հետ։

ԳԱԶԱՏԱՐԸ՝ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿ

Այստեղ վերադառնանք գազատարին։ Այս թեմայում հատկապես կարևոր է չխեղաթյուրել ժամանակագրությունը։

Իրան–Հայաստան գազատարի պաշտոնական շահագործումը սկսվեց 2006 թվականին, իսկ պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2007 թվականի մարտին։

Այսինքն՝ այն չի կարելի ներկայացնել որպես Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք կառուցված գազատար։

Բայց 1996 թվականի դեկտեմբերին արդեն փաստաթղթավորված էր դրա նախագծի ֆինանսավորման որոնման մասին պայմանավորվածությունը։

Այս տարբերությունը պատմականորեն շատ կարևոր է։ Որովհետև պետական քաղաքականության մեջ մեծ նախագծերը հաճախ չեն ծնվում այն օրը, երբ շինարարական աշխատանքը սկսվում է։

Նախ ծնվում է գաղափարը։

Հետո՝ քաղաքական պայմանավորվածությունը։

Հետո՝ ֆինանսավորումը։

Հետո՝ նախագիծը։

Եվ միայն դրանից հետո՝ շինարարությունը։

Այդ պատճառով Տեր-Պետրոսյանի նախագահության տարիների վերաբերյալ ճիշտ կլինի ասել, որ Իրանի հետ էներգետիկ համագործակցության և գազատարի ֆինանսավորման ուղղությամբ կարևոր նախադրյալներ ու պայմանավորվածություններ ձևավորվել էին դեռ նրա պաշտոնավարման ընթացքում, իսկ նախագիծը կյանքի կոչվեց հետագա տարիներին։

ԱՐԴՅՈ՞Ք ԱՅՍ ԱՄԵՆԸ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ

Ոչ։

Երբ մեկ պետության արտաքին քաղաքականության մեջ միաժամանակ տեսնում ենք Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցություն, Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացում, Իրանի հետ սահմանային և տնտեսական կապերի հաստատում, Վրաստանի հետ հաղորդակցության ապահովում և Չինաստանի նման հեռավոր ուժի հետ դիվանագիտական հարաբերությունների զարգացում, դժվար է դա համարել պատահականությունների շարք։

Սա քաղաքական համակարգ էր։ Այդ համակարգի հիմքում դրված էր մեկ պարզ սկզբունք. Հայաստանը պետք է հնարավորինս շատ կապեր ունենա և հնարավորինս քիչ կախված լինի միայն մեկ կապից։

Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը հենց այս տեսանկյունից է հետաքրքիր։

Նա փորձում էր կառուցել ոչ թե մեկ ուղղությամբ նայող Հայաստան, այլ բազմակողմ կապերով պետություն։

ՊԱՏՄԱԲԱՆԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ՀԱՏՄԱՆ ԿԵՏԸ

Եվ այստեղ վերադառնում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի կերպարի ամենակարևոր առանձնահատկություններից մեկին։

Նա պատմաբան էր։ Պատմաբանը գիտի, որ աշխարհագրությունը հաճախ որոշում է պետությունների ճակատագիրը։

Բայց պետական գործիչը պետք է փորձի աշխատել այդ աշխարհագրության սահմաններում։

Հայաստանը չէր կարող փոխել իր տեղը քարտեզի վրա։

  • Չէր կարող տեղափոխել Թուրքիային։
  • Չէր կարող տեղափոխել Ադրբեջանին։
  • Չէր կարող ծով ստեղծել Հայաստանի սահմանին։

Բայց կարող էր ստեղծել ճանապարհներ։

  • Կարող էր պայմանագրեր ստորագրել։
  • Կարող էր հարաբերություններ կառուցել։
  • Կարող էր Իրանը դարձնել հարավային գործընկեր։
  • Կարող էր Վրաստանի հետ պահպանել բաց հաղորդակցություն։
  • Կարող էր Ռուսաստանի հետ կառուցել անվտանգության համակարգ։
  • Կարող էր Եվրոպայի և Ամերիկայի հետ ստեղծել քաղաքական ու տնտեսական կապեր։

Եվ հենց այստեղ է նրա արտաքին քաղաքական մտածողության ուժը։

Նա չէր կարող փոխել Հայաստանի աշխարհագրությունը։ Բայց փորձում էր փոխել այն հնարավորությունների շրջանակը, որը այդ աշխարհագրությունը տալիս էր Հայաստանին։

Հայաստանը փոքր երկիր է, բայց նրա քաղաքական աշխարհը չպետք է փոքր լինի։

ՀԱԿ վարչության անդամ
Թելման Պետրոսյան

Շարունակելի