Տեր-Պետրոսյան. «Ժողովուրդները երախտագիտություն են հայտնում այն առաջնորդներին, ովքեր իրենց խաղաղություն են պարգևում»
Ժողովուրդները, որպես կանոն, երախտագիտություն են հայտնում այն առաջնորդներին, ովքեր իրենց ոչ թե նույնիսկ հաղթական պատերազմ, այլ խաղաղություն են պարգեւում։
Այս իրողությունը հատուկ է ոչ միայն ժամանակակից աշխարհին, այլեւ խորապես գիտակցվել է անգամ միջնադարում։ Որքան էլ միջնադարյան հեղինակները գովերգեին իրենց թագավորների կամ սուլթանների զինական առաքինություններն ու քաջագործությունները, նրանց կողմից, այդուհանդերձ, ավելի բարձր էին դասվում այն պետական այրերը, որոնք խաղաղություն եւ բարօրություն էին պարգեւում իրենց ժողովուրդներին, թեկուզ դրանք նվաճված լինեին փոխզիջումների գնով։
Հայ իրականության մեջ այդ գաղափարը հստակորեն ձեւակերպել են մանավանդ XI–XIII դարերի հռչակավոր մատենագիրներ Արիստակես Լաստիվերտցին եւ Հովհաննես Երզնկացին։ «Թագաւորաց օրէն է աշխարհի խաղաղութիւն եւ շինութիւն հոգալ»,– գրում է Լաստիվերտցին։
Ի դեպ, միջին պարսկերենից փոխառված հայերեն «շէն» եւ ասորերեն «šaynā» արմատներից ածանցյալ «շինութիւն» եւ «mšaynūta» բառերն ունեն երկու իմաստ՝ «խաղաղություն» եւ «բարօրություն», ինչը նշանակում է, որ ժողովրդական լեզվամտածողության մեջ այդ երկու գաղափարները բացարձակապես նույնացվել են, արտացոլելով այն ըմբռնումը, որ եթե չկա խաղաղություն, բարօրություն լինել չի կարող:
Լևոն Տեր-Պետրոսյան.
«Խաչակիրները և հայերը» (էջ 28–29)։