«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Տեր-Պետրոսյանը միակ անձն է, ով 44-օրյա պետարեզմից հետո քաղաքական դաշտին ուղղված երկու առաջարկություն է արել. Ուլոյան

Տեր-Պետրոսյանը միակ անձն է, ով 44-օրյա պետարեզմից հետո քաղաքական դաշտին ուղղված երկու առաջարկություն է արել. Ուլոյան

Տարբեր շրջանակներից, թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, առիթից-առիթ Տեր-Պետրոսյանին մեղադրում են այն բանում, որ նա իրավիճակից դուրս գալու ելքեր, կամ առաջարկներ չի ներկայացնում։ Դրա հետ մեկտեղ, ՀԱԿ-ի ներկայացուցիչներին ու համակիրներին էլ մեղադրում են այն բանում, որ, իբր, նրանք անընդհատ իրավիճակը մեկնաբանում են «անցյալի դիրքերից»։

Մարդ իրոք արդեն ամաչում էլ է ամիսը մեկ նույն բանը կրկնել, բայց թերևս դա էլ մի յուրատիպ խաչ է։

Նախ, հարգելիներս, Կոնգրեսից ու կոնգրեսամերձ շրջանակներից ոչ ոք «անցյալի դիրքերից» ներկան չի մեկնաբանում, այլ՝ ընդհակառակը․ այդ մարդիկ քաղաքական դաշտում միակն են, ովքեր իրավիճակները երբեք չեն նույնացրել, այլ՝ դիտարկել ու մեկնաբանել են առանձին հարթություններում՝ հստակ զատելով օրվա իշխանությունների պատասխանատվությունը։ «Անցյալին» նրանք անդրադառնում են բացառապես մի դեպքում, երբ այլոց կողմից փորձ է արվում, նախ, կեղծել անցյալի իրադարձությունների պատճառահետևանքային կապն ու ժամանակագրությունը և, ապա, այդ կեղծիքը ծառայեցնել սեփական շահերին։

Իսկ այդ կեղծիքն, իրականում, միաբևեռ չի, այն չունի հստակ ձևակերպում։ Ըստ ժամանակի պահանջների, այն դրսևորվում է տարբեր ձևակերպումներով, հաճախ՝ հակասական։ Ըստ նպատակահարմարության և օրվա շահի, ինչ-որ պահերի այն նույնիսկ Տեր-Պետրոսյանին արջի ծառայությունների մատուցման տեսք է ստանում։

Ինչ վերաբերում է այն մեղադրանքին, թե Տեր-Պետրոսյանը իրավիճակից դուրս գալու ելքեր չի առաջարկում, ապա այդ մեղադրանքը, ևս, շա՜տ հեռու է իրականությունից։

Անցյալը մի կողմ թողնենք։ Բայց Տեր-Պետրոսյանը միակ անձն է, ով 44-օրյա պետարեզմից հետո քաղաքական դաշտին ուղղված երկու գործնական-քաղաքական առաջարկություն է արել։ Առաջինը 2021 թվականի ընտրություններից առաջ էր, երբ նրա կողմից ընդդիմադիր հիմնական ուժերին Փաշինյանի դեմ միասնական ճակատով հանդես գալու առաջարկ արեց, դա բացատրելով այն հանգամանքներով, որ (1) նման աղետից հետո Փաշինյանի կողմից կրկին հայտ ներկայացնելը խայտառակություն է, (2) Փաշինյանին անհնար է ընտրություններում հաղթել առանց միասնականության, և որ (3) նախկին ղեկավարներից ոչ ոք չպիտի ռևանշային տրամադրություններով առաջնորդվի ու երկիրը ղեկավարելու հայտ ներկայացնի։

Ի՞նչ ստացանք ի պատասխան։ Քոչարյանական շրջանակները ցինիկաբար մերժեցին այդ առաջարկը, պնդելով, որ իրենք առանց ինչ-որ մեկի օգնության էլ գնում են «կՌելու», իսկ ընդդիմության մյուս թևերն էլ այն համարեցին դավադրություն։ Արդյունքում ստացանք այն, ինչի պտուղները քաղում ենք մինչ օրս։

Դրանից մեկ տարի անց, արդեն 2022 թվականին, Տեր-Պետրոսյանը մեկ այլ առաջարկ արեց, այն է՝ արտաքին մարտահրավերների դեմ հանդես գալ նախկին ու ներկա բոլոր ղեկավարեների հետ միասնական ճակատով։ Այս առաջարկն էլ թելադրված էր հետևյալ հանգամանքներով՝ (1) ուզենք, թե չուզենք, ինչ-որ մեթոդներով Փաշինյանը վերընտրվել է և նա է հանդիսանում Հայաստանի անունից բանակցող թիվ մեկ պաշտոնյան, (2) Փաշինյանն է, ով  տիրապետում է բանակցային ողջ տեղեկատվությանը, ինչը, գաղտնի լինելով ու պարունակելով բազմաթիվ նրբություններ, անհնար է դարձնում այլոց կողմից դրանց վերաբերյալ հրապարակային-պատասխանատու կարծիք հայտնելը կամ այլընտրանքներ նշելը, (3) ներկա ճգնաժամային իրավիճակում պետության շահը թելադրում է պետության ապագայի հանդեպ ընդհանուր պատասխանատվություն։

Իսկ սրա վերաբերյալ ի՞նչ պատասխան ստացանք։ Քոչարյանական շրջանակները հայտարարեցին, որ իրենք չեն պատրաստվում սպասվող կապիտուլյացիայի մասով պատասխանատվություն կիսել և, հակառակը, ոչ թե պետք է համախմբվել՝ կանխելու համար հնարավոր վատթարագույնը, այլ, ըստ էության, պետք է սպասել մինչև Փաշինյանը մի նոր կապիտուլյացիա ստորագրի ու միայն դրանից հետո վերցնել իշխանությունը։ Ինչ վերաբերում է Փաշինյանի արձագանքին, ապա նա հայտարարեց, որ նա որևէ պատասխանատվության կիսելու մտադրություն ու ցանկություն չունի, և որ նա պատրաստակամ է ստանձնել ողջ պատասխանատվությունը։
***
Չգիտեմ, թե որքանով հաջողվեց թեմայի կոնտեքստում հնարավորինս հակիրճ ներկայացնել իրադարձությունների զարգացումը, բայց, վստահաբար, ընդհանուր պատկերը սա է։ 
Ու հիմա այս նույն մարդիկ ու նրանց հարող կամ այլ շրջանակները ուղղակի կամ անուղղակի կերպով կրկին Տեր-Պետրոսյանից են ինչ-որ արձագանքներ ու իրավիճակից դուրս գալու ուղիներ պահանջում կամ ակնկալում։

Հարգելիներս, եթե դուք հոգեկան անհավասարակշիռ վիճակում եք գտնվում, կամ հիշողության հետ խնդիրներ ունեք, կամ էլ ձեր պարապությունը չգիտեք ինչով լցնել, դա միայնումիայն ձեր խնդիրն է։ Բայց, այնուամենայնիվ, վերջ տվեք այս համատարած անմեղսունակ դրսևորումներին։

Հարութ Ուլոյան