Թշնամին փորձել է առաջխաղացում կատարել, նաև կրակել է այգում աշխատող արցախցիների ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում գտնվող նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։
«Մարտի 27-ին ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի Մարտակերտի շրջանի գլխավոր մասնագետ Ալյոշա Զաքարյանը ոստիկանության շրջանային բաժնում հաղորդել է, որ երեկ՝ մարտի 26-ին, Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում հակառակորդի կողմից իրենց ուղղությամբ անկանոն կրակոցներ արձակելու մասին:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում պետական տեսչությունների կառավարման կոմիտեին պատկանող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել:
Ոչ ոք չի տուժել: Դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,– ասված է հաղորդագրությունում:
Այսօր՝ ավելի վաղ, Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ մարտի 27-ին` ժամը 9։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամ։
«Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,–ասված է հաղորդագրությանում:
Հիշեցնենք` Արցախի տեղեկատվական շտաբնը մարտի 26–ին հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:
Արցախի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն «Ազատությանը» փոխանցել է, որ այդ ճանապարհով այլևս որևէ շարժ հնարավոր չէ իրականացնել, քանի որ ադրբեջանական զինուժը զբաղեցրած բարձունքից արդեն ամբողջությամբ դիտարկում է այն։