Վաղարշակ Հարությունյան. ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման մասնակիցները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են իրենց մտահոգությունները մարզում սահմանային ճշգրտումների հետևանքով ստեղծված բարդ իրավիճակի վերաբերյալ: Համայնքների ղեկավարներն արձանագրել են, որ սահմանագծի փոփոխություններով պայմանավորված՝ հակառակորդի թիրախում են հայտնվելու մի շարք բնակավայրեր, այդ թվում նաև մարզկենտրոն Կապանը:
Պաշտպանության նախարարը նշել է, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու։ Ընդգծվել է, որ այդ հատվածներում հսկողություն կիրականացնեն ռուս սահմանապահները, որի վերաբերյալ համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել, և դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար:
Վաղարշակ Հարությունյանը նշել է նաև, որ այս գոտիների անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվում է միջոցառումների ամբողջ համալիր, մասնավորապես՝ ձևավորվում են զինվորական նոր ստորաբաժանումներ, ստեղծվում են նոր ենթակառուցվածքներ, և այդ գործընթացը շարունակական է լինելու: