«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Վահե Գրիգորյանի նամակը՝ իշխանություններին

Վահե Գրիգորյանի նամակը՝ իշխանություններին

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը որն ուղղված  է Հայաստանի Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին Սահմանադրական դատարանի անդամներին եւ ՍԴ դատավոր Արման Դիլանյանին ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Մեծարգո տիկնայք եւ պարոնայք

Սույն գրությամբ դիմելու նպատակը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի (հետայսու՝ Դատարան) ներկայում հանդես եկող կազմի սահմանադրականության խնդրից բխող սահմանադրական ճգնաժամի հիմքերի պարզաբանումներն են եւ ճգնաժամից ելքի շուրջ անհրաժեշտ որոշումների կայացումը:

Սույն գրությամբ շարադրանքի լեզուն զերծ է (որքան հնարավոր էր) իրավաբանական շարադրանքին հատուկ ֆորմալ տերմինաբանությունից՝ նպատակ հետապնդելով վերհանել խնդրի էությունը եւ այն քննարկման առարկա դարձնելով լուծել սույնի հասցեատեր եւ Դատարանի դատարանակազմության ընթացակարգում մասնակից սահմանադրական մարմինների եւ Դատարանի անդամների ու դատավորների միջեւ հնարավոր համախոհությամբ, քանի որ սույն խնդրի լուծման այլ հնարավոր տարբերակ առկա չէ, ինչը կբացատրվի ներքեւում:

Սահմանադրական նորմերի պահանջների եւ փաստերի հակիրճ նկարագրությունը

Սահմանադրության 166 հոդվածի 1-ին մասի համաձայն, Դատարանը կազմված է ինը դատավորներից: Սահմանադրության 170 հոդվածի 5-րդ մասի համաձայն, որոշումներն ու եզրակացությունները, պայմանավորված գործի բնույթով, ընդունվում են Դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, իսկ մնացած հարցերով որոշումները՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Սահմանադրության 213 հոդվածով նախատեսված է, որ Դատարանի նախագահը եւ անդամները պաշտոնավարում են մինչեւ 2005թ.-ի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Այնուհետեւ՝ նույն հոդվածով նախատեսվում է դատավորների թափուր տեղերի համար առաջադրումների հաջորդականությունը:

Ներկայում գործում են Դատարանի երկու դատավոր (դատավորներ՝ պարոն Ա. Դիլանյանն ու ես), որոնք ընտրվել են 2015թ.-ի դեկտեմբերի 6-ին ընդունված փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի դրույթների ուժի մեջ մտնելուց հետո եւ մինչ այդ նշանակված Դատարանի 7 անդամ (դատարանի անդամներ՝ տիկնայք Ա. Գյուլումյանը, Ա. Պետրոսյանը, պարոնայք Հ. Նազարյանը, Ֆ. Թոխյանը, Ա. Թունյանը, Հ. Թովմասյանը, Ա. Խաչատրյանը):

Վերաբերելի նորմերի լեզվաբանական մեկնաբանությունը

Դատարանի դատավորի եւ Դատարանի անդամի կարգավիճակների տարբերությունն անառարկելիորեն ակնհայտ է՝ ընդհուպ մինչեւ ճանաչված Սահմանադրի կողմից Սահմանադրության, օրինակ՝ 166, 170 եւ 213 հոդվածների շարադրանքում՝ հստակ տարբերակմամբ:

Այսինքն՝ Սահմանադիրը Սահմանադրության 213 հոդվածում Դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարման ժամկետի մասին նշմամբ չէր կարող նկատի ունենալ Դատարանի դատավորներին եւ դատավորներից ընտրված նախագահին՝ Դատարանի անդամների եւ Դատարանի դատավորների կարգավիճակների չհամընկնման պատճառով: Այլ խոսքով, այս հոդվածով նորմերի լեզվաբանական վերլուծությամբ պաշտոնական ժամկետը չի ավելացվել դատավորների համար՝ վերջիններիս տակ նկատի ունենալով Դատարանի անդամներին: Դատարանի անդամների պաշտոնի վերափոխում չի կատարվել այս հոդվածով:

Ավելին, եթե Սահմանադիրը Սահմանադրության 213 հոդվածում Դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարման ժամկետի մասին նշումով նպատակադրված լիներ Դատարանի անդամների եւ անդամներից ընտրված նախագահի պաշտոնավարումը երկարացնել դատավորի կարգավիճակում մինչեւ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը, ապա նույն հոդվածի առաջին նախադասության վերջին բառին կետադրական նշանի հավելումից հետո կավելացներ՝ «որպես դատավորներ» բառերը, ինչը չի արվել:

Ինքնին, այս նորմերի միայն լեզվաբանական մեկնաբանմամբ ակնհայտ է, որ Սահմանադրի կողմից Դատարանի անդամները եւ նրանցից ընտրված նախագահը դատավորների կարգավիճակ չեն ստացել, քանի որ նպատակային հստակություն ավելացնող այս մոտեցմանը («որպես դատավորներ» հստակեցնող շարադրանքը, եթե այդպիսին լիներ Սահմանադրի կամքը) Սահմանադրի կողմից չդիմելը ոչ թե հստակության ապահովմանն ուղղված շարադրանքի թերություն է, այլ Սահմանադրի ուղիղ դիտավորություն՝ Սահմանադրական դատարանի անդամներին եւ անդամներից ընտրված նախագահին չօժտել դատավորի կարգավիճակով:

Բայց սույն խնդրի լուծումը հնարավոր չէ միայն կիրառելի նորմերի լեզվաբանական մեթոդով մեկնաբանությամբ: Այս մեթոդի կիրառման նպատակն էր վերհանել այն իրողությունը, որ Սահմանադրության տեքստը չի պարունակում Դատարանի անդամի պաշտոնի նույնացում, վերափոխում, վերանվանում կամ անվանափոխություն նշանակող արտահայտություններ կամ շարադրանք Դատարանի դատավորի պաշտոնի ուղղությամբ: Արդ, Սահմանադրության տեքստում դրանք (Դատարանի անդամները եւ դատավորները) ոչ միայն նույնական չեն, այլեւ՝ նպատակայնորեն տարբերակված են:

Սահմանադրի նպատակին համապատասխանությունը.

Դատարանի անդամի պաշտոնը Դատարանի դատավորի պաշտոնի անվերապահորեն վերափոխման մասին Սահմանադրության 213 հոդվածի մեկնաբանությունը չի կարող լինել Սահմանադրի կամքի դրսեւորում: Ավելին, նման մեկնաբանությունը արմատապես մերժելի է հենց Սահմանադրի՝ Սահմանադրությամբ ամրագրված նպատակներին ուղիղ հակոտնյա լինելով:

Այսպես. 2015թ.-ի Սահմանադրությամբ փոփոխություններն իրենց հիմքում ունեցել են այն անհրաժեշտության գիտակցումը (ըստ Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների 2014թ.-ին հաստատված հայեցակարգի 2.6.3 կետի), որ պետք է հստակ ամրագրվեր սահմանադրական վերահսկողություն իրականացնող դատական այս մարմնի հիմնական գործառույթը՝ Սահմանադրության գերակայության ու անմիջական գործողության ապահովումը, դրա իրականացման համար նախատեսելով անհրաժեշտ ու բավարար սահմանադրաիրավական երաշխիքներ:

Հետեւաբար, Սահմանադրության նորմերի բովանդակությունը բացահայտելիս անհրաժեշտաբար պետք է տեսադաշտում պահել, ես կասեի՝ առաջին հերթին, Սահմանադրի նպատակը: Այդ նպատակը, անառարկելիորեն, ներառում է նաեւ Դատարանի գործառույթի իրականացման համար անհրաժեշտ ու բավարար սահմանադրաիրավական երաշխիքների ամրագրումը, ներառյալ՝ Դատարանի կազմավորմանն ուղղված կարգն ու երաշխիքները: Եւ այսու, այս՝ դատարանակազմական կարգն ու երաշխիքները օր առաջ կյանքի կոչելու անհրաժեշտությունն իսկ հենց Սահմանադրի կամքն է՝ ունենալ հենց այս կարգով ձեւավորվող եւ գործող դատարան եւ հրաժարվել նախկին դատարանակազմական կարգի կիրառումից:

Այս նպատակի իրագործման համար 2015թ.-ի սահմանադրական փոփոխությունները ներառել են Դատարանի կազմավորման սկզբունքորեն նոր եւ տարբերվող մոտեցում, որը կոչված է եղել բարձրացնելու դատավորների ե՛ւ անկախության, ե՛ւ նրանց ընտրության գործընթացով բարոյական եւ մասնագիտական, ինչպես նաեւ՝ այլ որակների ստուգման արդյունավետությունը: Այս նպատակի համար ընտրվել էր Դատարանի կազմության գործընթացում ներգրավել Ազգային ժողովը, Հանրապետության նախագահին, Կառավարությունը եւ դատավորների ընդհանուր ժողովը մասնակից դարձնելու տարբերակը: Այս դերակատարների ներգրավմամբ Սահմանադրությամբ նախատեսվեց 2 դատարանակազմական դերակատարների միաժամանակյա գործարկումը յուրաքանչյուր դատավորի ընտրության հարցում՝ Դատարանի դատավորի թեկնածուի ներկայացնող (Հանրապետության նախագահ, Կառավարություն կամ Դատավորների ընդհանուր ժողով) եւ ընտրող մարմին (Ազգային ժողով): Եւ դատավորի պաշտոնավարման ժամկետը սահմանափակվեց 12 տարի ժամկետով՝ հակառակ նախկինում Դատարանի անդամի համար նախատեսված ցմահ ժամկետի (65 կամ 70 տարի պաշտոնավարման ժամկետներով՝ կախված, թե որ խմբագրությամբ Սահմանադրության գործողության ժամանակ է նշանակվել այդ անդամը):

Այս փոփոխությունների՝ Դատարանին վերաբերելի մասով առանցքային տարրերից էին նաեւ քաղաքական մարմինների կողմից Դատարանի նախագահի ընտրության հարցին միջամտության չեզոքացումը եւ այս լիազորության դելեգացումը Դատարանի դատավորներին, որպես Դատարանի անկախության եւ ներքին ինքնավարության նկատմամբ պահանջված հարգանք:

2015թ.-ի Սահմանադրության փոփոխությունների ընդունման պահից ի վեր հստակորեն հայտնի է եղել Սահմանադրի նպատակը՝ օր առաջ ունենալ 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության պահանջներին համապատասխան ձեւավորվող/կազմավորվող Դատարան, որում դատավորները պետք է ընտրվեին նոր ձեւավորված ընթացակարգով, 12 տարի պաշտոնավարման ժամկետով, Դատարանի նախագահը պետք է ընտրվեր դատավորների կողմից՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով: Իսկ Սահմանադրության 213 հոդվածի, որպես անցումային նորմեր նախատեսող դրույթի, ուղիղ նպատակը պետք է լիներ այս նպատակն օր առաջ կյանքի կոչելն ու իրականություն դարձնելը, իհարկե այլ՝ ուշարժան շահերի հաշվի առնմամբ:

Արդյունքում՝ Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված Սահմանադրական դատարանն իր (1) կառուցվածքով եւ (2) դատարանակազմական ընթացակարգերով նախկինում գործող դատարանների համեմատ արդեն իսկ դրանցից ակնհայտորեն եւ էականորեն տարբերվող դատարան է:

2005թ.-ի փոփոխություններով Սահմանադրության համաձայն Դատարանի համեմատությամբ 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված Դատարանն ունի ներկայացվածության ավելի բազմազան շրջանակ (3 դատավորները պետք է անհրաժեշտաբար լինեն դատավորների կորպուսից) եւ դատարանակազմական ընթացքի նկատելիորեն ավելի հավասարակշռված մոդել, որտեղ թեկնածուների ներկայացումն ու ընտրությունը կատարվում են տարբեր մարմինների կողմից, որոնցից երկուսը (դատավորների ընդհանուր ժողովը եւ Հանրապետության նախագահը) ընտրող մարմնի՝ Ազգային ժողովի հետ չունեն (կամ չպետք է ունենան) քաղաքական-կուսակցական կապվածություն՝ սրանով ապահովելով նաեւ ընտրվող դատավորների ընտրության ընթացքում կուսակցական շահերի հնարավոր չեզոքացումը:

Մինչդեռ, Սահմանադրության 213 հոդվածի այն մեկնաբանությունը, որը հիմք է ընդունվել Դատարանի մինչեւ 2018թ.-ի ապրիլի 9-ը (Հանրապետության 4-րդ նախագահի երդմնակալության եւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելու օրը) անդամների եւ նախագահի պաշտոնների ինքնըստինքյան դատավորի եւ դատավորներից ընտրված Դատարանի նախագահի կարգավիճակների վերափոխման համար, կարող էր հանգեցնել կամայականությունների համար ազատ տիրույթի ձեւավորման, երբ 213 հոդվածը կիրառվում է ոչ թե Սահմանադրի նպատակին համահունչ անցումային տրամաբանությամբ, այսինքն՝ հնարավորինս արագ եւ առանց բարդությունների Սահմանադրության փոփոխված դրույթները ուժի մեջ մտնելուն նպաստելը, այլ՝ հակառակը՝ Սահմանադրի կողմից սահմանված դատարանի կազմության կանոնների եւ նախանշված տեսակի դատարան ունենալու հնարավորությունը հնարավորինս հետաձգելը՝ մեկ կոնկրետ վերցրած կուսակցության կամ քաղաքական ուժի (անկարեւոր է, թե որ կուսակցության կամ քաղաքական ուժի մասին է խոսքը) բացարձակ հայեցողության գործադրմամբ եւ շահերի համար:

Այսինքն, Սահմանադրության փոփոխություններն ընդունված լինելով 2015թ.-ի դեկտեմբերի 6-ին, 213 հոդվածի այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ այն ուղղակիորեն վերափոխում է Դատարանի անդամի պաշտոնը Դատարանի դատավորի պաշտոնի, մինչեւ ընդունված Սահմանադրության 7-րդ գլխի կանոնների ուժի մեջ մտնելը, բաց կարող էր լինել այնպիսի կամայականության կիրառման համար, որի սահմանափակումն այսպիսի մեկնաբանությամբ անհնար է: Մասնավորապես, հղվելով քննարկման առարկա հանդիսացող կոնկրետ ժամանակահատվածի (2015թ.-ի դեկտեմբերի 6-ից մինչեւ 2018թ.-ի ապրիլի 9-ը) կոնտեքստուալ առանձնահատկություններին, ես չեմ կարող անտեսել, որ 2005թ.-ի սահմանադրական փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված երկու առանցքային դատարանակազմական մարմինները (Հանրապետության նախագահը եւ Ազգային ժողովը), որոնք նշանակել են Դատարանի անդամներին, եղել են մեկ քաղաքական կուսակցության որոշիչ ազդեցության տակ:

Այսինքն, 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ընդունման պահից մինչ դրանով նախատեսված նորմերի ուժի մեջ մտնելու պահը (2018թ.-ի ապրիլի 9-ը) տեւած 2,5 տարվա ընթացքում մեկ կուսակցության կողմից կատարվող նշանակումների ազդեցությունը, որն արդեն իսկ մինչ այդ պահը նշանակել էր Դատարանի անդամների զգալի մասին (իսկ վերջին նշանակմամբ՝ ապահովեց իր նշանակած անդամների մեծամասնությունը Դատարանում) արդեն իսկ սահմանադրական փոփոխությունների ընդունված լինելու պայմաններում, երբ հստակ էր, որ նախկին (2005թ.-ի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված) դատարանակազմական կարգը չէր գործելու մոտ ապագայում (տառացիորեն 40 օր անց), մեկ քաղաքական կուսակցության բացարձակ հայեցողությամբ կայացված որոշումներով (Դատարանի անդամ նշանակելու եւ նրան 2015թ.-ի Սահմանադրության 7-րդ գլխի կանոնների ուժի մեջ մտնելուց 20 օր առաջ Դատարանի նախագահ նշանակելու) Դատարանի նկատմամբ 2015թ.-ի Սահմանադրությամբ նախատեսված դրույթների զգալի մասի գործողությունը հետաձգվել է մինչեւ 2035թ.-ը, սրա հիմքում նույն կուսակցության անդամին մինչեւ 2035թ.-ը Դատարանի անդամ եւ Դատարանի նախագահ տեսնելու մասնավոր եւ կուսակցական շահից զերծ որեւէ այլ նկատառման հրապարակային պարզաբանման բացակայությամբ:

Հետայսու՝ նյութին վերաբերելի փաստարկումներում անձանց անունները նշելու նպատակը փաստերի ճշգրտությունն ապահովելն է, ոչ թե անձանց վրա շեշտադրումներ կատարելը, որոնց նկատմամբ անձնական հարգանքից զատ այլ վերաբերմունք չունեմ:

Այսպես.

– Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր պրն. Հրայր Թովմասյանը, նույն կուսակցության անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ պրն. Ա. Բաբլոյանի կողմից 2018թ.-ի մարտի 1-ին առաջադրվել է Դատարանի անդամի պաշտոնում, որում ընտրվել է հաջորդ օրը՝ 2018թ.-ի մարտի 2-ին՝ 2015թ.-ի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուն մնացել էր կանխատեսելիորեն 40 օր: Այսինքն, իր կուսակցության առաջադրմամբ եւ իր կուսակցության նշանակմամբ պրն. Թովմասյանն իր կուսակցության ծանրակշիռ մասնակցությամբ մշակված սահմանադրական փոփոխությունների նախագծում նախատեսված դատավորի պաշտոնավարման համար 12-ամյա սահմանափակման վրա հասնելուց 40 օր առաջ նշանակվել է Դատարանի անդամ, ինչով նա, ընկնելով 213 հոդվածի ազդեցության տիրույթ՝ դուրս է մնացել իր պաշտոնավարման 12-ամյա սահմանափակման ազդեցությունից: Սրանով իսկ իր կյանքի տեւողությամբ շարունակելով Դատարանը պահել անցումային կանոնների ազդեցության տակ՝ իր եւ իր նախկին կուսակցության համագործակցությամբ հետաձգելով Սահմանադրի նախանշած եւ սահմանած ընթացակարգով եւ տեսքով Սահմանադրական դատարանի վերջնական ձեւավորման պահը՝ գրեթե կրկնակի ավելի ժամկետով (մոտ 17 տարի), քան հենց Սահմանադրությունների կյանքն է Հայաստանում.

– Այնուհետեւ՝ Դատարանի անդամ նշանակվելուց հետո 20-րդ օրը, երբ 2015թ.-ի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուն մնացել էր կանխատեսելիորեն 20 օր, Դատարանի անդամ պրն. Հ. Թովմասյանը, իր նախկին (20-օրյա վաղեմությամբ հրաժարված) կուսակցության առաջադրմամբ եւ իր նախկին կուսակցության նշանակմամբ իր կուսակցության ծանրակշիռ մասնակցությամբ մշակված սահմանադրական փոփոխությունների նախագծում նախատեսված Դատարանի նախագահի պաշտոնավարման համար 6-ամյա սահմանափակման վրա հասնելուց 20 օր առաջ նշանակվել է Դատարանի նախագահ՝ դրանով իսկ օգտվելով 213 հոդվածի իր կողմից տրված մեկնաբանությունից՝ դուրս մնալով այս կարգավիճակում իր պաշտոնավարման 6-ամյա սահմանափակման ազդեցությունից: Այսու, իր նախկին կուսակցության կողմից նշանակվելով Դատարանի նախագահի պաշտոնում, իսկ Սահմանադրության 213 հոդվածի իմ կողմից մերժելի մեկնաբանությամբ իր պաշտոնավարումը դիտարկվելով որպես Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված Դատարանի նախագահի պաշտոնավարում ցմահ ժամկետով՝ մինչեւ իր 65 տարեկան լրանալը (ըստ 2005թ.-ի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված ժամկետ), ոչ միայն սրանով Դատարանը մեկ մարդու կյանքի տեւողությամբ արգելափակվել է անցումային դրույթների ազդեցության տիրույթում, փաստացի նաեւ՝ Սահմանադրի նախնական եւ իրական նպատակներին հակառակ (ունենալ Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված Դատարան՝ դատավորների կողմից ընտրվող նախագահով), այլ սրանով փաստացի արգելափակվել է մեկ մարդու կյանքի տեւողությամբ Հայաստանի սահմանադրական արդարադատության ատյանի դատավորների կողմից Դատարանը ներկայացնող պաշտոնատար անձին ընտրելու իրավունքը՝ նվազագույնը 3 անգամ՝ առանց որեւէ ողջամիտ պարզաբանման դատավորների այս՝ ներդատարանական ինքնավարության կարեւորագույն եւ ընդգծված հարգանք պահանջող իրավունքը մեկ առանձին վերցրած կուսակցության եւ իր նախկին անդամի կողմից սահմանափակելու մասին.

– Անհնար է անտեսել, որ վերը նշված երկու լրջագույն որոշումները կայացրած Ազգային ժողովն ինքնին ձեւավորված է եղել 2015թ.-ի Սահմանադրությամբ նախատեսված ընտրակարգով, որի նոր բաղադրիչը՝ կայուն մեծամասնության ապահովման նպատակով հաշվարկը կիրառելի է եղել 2017թ.-ին ընտրված Ազգային ժողովի դեպքում: Արդ, որեւէ դեպքում պատկերացնելի չէ, որ Սահմանադիրը, Սահմանադրության փոփոխություններով ընդունելով եւ մեծապես գնահատելով Դատարանի դիրքն ու դերը, եւ, որպես դրա հավաստում Դատարանի դատավորի ընտրության համար պահանջ նախատեսած լինելով Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի 3/5 ձայները, 2015թ.-ի դեկտեմբերի 6-ից մինչեւ 2018թ.-ի ապրիլի 9-ը նախատեսված ժամկետում թույլ տար, որ ընտրողների ձայների կեսից ավելիից էականորեն ավելի քիչ ձայն հավաքած որեւէ քաղաքական ուժ ի վիճակի լիներ ընտրել Դատարանի անդամ (իսկ նույն մեկնաբանության համաձայն նաեւ՝ դատավոր), որը ոչ միայն պետք է հավասարապես ընդունվեր առնվազն 3/5 ձայներ ստացած դատավորների Դատարանում, այլ նաեւ պաշտոնավարեր այդ դատավորներից 1,5 անգամ ավելի ժամկետով, առանց ողջամիտ որեւէ բացատրության.

– Ես՝ այլեւս Դատարանի դատավորի երդման թելադրանքով, չեմ կարող լռություն պահպանել նաեւ այն իրողության կապակցությամբ, որ Սահմանադրի նպատակներին հակոտնյա այս գործընթացի հնարավորությունը ծնվել է Դատարանի նախկին նախագահ պրն. Գ. Հարությունյանի կողմից իր պաշտոնավարման առավելագույն ժամկետը լրանալուց 22 օր առաջ Ազգային ժողովի նախագահ պրն. Ա. Բաբլոյանին իր հրաժարականի դիմումով դիմելով: Մասնավորապես՝ վերջինս 2018 թվականի մարտի 2-ին հայտարարել էր. «Համաձայն «ԱԺ կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի՝ հայտարարում եմ, որ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել»: Ես ամենեւին էլ պատահական չեմ համարում ժամանակագրական պատահականություններն այս իմաստով. Ազգային ժողովի հերթական նիստերն ավարտվում էին 2018թ.-ի մարտի 23-ին, ինչը համընկնում էր պրն. Գ. Հարությունյանի պաշտոնավարման վերջին օրվա հետ, իսկ հաջորդ հերթական նիստը պետք է տեղի ունենար 2018թ.-ի ապրիլի 10-ին, այսինքն՝ Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելուց մեկ օր հետո (երբ Դատարանի նախագահը պետք է ընտրվեր դատավորների կազմից եւ կողմից): Մինչդեռ, անհասկանալիորեն 22 օր տրված հրաժարականի փաստի հետաքրքիր զուգադիպմամբ, պրն Հ. Թովմասյանը ձեռք էր բերել Դատարանի նախագահ ընտրվելու հնարավորությունը ոչ միայն ցմահ պաշտոնավարման ժամկետով (այսինքն՝ 3 անգամ ավել, քան մի քանի օր անց ուժի մեջ մտնող Սահմանադրությամբ էր նախատեսվում), այլ նաեւ՝ իր կուսակցության կողմից այս պաշտոնում ընտրվելու հնարավորությունը, դատավորների կողմից ընտրվելու կարգի փոխարեն: Արդ, այսպիսի գործելաոճով եւ մեխանիզմների գործադրմամբ Դատարանի դատավորների կողմից Դատարանի նախագահ ընտրելու Դատարանի ներքին ինքնավարության դատավարական մեխանիզմը չեզոքացնելը, որը տեղի է ունեցել, եթե պատահականություն համարել, ապա խիստ անհավանականորեն ճշգրիտ զուգադիպած փաստերի հերթականության բերումով, լիովին խոցելի են դարձնում Սահմանադրության 213 հոդվածի մինչ այսօր ներկայացված մեկնաբանությունը, որը, այս իրողությունների փաստմամբ, ոչ միայն չի բխում Սահմանադրի կամքից, այլեւ՝ ուղղակիորեն դրա իրագործմանը դեմ «փաստերի պատահական հաջորդականությունների» հարուցմամբ ուղղակիորեն հանդիսանում է Սահմանադրի նպատակների իրագործման խոչընդոտ:

Որեւէ ողջամիտ կասկածից վեր է, որ Սահմանադրության 213 հոդվածին տրված մեկնաբանությունը հիմք է ծառայել եւ փաստված իրողությամբ հանգեցրել է այնպիսի գործողությունների, որոնք հետաձգել են Սահմանադրի կամքի օր առաջ իրագործումը, առնվազն 2015թ.-ի դեկտեմբերի 6-ից մինչեւ 2018թ.-ի ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների ազդեցությամբ, երբ հաստատապես հայտնի է եղել Սահմանադրի կամքը Դատարանի ձեւավորման սկզբունքների եւ գործունեության, ինչպես նաեւ ներդատարանական ինքնավարության հարցերի վերաբերյալ: Ապաեւ, եթե այս պարզ իրողության փաստմամբ այս հոդվածի նման մեկնաբանության Սահմանադրի կամքին համապատասխանությունն այլեւս լրջագույն կասկածի տակ է, որն առ այսօր չի բարձրաձայնվել Դատարանի որեւէ անդամի կողմից, եւ պարզաբանման կարիք ունի առհասարակ այս՝ 213 հոդվածի մեկնաբանման ողջ շրջանակը:

Վերը նշվածը ոչ թե եւ ոչ միայն Սահմանադրի կամքին տրամագծորեն հակառակ եւ բարձր հավանականությամբ հնարավոր սցենար է եղել, ինչպիսին Սահմանադիրը չէր կարող կամենալ եւ նպատակադրել 213 հոդվածի անցումային դրույթներով, այլ նաեւ՝ արդեն փաստված եւ ի կատար ածված ծրագիր, անկախ նրանից՝ այն իր տակ ունեցել է համապատասխան մտադրություն, թե՝ ի կատար է ածվել ակամա գործողությունների զուտ եւ խիստ պատահական համընկնման եւ որեւէ մեկի կողմից այս ընթացքին հետեւելիս, ներառյալ նաեւ՝ Դատարանի անդամների, Սահմանադրի կամքին հակառակ որեւէ միտում չնկատելով: Եթե՝ առաջինը, ապա սա լրջագույն պարզաբանման կարիք ունի:

Կրկնեմ, որ վերը նկարագրվածը տեղի չի ունեցել Սահմանադրության որեւէ նորմի ձեւական խախտմամբ, այլ՝ Սահմանադրության 213 հոդվածի կամայականությունների համար ընդարձակ տիրույթ նախատեսող մեկնաբանությամբ, ինչը հանդիսանում է նաեւ Դատարանի մինչեւ 2015թ.-ի դեկտեմբերի 6-ին ընդունված փոփոխությունների ուժի մեջ մտնելուց առաջ նշանակված դատարանի անդամների պաշտոնավարման ավտոմատ վերափոխման մոտեցման հիմք՝ դեպի Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարում: Վերը նշվածը տեղի է ունեցել Սահմանադրության 213 հոդվածի՝ սրան նախկինում տրված մեկնաբանության ողջ ծավալի խստիվ ձեւական համապատասխանությամբ, սակայն Սահմանադրի նպատակներին ուղղակիորեն հակառակ: Ապաեւ, Սահմանադրության 213 հոդվածի դրույթների մինչ այսօր ունեցած կիրառության շրջանակը պետք է հանդիսանա քննարկման առարկա՝ վերը նկարագրված խնդիրների լուծումները գտնելու նպատակի համար:

Արդ, որպես Դատարանի դատավոր, Սահմանադրին տրված իմ երդման թելադրանքով, ինձ համար արմատապես մերժելի է Սահմանադրի կամքին ձեւական համապատասխանության, սակայն Նրա նպատակների դեմ որեւէ մոտեցում, որի ընդամենը մեկ դրսեւորումը հակիրճ փորձեցի շարադրել: Եւ իմ համոզմունքը շարադրելիս ես որեւէ կարեւորություն եւ նշանակություն չեմ տալիս այն իրողությանը, թե ինչու այս հարցը մինչ այսօր չի բարձրաձայնվել Դատարանի որեւէ անդամի կողմից: Ես իմ դատողությունների հիմնավորվածության եւ գործողությունների անհրաժեշտության մեջ համոզվածություն ունենալիս՝ դրանց հրապարակման եւ դիմելու հարցում չեմ կարող ինձ կաշկանդել այլոց պատկերացումներով եւ մոտեցմամբ:

Սահմանադրական դատարանի անդամի երդման մասով

Դատարանի անդամները մինչ այսօր գտնվում են Դատարանի անդամի երդման ներքո եւ մինչ այսօր չեն երդվել որպես Դատարանի դատավորներ: Դատարանի անդամների երդումն էականորեն տարբեր է Դատարանի դատավորի երդումից: Մասնավորապես.

– Ազգային ժողովի կողմից 1995թ.-ի նոյեմբերի 20-ին ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն Դատարանի անդամի երդման տեքստն է. «Ստանձնելով սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը, Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ երդվում եմ` պահպանել Սահմանադրությունը, լինել անաչառ, բարձր պահել սահմանադրական դատարանի անդամի կոչումը»: Սույն տեքստն անփոփոխ պահպանվել է նաեւ Ազգային ժողովի կողմից 1997թ.-ի դեկտեմբերի 9-ին ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում.

– Ազգային ժողովի կողմից 1995թ.-ի նոյեմբերի 20-ին 2006թ.-ի հունիսի 1-ին ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն Դատարանի անդամի երդման տեքստը փոփոխվել է ըստ հետեւյալի. «Ստանձնելով սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ երդվում եմ` ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ, հավատարիմ մնալ սահմանադրական դատարանի անդամի կոչմանը».

– 2018 թվականի հունվարի 17-ին ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն Դատարանի դատավորի երդման տեքստը հետեւյալն է. «Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ երդվում եմ` ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ եւ անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը:»

Նվազագույն եւ որեւէ կասկած չունենալով Դատարանի անդամների մասնագիտական բարեխղճության եւ ազնվության, ինչպես եւ նրանց բարձր մարդկային որակների եւ հատկանիշների նկատմամբ, այլ շրջադարձորեն հակառակը՝ վստահ լինելով այդ որակներին, նրանք, ինչպես եւ յուրաքանչյուր հրապարակային երդում տված անձ, պետք է անհրաժեշտաբար իրենց երդմանը հավատարիմ մնալով դեռ շարունակեին մնալ Դատարանի անդամ եւ բարձր պահել այդ Դատարանի անդամի պատիվը (տե՛ս երդումների տեքստերը մեջբերված վերեւում): Մինչդեռ, եթե Սահմանադրության 213 հոդվածի թելադրանքով նրանք այլեւս դատավորներ պետք է լինեն, ինչպես պնդում են, ապա՝ արդյո՞ք հենց իրենց իսկ տրված երդման հետ չի առաջին հերթին Սահմանադրության 213 հոդվածի կիրառված մեկնաբանության հակասությունը: Ապաեւ՝ կամ երդումը, կամ 213 մեկնաբանության իրենց տարբերակը: Միաժամանակյա գործողություն չկա. սրանք համատեղելիություն չունեն:

Դատավորների անփոփոխելիության սկզբունքը

Որեւէ առարկության այս սկզբունքի դեմ՝ որպես դատական իշխանության անկախության երաշխիքներից մեկի, կիրառության դեմ մերժելի է: Սակայն այս սկզբունքը պետք է կիրառվի իր նպատակային նշանակության ուղղությամբ եւ չի կարող դառնալ հակառակ նպատակների պաշտպանության գործիք: Դատավորների անփոփոխելիության սկզբունքը կոչված է դատավորներին եւ դատարանները (ինչպես եւ համարժեք գործառույթ իրականացնող այլ ատյաններին) պաշտպանել իշխանության այլ ճյուղերի կամ այլ աղբյուրների ազդեցություններից: Այն, այլ խոսքով, դատավորների եւ դատարանների անկախության պաշտպանություն է:

Այս սկզբունքը չի կարող բացարձակ դիտվել եւ ենթակա է ողջամիտ սահմանափակումների: Այս սկզբունքի կիրառությունը պետք է առավելագույնս ապահովվի, երբ խոսքը վերաբերում է քաղաքական իշխանության փոփոխությունների արդյունքում միջամտությունների հավանականությանը դատական իշխանությանը:

Սակայն, 2015թ.-ի Սահմանադրության փոփոխությունը ոչ քաղաքական ուժի իշխանության մեջ փոխատեղման, ոչ էլ դատական իշխանության, առավել եւս՝ Դատարանի նկատմամբ դրա անկախությանը միջամտելու համար թիրախավորված գործընթաց է եղել: 2015թ.-ի սահմանադրական փոփոխություններով կատարվել է Հայաստանի նորագույն պատմության ընթացքում պետության մոդելի ամենաարմատական փոփոխությունը, որը համակել է ինչպես գործադիր եւ օրենսդիր, այնպես էլ դատական իշխանության ողջ սպեկտրը: Ավելին, այս փոփոխություններն ինքնին հանգեցրել են հենց Դատարանի կազմության, դրա ընթացակարգերի եւ լիազորությունների էական փոփոխությունների, դատավորների կարգավիճակի ներդրման դատարանում, խորհրդարանական Հանրապետությունում Դատարանին նոր՝ առավել ծանրակշիռ դերով օժտելուն:

Արդ, Սահմանադրի նպատակն է եղել օր առաջ այդ փոփոխությունների կյանքի կոչելը, որի դիմաց դատավորների անփոփոխելիության սկզբունքի մասնակի զիջումը ոչ միայն չէր կարող խոնարհեցնել Դատարանի անկախությունը, այլեւ՝ փոփոխություններով հանդերձ, նոր Սահմանադրության գործարկմամբ այն պետք է էլ առավել ընդգծված եւ ամրապնդված լիներ:

Մինչդեռ, 213 հոդվածի այն մեկնաբանությունը, որը, ձեւականորեն հղում տալով դատավորների անփոփոխելիության սկզբունքին, կիրառվել է 2015թ.-ի դեկտեմբերի 6-ից մինչեւ 2018թ.-ի ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, ոչ թե Դատարանի անկախության պաշտպանության նպատակ հետապնդող մոտեցում կարող է դիտվել, այլ դրա տրամագծորեն հակառակը: Այնպես, ինչպես դատավորների անփոփոխելիության սկզբունքը փորձ է եղել մեջբերել Սահմանադրության 213 հոդվածի կիրառված մեկնաբանության համար, այն ավելի շատ դարձել է մեկ քաղաքական կուսակցության որոշմամբ Դատարանի (այլեւս՝ Սահմանադրությամբ երաշխավորած) իր ներկայացուցչական մարմինները ընտրելու ինքնավարության միջամտությանը եւ Դատարանի՝ Սահմանադրությամբ նախատեսված մոդելի կյանք իրագործումը շուրջ 2 տասնամյակ հետաձգելուն:

Եւ ես խորապես ափսոսում եմ, որ միջազգային այն կազմակերպությունները, որոնք 2015թ.-ի սահմանադրական փոփոխությունների ողջ ընթացքում գործուն դերակատարություն են ունեցել իրենց փորձագիտական միջամտություններով տարբեր հարցերի վերաբերյալ, գլխովին անտեսել են հենց այն իշխանության եւ նրա ներկայացուցիչների՝ դատավորների անփոփոխելիության սկզբունքի վկայակոչմամբ թույլ տված քաղաքական միջամտությունները, որոնց հետ նույն միջազգային կազմակերպությունները ուղիղ կապի մեջ են եղել այս ողջ ընթացքում: Սա խոր հիասթափության եւ այդ կազմակերպությունների կողմից քաղաքական-կուսակցական կողմնապահության արդարացված տպավորություն կարող էր թողնել հայաստանյան հանրության շրջանում:

Եւ այսու, մեր պետության սահմանադրական մոդելի ամբողջական փոփոխության պայմաններում, երբ արմատապես վերափոխվել են գործադիր, օրենսդիր եւ, մասամբ՝ դատական իշխանությունների կազմավորման, ընթացակարգային եւ գործառութային կարգավորումները, Դատարանի դատավորների՝ Սահմանադրությամբ նախատեսված մասնագիտական եւ ներկայացուցչական բազմազանության պայմաններում ձեւավորվելիք նոր կազմը կարող էր որեւէ կերպ եւ որեւէ խնդիր առաջացնել դատավորների անփոփոխելիության սկզբունքի հետ: Ավելին, շարունակելով հենց դեռ նախորդ սահմանադրական ընթացակարգերից օգտվելու հնարավորությունից, միջազգային կազմակերպությունների աչալուրջ հսկողության տակ եւ առանց որեւէ առարկության հանդիպելու օրվա քաղաքական իշխանությունը ամբողջացրել է Դատարանի նկատմամբ իր վերահսկողական լծակները՝ Դատարանի անդամ ընտրելով իր անդամին եւ անմիջապես վերընտրելով ցմահ (մինչեւ 65 տարեկան պաշտոնավարման ժամկետում) նախագահի կարգավիճակում՝ դրանով իսկ Հայաստանին՝ դատավորների անփոփոխելիության սկզբունքի պաշտպանության ներքո զրկելով մինչեւ 2035թ.-ը Սահմանադրի կողմից նախատեսված Դատարանն ունենալու հենց նույն մարդկանց եւ միջազգային կազմակերպությունների կողմից գործուն կերպով հրամցված մոդելից, որպես ամենաարդյունավետ Դատարան մոդել:

Իմ՝ դատավորի տրված երդումս ինձ արգելում է այս իրողությունը, ներառյալ նաեւ միջազգային կազմակերպությունների մասով, չբարձրաձայնելու շռայլությունը:

Դատարանի հեղինակության հարցն ու խնդիրը

Սահմանադրության 213 հոդվածի մինչ այսօր ունեցած մեկնաբանության ներքո Սահմանադրի կամքին հակառակ նշանակմամբ եւ դրանով էլ ավելի խորացնելով հայաստանյան հանրության աչքում մեկ կուսակցության դոմինացիայի տակ գտնվող ատյանի հանրային ընկալումը, զուտ միայն իրավական դատողությունների սահմանափակելու անհնարինությամբ այս խնդրի լուծումը նաեւ ունի Դատարանի, մասնավորապես, եւ սահմանադրական արդարադատության, առհասարակ, հեղինակության պաշտպանության ասպեկտ:

Ես չեմ կարող այս հարցի շրջանակներում, իմ կարգավիճակով պայմանավորված, ծավալվել ավելի, քան նշվեց, սակայն սույն նամակի հասցեատերերից յուրաքանչյուրին պետք է խնդրեմ սա տեսադաշտում պահել:

Եւ ես ցավով եմ նկատում, որ այս պարզ իրողությունն առ այսօր անտեսված է եղել Դատարանի անդամների կողմից՝ առնվազն այնքանով, որքանով որ մեկ քաղաքական կուսակցության եւ իր նախկին անդամի կողմից Դատարանի նախագահի պաշտոնում ընտրությունը ուղղակիորեն հանգեցրել է Դատարանի ներքին ինքնավարության ամենակարեւոր հարցերից մեկի՝ իր նախագահի ընտրության եւ այդ ընտրության հնարավորության Սահմանադրությամբ նախատեսված առավելագույն ժամկետից մոտ 3 անգամ եւ այնպիսի փաստերի եւ գործողությունների զուգամիտմամբ, որ կարող են կասկած հարուցել Դատարանի նկատմամբ հարգանքի բացակայության մասին:

Լուծման տարբերակներ

Այս խնդիրը՝ Սահմանադրության 213 հոդվածի ճշգրիտ եւ կամայականություններից զերծ պահող մեխանիզմ նախատեսող մեկնաբանությունը չի կարող լուծման առարկա հանդիսանալ Դատարանում (եթե այն նույնիսկ որեւէ կերպ բարձրացվի Դատարանի առջեւ որեւէ վարույթի շրջանակներում), քանի որ խնդրո առարկան հենց Դատարանի կազմի գերակշիռ մեծամասնության դատավորի պաշտոնում պաշտոնավարման սահմանադրականությանն է վերաբերում (թեկուզեւ սահմանադրականության այդ խնդիրն իր ողջ սրությամբ ծագել է այս նորմերի 2015թ.-ի դեկտեմբերի 6-ից մինչեւ 2018թ.-ի ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում տեղ գտած իրողությունների խոցելի սահմանադրականությունից): Այլ խոսքով, ակնհայտ է, որ՝

– Սահմանադրության որեւէ դրույթով մինչեւ 2015թ.-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության փոփոխությունները նշանակված սահմանադրական դատարանի անդամների կարգավիճակը expressis verbis չի վերափոխել Սահմանադրական դատարանի դատավորների սահմանադրաիրավական կարգավիճակի.

– մինչեւ 2015թ.-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության փոփոխությունները Դատարանի նշանակված անդամները երբեւէ չեն տվել Դատարանի դատավորի երդում եւ շարունակում են պաշտոնավարել իրենց՝ Դատարանի անդամի նախկինում տրված երդման ներքո՝ փաստացի որպես Դատարանի անդամներ.

– Սահմանադրության 213 հոդվածի առաջին նախադասությունը, որով կարգավորվում է Դատարանի նախկինում նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետը, չի կարող մեկնաբանվել որպես Դատարանի անդամի կարգավիճակից դեպի Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակի վերափոխման, քանի որ նման մեկնաբանությունը կամայականության եւ նույն նորմը Սահմանադրի կամքին հակառակ կիրառության դաշտ կձեւավորեր եւ, փաստացի, այդպես էլ տեղի է ունեցել, ինչպես նկարագրված է վերեւում.

– Սույն խնդրի լուծումը դուրս է Դատարանի լուծման հնարավորությունից, քանի որ այն ուղղակիորեն վերաբերում է այս պահի դրությամբ Դատարանի 7 անդամների սահմանադրաիրավական կարգավիճակին եւ Դատարանի մեկ անդամի նշանակման եւ Դատարանի նախագահ ընտրվելու հարցին.

– Այս խնդրի խորությունը հստակ եւ վերջնական մեկնաբանություններով վերջնականորեն լուծելու պահանջ է առաջացնում, սակայն չկա որեւէ ատյան, որն իրավասու եւ ի զորու է տալ այդ վերջնական լուծումը:

Ամենախոր հարգանքով վերաբերվելով միջազգային փորձագետներին եւ Եվրոպայի խորհրդի մասնագիտացված մարմիններին, այդուհանդերձ, կարծում եմ, որ այս հարցի քննարկման լավագույն ձեւաչափը Դատարանի դատարանակազմական լիազորություններով օժտված սահմանադրական մարմինների քննարկման եւ համախոհությամբ լուծման տիրույթում է՝ Դատարանի անդամների եւ դատավորների մասնակցությամբ, որի կապակցությամբ ստորեւ ներկայացնում եմ խնդրի լուծման իմ տարբերակները:

Ես համարում եմ, որ այս հարցի լուծումը խիստ ներքին սուվերենության տիրույթում է եւ ավելի շատ պետք է ստանա այն հարցի պատասխանը, թե ինչպես է Հայաստանը վերականգնելու իր Դատարանի նկատմամբ հարգանքն ու վերահաստատելու դրա անկախության երաշխիքները, այն ազատելով կուսակցական դատարանի հնարավոր ընկալումներից հանրության շրջանում՝ ձերբազատելով Դատարանին կուսակցականացվածության ծանրությունը իր հեղինակության եւ հանրային վստահության համար կրելու բեռից:

Տարբերակ 1

Դատարանի անդամների եւ դատավորների, ինչպես նաեւ Դատարանի դատարանակազմական լիազորություններ ունեցող մյուս սահմանադրական մարմինների կոնսենսուալ որոշմամբ հաստատված կմնա այս իրավիճակը:

Եթե այս տարբերակն է ընտրվում, ապա սահմանադրական մարմիններն իրենց հստակ հայտարարություններով պետք է փաստեն, որ Դատարանն իր այս կազմով եւ դրա ձեւավորման ընթացքում մինչեւ 2018թ.-ի ապրիլի 9-ը նշանակված անդամների նշանակմամբ չի խախտում Դատարանի ձեւավորման համար Սահմանադրությամբ նախատեսված պահանջները, համապատասխանում է Դատարանի ձեւավորման համար՝ Սահմանադրությամբ նախատեսված նորմերով հետապնդվող Սահմանադրի նպատակներին՝ ներառյալ Դատարանի համար կարգավորումների ուժի մեջ մտնելու համար մինչեւ 2035թ.-ը սպասելը:

Տարբերակ 2

Սահմանադրությամբ Դատարանի դատավորների թեկնածուներ ներկայացնող մարմինների կողմից Ազգային ժողովին ներկայացվում են Դատարանի դատավորների 7 թափուր հաստիքների համար թեկնածուներ, որոնց ընտրությունից եւ 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված Դատարանի կազմը համալրվելուց հետո վերջինս որոշում է Դատարանի դատավորների կարգավիճակը եւ 213 հոդվածի իրական սահմանադրաիրավական բովանդակության կիրառության շրջանակը:

Իրավական անվտանգության նկատառումներից ելնելով Դատարանը կարող է անդրադառնալ նաեւ 2018թ.-ի ապրիլի 9-ից մինչ այդ դատարանի կազմության պահը կայացված որոշումների հարցին՝ մեկ եւ ընդմիշտ կնքելով նաեւ այդ հարցի վերջնական լուծումը, իսկ մինչ այդ որոշման կայացումը 2018թ.-ի ապրիլի 9-ից կայացված որոշումների իրավական ուժը անվերապահորեն ճանաչվելու է:

Այս տարբերակի դեպքում թեկնածուների եւ նրանց ընտրության ընթացքում պետք է ապահովվի առավելագույն համախոհություն ընդդիմության եւ քաղաքական մեծամասնության, ինչպես նաեւ թեկնածուներ ներկայացնելու իրավասություն ունեցող մարմինների միջեւ՝ մեկընդմիշտ ազատելով Դատարանին մեկ քաղաքական ուժի կողմից դոմինացված ատյան համարելու հանրային ընկալման իներցիայից: Այս կապակցությամբ մասնագիտական համայնքի եւ քաղաքացիական հասարակության ներգրավումը խիստ խրախուսելի կլինի:

Մանրամասները մասնագիտական աշխատանքային քննարկման առարկա կարող են լինել:

Տարբերակ 3 (ամեն դեպքում).

Օրենսդիր իշխանությունը պետք է նախատեսի վաղ կենսաթոշակային սխեմայի գործարկումը Դատարանի անդամների համար բոլոր երաշխիքներով, հաշվի առնելով այս տեսակի հանգուցալուծումների համար միջազգային լավագույն փորձը եւ մշակված ստանդարտները, որ հրաժարական ներկայացրած անդամներն ստանան իրենց կողմից ստացվող աշխատավարձին առնվազն հավասար կենսաթոշակ եւ օգտվեն այլ երաշխիքներից, եթե կորոշեն հրաժարական ներկայացնել իրենց զբաղեցրած պաշտոններից:

Սակայն, քանի որ այս տարբերակը պայմանավորված է Դատարանի անդամների բացառիկ հայեցողությամբ, դրա լուծումը մնում է բացառապես Դատարանի անդամների լուծման տիրույթում եւ դուրս է սույն գրության մյուս հասցեատերերի լուծման տիրույթից եւ երկրորդային տարբերակ պետք է դիտարկվի ամեն դեպքում այս պայմաններում:

Իմ մոտեցումը խնդրի լուծմանը.

Ինքս ունեմ իմ նախընտրելի տարբերակը սույն ճգնաժամի հաղթահարման համար, սակայն ձեռնպահ կմնամ դրա հրապարակումից մինչեւ Դատարանի կազմությանը մասնակից սահմանադրական մարմինների կողմից իրենց մոտեցումների ձեւավորումը:

Ես չեմ բացառում նաեւ Դատարանի կազմությանը մասնակից սահմանադրական մարմինների կողմից եւ Դատարանի անդամների եւ դատավորների համախոհությամբ միջանկյալ որեւէ տարբերակի քննարկումը, եթե դա խնդրի շուրջ հանրային կոնսենսուսի կարող է հանգեցնել եւ Դատարանին թույլ տալ նախկին բեռի թոթափումից հետո լիարժեքորեն անցնել իր՝ Հայաստանի սահմանադրական կառուցվածքում իշխանության գլխավոր գրավիտացիոն կենտրոնի եւ իշխանության ճյուղերի հավասարակշռող մեխանիզմի դերը:

Սույն գրության նպատակը

Սույն նամակի մեջ վերը թվարկված իմ հիմնավորումների հիմքով ես պնդում եմ, որ Սահմանադրության 213 հոդվածը կիրառելիս դրա ֆորմալիստական մեկնաբանության արդյունքում առաջին հերթին կուսակցական որոշումների եւ գործողությունների շարքի իրագործմամբ Դատարանի կազմը համալրվել եւ Դատարանի նախագահի պաշտոնում ընտրությունը կատարվել է Սահմանադրության 213 հոդվածով նախատեսված եւ Սահմանադրի իրական նպատակների անտեսմամբ եւ դրանց իրագործման հանրային շահին դեմ՝ փաստացի կասեցնելով Սահմանադրի կողմից իր իսկ սահմանած Դատարանն ունենալու հեռանկարի իրագործվելը մինչեւ 2035թ.-ը, այն պայմանավորելով կուսակցական որոշմամբ եւ նույն կուսակցության անդամի նշանակմամբ՝ նրա պաշտոնավարման ժամկետի լրանալով:

Ես նպատակ ունեմ Դատարանի առջեւ ծառացած խնդիրների այս խումբը, սկսած Դատարանի ներքին ինքնավարության եւ դատավորների կողմից իրենց նախագահին ընտրելու եւ վերջացրած Դատարանի կազմի սահմանադրականությանն հարցին՝ վերջնական որոշման հասնել: Խնդրի խորությունը եւ լուծման՝ Դատարանի հնարավորություններից դուրս լինելու առանձնահատկությունը, այս ձեւաչափի ընտրության հիմքն է:

Սահմանադրությամբ Դատարանի կազմությանը մասնակից բոլոր սահմանադրական մարմիններն ունեն իրենց պատասխանատվությունը այս ճգնաժամի լուծման համար: Նրանք բոլորն էլ ունեն Սահմանադրության դրույթների իրենց լիազորություններին վերաբերելի մասով մեկնաբանության եւ կիրառության պատասխանատվություն այն պայմաններում, երբ Սահմանադրության նորմերի վերջնական մեկնաբանության համար կոչված բարձրագույն դատական ատյանն ի վիճակի չէ դա ապահովել այս պահին:

Դատարանը պետք է վերջապես ձերբազատվի կուսակցական դատարանի եւ կուսակցական որոշումներով եւ նպատակահարմարությամբ ձեւավորված դատարանի հանրային ընկալումից: Մինչդեռ վերը թվարկված իրողությունները էականորեն խոչընդոտելու են Դատարանին՝ իր նկատմամբ հարգանքի եւ հեղինակության, իր գործունեության նկատմամբ հանրային վստահության վերականգնման գործում: Ակնհայտ է, որ իրավիճակը ստանդարտ չէ եւ, որքանով ես եմ հասկանում Դատարանում իմ ունեցած հանդիպումներից, նման հարցերի քննարկումը նույնիսկ ընդունված պրակտիկա այս դատարանում չի եղել: Հնարավոր է, որ ստանդարտ չեն լինելու խնդրի լուծման ճանապարհները, եւ, այդուհանդերձ, դրանք չեն կարող շեղվել սահմանադրականության ուղեծրից:

Ափսոսում եմ, որ առնվազն այս՝ Դատարանի ներքին ինքնավարությանը վերաբերող կարեւորագույն գործառույթներից մեկի՝ դատավորների կողմից Դատարանի նախագահի ընտրության հարցին մեկ առանձին վերցրած քաղաքական կուսակցության միջամտությունը եւ դրա որոշման փաստացի պարտադրումը իր ժամանակին՝ Դատարանի նկատմամբ հարգանքի պահանջով դիմադրության չի արժանացել հենց Դատարանի անդամների կողմից: Անհանդուրժելի եմ համարում որեւէ քաղաքական կուսակցության կամ այլ խմբավորման կողմից Դատարանի գործունեության նկատմամբ նման վերաբերմունքը, առավել եւս՝ Սահմանադրի նպատակներին հակադրվելով կուսակցական որոշումների փաստացի պարտադրումը Դատարանին:

Ես հուսով եմ, որ այս քննարկումները մեզ տանելու են Դատարանի համար գործունեության բարենպաստ միջավայրի ձեւավորմանը, ոչ թե՝ ապակառուցողական հակադրվածության տրամադրության: Եւ, կարեւորելով խնդիրն օր առաջ լուծելու անհրաժեշտությունը եւ սույն գրության հասցեատերերին՝ խնդրի բնույթից բխող իրավական անվտանգության նկատառումներից ելնելով, հորդորում եմ իրենց մոտեցումները ձեւավորել եւ քննարկումները սկսել օր առաջ:

Դատավոր Վ. Գրիգորյան