«  Հունվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Վարդան Հարությունյան. Փաշինյանը մեկ դեպքում է իրատես՝ երբ իշխանություն ձեռք գցելու ու պահելու խնդիր կա

Վարդան Հարությունյան. Փաշինյանը մեկ դեպքում է իրատես՝ երբ իշխանություն ձեռք գցելու ու պահելու խնդիր կա

Երեկ Փաշինյանն ասել է․ «Պատերազմից առաջ գոյություն ունեին պայմաններ, երբ գիտեինք, որ ունենք ուժեղ բանակ, հուսալի դաշնակիցներ, երբ պաշտոնական զեկույցներ էին դրված սեղանին, որ ի վիճակի ենք գործել «ոչ մի քայլ ետ» տրամաբանությամբ»։

Այդ ասուլիսի ընթացքում նա բազմաթիվ վիճելի, անընդունելի, մանիպուլյատիվ մտքեր է հնչեցրել, բայց, իմ կարծիքով, այս միտքը պետք է առանձնացվի։

Նա, փաստորեն, չի իմացել ու դեռ չգիտի, որ հուսալի բանակը ոչ թե պատերազմի, այլ բանակցելու համար է։ Նրանից առաջ եղած ղեկավարները, գիտակցելով այս պարզ ճշմարտությունը, բանակցել են անընդհատ։ Իսկ Փաշինյանը, փաստորեն, երբ հայտնվեց վարչապետի աթոռին ու սկսեց ստանալ պաշտոնական զեկույցներ «որ ի վիճակի ենք գործել «ոչ մի քայլ ետ» տրամաբանությամբ», որոշեց՝ չի բանակցելու։ Իր կամքն է թելադրելու թե՛ Ադրբեջանին, թե՛ միջազգային հանրությանը։ Եթե պատերազմ էլ լինի՝ կա իր բանկը եւ կան հուսալի դաշնակիցները։ Որ հակառակորդը նույնպես կարող է հուսալի բանակ ու հուսալի դաշնակիցներ ունենալ՝ հաշիվ չի։ Կարեւորն իր սեղանին դրված զեկույցն է։

Այս նույն մտածողության պատճառով էլ 44-օրյա պատերազմն օր առաջ դադարեցնելուն ուղղված քայլեր չէր անում, մերժում էր այդ ուղղությամբ հնչած առաջարկները։ (Ասենք՝ Պուտինի առաջարկը)։ Հավատացրել էր իրեն, թե մի վճռական ճակատամարտով ռազմի դաշտում բեկում է մտցնելու։ Հիշենք՝ պատերազմի ողջ ընթացքում ամեն օր էր այս մասին խոսվում։ Հիշենք, թեկուզ, արտասահմանյան լրատվամիջոցներից մեկի հետ նրա զրույցը, երբ պնդում էր, թե հենց զրույցի պահին հայկական բանակը բեկում է մտցնում։

Փաշինյանը, փաստորեն, մեկ դեպքում է իրատես՝ երբ խոսքն անձամբ իրեն է վերաբերվում, երբ իշխանություն ձեռք գցելու ու պահելու խնդիր կա։ Այս դեպքում նա խիստ հաշվենկատ է ու նպատակասլաց։ Իսկ երբ պետությանն ու երկրին է գործը հասնում՝ նա կարող է լինել իրականությունից կտրված, անպատասխանատու ու անհետեւողական, անգամ՝ անտարբեր։ Որովհետեւ արժեքների սանդղակում իր շահն առաջին հորիզոնականում է։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան