Վարկային բում, թե՞ կոռուպցիոն նոր սխեմա
Մինչ պատկան մարմինները ոչ վաղ անցյալի կոռուպցիոն սխեմաներ են բացահայտում, կարծես թե առավել բացահայտ՝ բոլորիս աչքի առաջ մի նոր կոռուպցիոն սխմա է գործում վարկային շուկայում։
Ոչ մեկի աչքից չի կարող վրիպած լինել քաղաքով մեկ ողողված «արագ», «շտապ», «առանց երաշխավորի», «տեղում», «անմիջապես» և այլ գաղթակղիչ գրառումներով գովազդային թերթիկները՝ վարկեր տրամադրելու մասին։ Եթե հաշվի առնենք նաև սոցիալական ցանցերում և սմարտֆոններում րոպեն մեկ հայտնվող նույնատիպ գովազդները, սխալված չենք լինի ասել, որ Հայաստանում այսօր «վարկային բում» է։
Փորձեցինք գնալ հայտարարությունների հետևից՝ խնդրելով օրինակ 1 միլիոն դրամ։ Լրացնելով ֆեյսբուքում գովազդով տարածվող առցանց լրացվող թերթիկը, մեկ ժամվա ընթացքում զանգ ստացանք։ Բարեհամբույր աղջկական մի ձայն 2-3 հարց տալուց հետո հավաստիացրեց, որ վարկ կարող ենք ստանալ, բայց դրա համար անհրաժեշտ է այցելել իրենց գրասենյակ։ Եվ քանի որ գրասենյակն այդ մեր գտնվելու վայրից հեռու չէր, որոշեցինք այցելել։ Քաղաքի կենտրոնում, սակայն մի խուլ անկյունում գտնվող գրասենյակում բարեմհամբույր ձայնով բարետես աղջնակն անմիջապես սկսեց ձևաթուղթ լրացնել։ Այնքան արագ էր կատարվում գործողությունը, որ կարողացանք գործավարին կանգնեցնել միայն վարկի պայմաններին ծանոթանալու խնդրանքից հետո։ Պարզվեց, որ գրասենյակն այդ միջնորդ կազմակերպություն է և միջնորդում է տարբեր բանկերին, մեզ՝ շարքային քաղաքացիներիս վարկ տրամադրել և վստահեցնում, որ հաշվված ժամերի ընթացքում գումարն անպայման ստանում ենք։ Եթե, օրինակ, մի բանկ մերժում է, փորձում են մեկ այլ բանկի հետ «լեզու գտնել», այնքան մինչև «գործը գլուխ է գալիս»։ Ու վերջ։ Տարբեր բանկերում վազվզելու փոխարեն քո այդ գործն անում է միջնորդ կազմակերպությունը։ Կարելի է սա ընդունելի համարել, իհարկե, եթե, մեծ գումար չուզեն։
Ի մի բերելով մի քանի նման կազմակերպությունների առաջարկած պայմանները, ստացանք հետևյալ ընդհանուր երկու պատկերը.
ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ.
- միջնորդ կազմակերպությունը տարեկան 8% է ավելացնում բանկից ստացված գումարին,
- միջնորդ կազմակերպության 8% տարեկան գումարը՝ 3 տարվա կտրվածքով, որ կազմում է 25%, վարկն ստանալու պահին տեղում պետք է վճարել իրենց։
Ստացվում է 1 միլիոն դրամ վարկ ստանալու համար փաստացի ստանում ես 750 հազար դրամ, այնուհետև, սահմանված ժամանակացույցով, որպես 1 միլիոն դրամ ստացած վարկառու՝ 1 միլիոն դրամին համապատասխան բանկի վարկային տոկոսներով հանդերձ, մարումների գործընթացը շարունակում ես բանկի հետ։ Միջնորդ կազմակերպության հետ այլևս գործ չես ունենում. նա իր գումարը տեղում վերցնում և դուրս է գալիս գործարքից։
ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ.
- Միջնորդ կազմակերպությունը (դարձյալ որևէ բանկի հետ) գործարքը կատարում է որևէ կենցաղային սարքավորում ապառիկ ձեռք բերելու միջոցով. այսինքն դու իբր 1 միլիոն դրամի ապառիկ հեռուստացույց կամ լվածքի մեքենա ես ձեռք բերում։
- Ապառիկի ձևակերպման պայմաններով 1 միլիոն դրամ ստանալու դեպքում միջնորդ կազմակերպությանն այս դեպքում վճարում ես գումարի 35 %-ը։
Ստացվում է 1 միլիոնի փոխարեն ստանում ես 650 հազար դրամ։ Այնուհետև սահմանված ժամանակացույցով, որպես 1 միլիոն դրամ ստացած վարկառու՝ 1 միլիոն դրամին համապատասխան բանկի վարկային տոկոսներով հանդերձ, մարումների գործընթացը դարձյալ շարունակում ես միայնակ՝ բանկի հետ։ Միջնորդ կազմակերպությունն այս անգամ վերցնում է իր 350 հազար դրամը ու այլևս նրա հետ գործ չես ունենում։
Լավ, ասենք միջնորդ կազմակերպությունն ու վարկառուն փոխհամաձայնության են գալիս և գործարքը կատարվում է՝ մեղքն իրենց ... Բայց ո՞րն է այստեղ կոռուպցիոն սխեման։
Երբ բարեհամբույր ձայնով բարետես աղջնակը հարցնում էր, թե ունե՞մ այլ վարկեր և եթե ունեմ, արդյոք մարելու ընթացքում ուշացումներ եղե՞լ են, պատասխանեցի, որ ունեմ 200 հազար դրամի ապառիկի վարկ, որը 1.5 տարի է մարում եմ ու տակն առանձնապես մարելու բան չի մնացել և խորհուրդ տվեցի իմ գումարի համար դիմել հենց այն բանկին, որտեղ ունեմ բարեխիղճ մարումների պատմություն, թեև ինքս էլ կարող եմ դիմել։ Այստեղ բարեհամբույր ձայնով բարետես աղջնակը նախ հարցրեց, թե որ բանկը նկատի ունեմ, և իմանալով՝ ասաց, որ այդ բանկն ինձ 1 միլիոն դրամ չի տա։ Սկզբունքի համար որոշեցի փորձել և մեկ ժամ անց գնացի իմ բանկն ու, իսկապես, ասացին, որ ինձ 1 միլիոն դրամ տալ չեն կարող և բավականին հիմնավոր փաստարկներ բերվեցին։
ՀԱՐՑ. Ինչու՞ և ինչպե՞ս է հնարավոր միջնորդ կազմակերպության միջոցով 1 միլիոն դրամի վարկ ստանալ հենց այն բանկից, որտեղ քեզ, նույնիսկ որպես բարեխիղճ վճարող, մերժում են։
Հոդվածի նպատակն այն չէ, որ կոնկրետ կազմակերպությունների և կոնկրետ մարդկանց նկատմամբ իրավական հետապնդում հարուցենք, ուստի նկարներում ծածկել ենք հեռախոսահամարներն ու կազմակարպությունների անվանումները։ Սակայն հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում 1 միլիոն դրամ վարկ ստանալու համար ստիպված էինք լինում 20-30% հավելյալ գումար վճարել «տակից գործ դզողներին»։
Հոդվածի նպատակն այն է, որ, թեկուզ պատկան մարմինների միջոցով, պարզաբանվի, արդյոք նախկինում «տակից գործ դզողների» 20-30% «վերխերն» այժմ էլ չի՞ պահպանվում վարկային, ինչ որ խուլ անկյուններում ծվարած մի փոքրիկ գրասենյակում գործող միջնորդ կազմակերպությունների միջոցով։
Արմեն Գևորգյան