Վերաքննիչ դատարանը ստացել է Քոչարյանի և մյուսների գործի նյութերը
Վերաքննիչ քրեական դատարանը երեկ երեկոյան մուտք է արել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի նյութերը: Դատարանի գրասենյակի պետ Աննա Աղայանը «Ազատությանը» փոխանցեց, որ էլեկտրոնային եղանակով գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին, որն էլ առաջիկայում որոշում կկայացնի այն վարույթ ընդունելու կամ չընդունելու մասին:
Գործի նյութերը Վերաքննիչ է փոխանցել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ով, հիշեցնենք, Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելուց երկու օր հետո կասեցրեց տվյալ գործի վարույթը և այն ուղարկեց Սահմանադրական դատարան:
Նախկին նախագահի խափանման միջոցի փոփոխության և գործը կասեցնելու դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել Գլխավոր դատախազությունը և Մարտի 1-ի զոհերի ու տուժողների ներկայացուցիչները:
Երկուշաբթի օրը Սահմանադրական դատարանը հաղորդեց, որ գործի նյութերը Դավիթ Գրիգորյանի կողմից համապատասխան գրություն ներկայացնելու դեպքում կարող են վերադարձվել: Երեկ էլ հայտնի դարձավ, որ դատավոր Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել Քոչարյանի գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ ուղարկելու համար:
Ռ. Քոչարյանի Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ: