Խաղաղապահները «Ուրան-6»-ի միջոցով ականազերծել են Ստեփանակերտի օդանավակայանը (տեսանյութ)
ՌԴ խաղաղապահ ուժերի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ռուս սակրավորները Ստեփանակերտի օդանավակայանի հատվածներից մեկի ականազերծման ընթացքում գործի են դրել «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրը: Դրա կիրառումն ապահովում է անձնակազմի ամբողջական անվտանգությունը և բարձրացնում է տեղանքը պայթունավտանգ առարկաներից մաքրելու աշխատանքների արդյունավետությունը:
Մեկ օրում ինժեներական հետախուզում և տեղանքի ականազերծում է իրականացվել նաև Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածում և Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ փողոցի շրջանում:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 80 հա տարածք, 24,8 կմ ճանապարհ, 168 շենք-շինություններ և 6 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 4 577 պայթուցիկ նյութ»,- նշված է հաղորդագրության մեջ: