Զառա Մարգարյան. Քաղաքական պատասխանատվության չափման տարօրինակ մեխանիզմը
Ինձ միշտ հետաքրքրել է քաղաքական պատասխանատվության չափման տարօրինակ մեխանիզմը։
90-ականներին, երբ պատերազմող երկրում լույս չկար, գազ չկար, սոցիալական պայմանները ծանր էին, հանրային դատավճիռը շատ հստակ էր՝ մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Նրան էին անիծում, նրա մասին էին լեգենդներ հորինում, նրան էին վերագրում երկրի բոլոր դժբախտությունները։
Հիմա արդեն ինը տարի է՝ ապրում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք տեղի ունեցած աղետների, ձախողումների ու կորուստների մեջ, բայց այստեղ պատասխանատվության տրամաբանությունը հանկարծ փոխվել է։ Պարզվում է՝ մեղավոր են բոլորը՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ռուսները, աշխարհաքաղաքականությունը, պատմությունը, աշխարհագրությունը, միայն ոչ գործող իշխանությունը։
Ավելին՝ նույնիսկ այն, ինչ այս իշխանությունն ինքն է հետևողականորեն փչացրել, օրինակ՝ հարաբերությունները Ռուսաստանի հետ, հասարակության մի հատված պատրաստ է վերագրել ում ասես, միայն ոչ այդ քաղաքական գծի հեղինակին։
Սա արդեն պարզապես հաջողված քարոզչություն չէ։ Սա քաղաքական պատասխանատվությունը լուծարելու բարձր արվեստ է։
Եվ, անկեղծ ասած, այս իշխանության փիառ ռազմավարության հիման վրա կարելի է առանձին ամբիոն բացել՝ «Ինչպես վերացնել պատճառահետևանքային կապը քաղաքականության մեջ» թեմայով։ Բացառիկ մեթոդաբանություն է։ Կարծում եմ՝ ամբողջ աշխարհից միլիոններ կտան՝ գալու և այս տեխնոլոգիան ուսումնասիրելու համար։


