«  Ապրիլ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Զոհված զինծառայողների ծնողները Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել (տեսանյութ)

Զոհված զինծառայողների ծնողները Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել (տեսանյութ)

Հայաստանյան զորամասներից մեկի հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների ծնողներն երեկ՝ ապրիլի 18-ին, բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց Անահիտ Մանասյանը` ԱԺ–ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո արցախյան պատերազմի զոհերի ծնողները որոշել են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ դատախազություն։

«Մեր որդիները զոհվել են 2020թ.-ի հոկտեմբերի 12-ին, Ջուղարլու կոչվող տեղանքում` հակառակորդի կողմից հարձակման ենթարկվելու հետևանքով։ 2022թ.-ի ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հարցերին պատասխանելիս հնչել են այնպիսի ձևակերպումներ, որոնք մեզ հիմք են տալիս հաստատված համարելու, որ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունները սկսել են իրականացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրդմամբ, ինչպես նաև նրա` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում»,– ասաց նա։

«Իմ տղան դավաճանության և ստի զոհ դարձավ, բայց ես հավատում էի իմ հայրենիքին, հավատում էի, որ իմ տղան տուն է գալու։ 1 տարի 6 ամիս իմ տղայի վերադարձին սպասելուց հետո, էսօր նա չկա։ Հիմա ես ակնկալում եմ, որ բոլոր պատասխանատուները, սկսած երկրի ղեկավարից և մյուս հրամանատարներից, պատասխան տան»,- ասում է Անուշ Մելիքյանը՝ զոհված զինծառայող Ռուբեն Պողոսյանի մայրը։

Այս հիմքով զոհված 19 զինծառայողների ծնողներ դիմում են գլխավոր դատախազին` քրեական գործ հարուցելու պահանջով։
«Մենք ակնկալում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազը մեզ պետք է ընդունի, մեր հարցերին պատասխանի և, բնականաբար, գործին տա ընթացք»,– ասաց Մանասյանը։

Ծնողները նշեցին, որ դատախազին ներկայացրած բողոքը բաց է, ու բոլոր զոհերի ծնողները կարող են միանալ դրան։

Ծնողների համոզմամբ` Նիկոլ Փաշինյանը, նախապես իմանալով պատերազմի հետևանքները, հնարավոր կորուստներն ու զոհերը, դիտավորությամբ չի կանխել պատերազմն ու իր անգործությամբ Ադրբեջանին դրդել է պատերազմ սկսել։

Հաղորդումը Դատախազություն հանձնելուց հետո գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարայանը ծնողներին հայտնել է, որ այսօր կկապվի նրանց հետ և տեղյակ կպահի գործի ընթացքից։

Հիշեցնենք` ապրիլի 13-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր 44–օրյա պատերազմում զոհվածների թիվն ու ասել, որ ընդունել է իր մեղքն ու պատասխանատվությունը պատերազմի ու պարտության համար։ Բայց չի ընդունում ընդդիմության` իրեն հասցեագրած մեղադրանքները` 2020թ.–ի նոյեմբերի 9-ից հետո հողերը հանձնելու ու դավաճանության մեջ։

«Ինձ ասում էին՝ կարո՞ղ էինք կանխել պատերազմը, այո, կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ պատերազմում զոհվել է 3800 զինծառայողներ, անհայտ կորել 100-ից ավելի անձինք, գերեվարվել 500-ից ավելի զինծառայողներ ու քաղաքացիական անձինք, հաշմանդամ դարձել 11 000-ը։